MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Tomorrow:+15 °C
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ
19:13, 13.07.2017
4788 | 0

ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ

/ պատմվածք/

Ես վերադառնում եմ ծովափնյա քաղաքից նույն գնացքով ու նույն համայնապատկերով, միայն այս անգամ ավելացրած գլխացավս: Երբ ես մենակ եմ ու տխուր, ինձ այցելում է այս սարսափելի գլխացավը: Իսկ մենակ ու տխուր եմ, երբ դու ինձ հետ չես: Ստացվում է՝ ես պետք է նույնիսկ երջանիկ լինեմ այդ գլխացավի համար, քանի որ քեզնից ինչ-որ բան արդեն ունեմ: Եվ արագիլների չար կռնչոցը միայն առիթ էին գլխացավի համար, բայց ոչ պատճառ: Իսկ ավելին արդեն չեմ կարող պատկերացնել, ի վիճակի չեմ, չե՜մ էլ ուզում: Ուզում եմ միայն հեկեկալ:
Իսկ այդ ամենը սկսվեց, երբ սովորական հաշվապահի մասնագիտությունս փոխեցի ստեղծագործ նկարչուհու մասնագիտության հետ, իսկ գազօջախս` նկարներով: Եվ իմ երկար տարիների վսեմ, առաքինի ժուժկալությունը վերածվեց հրաբխող կրքերի ժայթքող խառնարանի: Եվ սա քեզնից էր, որովհետեւ դու վարակեցիր ինձ քո դիվական մոլագարությամբ ու բռնկունությամբ, եւ քանդեցիր այն վսեմ կառույցները, որ Տերը կառուցել է իմ մեջ: Եվ ցավալին այն է, որ ես չէի էլ դիմադրում, ես տենչում էի դրան: Կի՛ն, երբե՛ք մի թույլ տուր, որ մարդը ավերի քո մեջ այն, ինչ ԵՐԿԻՆՔՆ է կառուցել, հիշի՛ր թշվառիս, ու խղճա՛ քեզ:
Ես տեսա ՔԵԶ, միանգամից տարվեցի քեզնով, քո քանդակներն այնքան գեղեցիկ էին։ Կարեկցող աստվածային աչքերով քո Հիսուսները երկնային էին, մի՞թե մարդ կարող էր այդպես խոսեցնել քարը` այն վերածել Կարեկցանքի ու Սիրո աղբյուրի: Ես մտածեցի, որ դու այդպիսին ես, ինչպիսին քո ստեղծագործություններն են: Հաշվապահի՝ տարիներով վարժված սթափությունս նահանջեց. ես ամբողջ հոգիս, սիրտս, մարմնիս յուրաքանչյուր բջիջը վստահեցի Քեզ... Միամի՜տ հաշվապահ...
Դու ասացիր, որ իմ նկարած ծաղկեփնջերն անուշիկ են, բարձրաճաշակ, ինչպես ես ինքս, որ նրանք ավելի լավն են, քան Նյու-Յորքում մի քանի տարի առաջ մեծ անուն հանած այն նկարչուհու ծաղիկները: Նաեւ, որ նրանք անպայման շատ լավ կվաճառվեն, քանի որ ծաղիկների ժանրը ավելի շահեկան է, քան նատյուրմորտները, ձկները, պեյզաժները... Երեւի սա միակ ճշմարտությունն էր, որ հնչել էր եկել քո շուրթերից: Որովհետեւ ի զարմանս ինձ ծաղիկներս սկսեցին վաճառվել բոլոր հնարավոր աճուրդներում: Քո գոյության շնորհիվ ծաղկեփնջերս դարձել էին ավելի գեղեցիկ: Եթե նրանք սկզբում կենդանի էին ու հյութեղ, ապա հետո ընդունեցին տարօրինակ ձեւեր ու գույներ, նրանք այնպիսին էին, որ երբեւէ Երկրի վրա չեն աճել, կարծես թե նրանց մեջ թաղված էր հեռավոր թարթող աստղերի ու մոլորակների խորհուրդը: Նրանք դարձան տիեզերական, ոչ երկրային: Ես սովորական կնոջից վերածվեցի տարօրինակի, գուցե «վհուկի», որովհետեւ սովորական կինն ի վիճակի չէր այդպես նկարելու, եւ այդպես սիրելու... Երեւի դեւի հետ ընկերություն անող կինը դառնում է դիվային։
Հետո ինձ տարար Սումբերլանդ, որտեղ մեր կարոտները թանձրացան ու բարձրացան քնած ապարանքների կտուրներին: Աստղերի լուսացոլքը երգում էր մի խելացնոր
սիրավեպ` քանդակագործի ու նկարչուհու մասին, իսկ լուսամփոփների գունատ լույսերը կրկներգում էին. «Մենք երջանկության ու սիրո մանուկներ ենք» ։
Եվ հետո... Վերջ:
Հետո բժիշկները գտան, որ իմ գլխացավը բնավ քեզ հետ կապ չունի։ Ես ամբողջ էությամբ դեմ եմ նրանց ախտորոշմանը, որովհետեւ այն անմիջապես սկսվեց, երբ ես ծանոթացա քեզ հետ։ Կարծես աշխարհի բոլոր եղկության ոգիները հարձակվեցին գլխիս վրա:
Բժիշկներն իհարկե չեն ընդունում եղկության ոգիների գոյությունը, բայց ես գիտեմ, որ նրանք կան:
Նրանք ասում են, որ դա պարզապես պատահական դեպքերի զուգադիպություն է։ Ես համաձայն չեմ, որ քո՛ ներկայությունն իմ կյանքում պատահականություն է: Նաեւ չեմ հավատում պատահական գլխացավին:
Նրանք ասում են, որ գլուխս ցավում է, որովհետեւ քթիս մեջ որտեղից որտեղ ինչ-որ գոյացություն է աճել, որ ենթակա է վիրահատման։ Հավանաբար այդ գոյացությունը վաղուց կար: Բայց ինչու՞ հիմա հիշեցրեց իր գոյությունը:
Ես հոգուս խորքում կասկածում էի, որ այս վիրահատությունը լավ չի լինելու, որովհետեւ վիրահատությունից առաջ փոխանակ հոգով աղոթելու Ամենակարող Տիրոջը, ես մտածում էի միայն քո մասին, մտքումս անընդհատ կռվում էի քեզ հետ, այսինքն՝ կռվում էի մարմնիս հետ, որովհետեւ դու դարձելի էիր մարմնիս անբաժանելի մասը, որն անընդհատ հիշեցնում էր, որ դու կաս` դա ինձ ցավ է պատճառում: Ես լացում եմ իմ կորցրած ներդաշնակության համար. ուրախ, տնական մի անուշ ծաղկեփունջ էի, որտեղ ամեն ծաղիկ, ամեն գույն դրված էր ճիշտ տեղում։ Դու խառնեցիր բոլոր ծաղիկներս ու գույներս, եւ այն թողեցիր կիսատ: Ու անհետացար... Ես երեք անքուն գիշեր անցկացրի, մինչեւ այդ չարաբաստիկ վիրահատությունը: Նույնիսկ ուրախ էի դրա համար, քանի որ դա միակ ելքն էր թեկուզ մի քանի ժամով մոռանալու քեզ։
Ես ետ եմ ուզում իմ մենակությունը, որը նաեւ ի՛մ ազատությունն ու ի՛մ ուժն էր: Ավաղ, այն արդեն չկա, որովհետեւ դու ավերեցիր ԻՄ ամրոցը, որի անունը` ԵՍ էր, ու փոխարենը ոչինչ չտվեցիր, որովհետեւ` ես ու դու երբեք ՄԵՆՔ չենք դառնա:
Երկժամյա վիրահատությունը տեւեց վեց ժամ, որովհետեւ տարօրինակ ուռուցքը ճյուղեր ուներ այտերիս մեջ:
Հենց նոր հիվանդանոցից տղաս ավտոմեքենայով մոտեցավ մեր տանը: Ես չեմ կարողանում շարժել աջ ոտքս ու ձեռքս` թմրել են։ Բժիշկներն ասում են, որ կվերականգնվի, բայց տղաս մտահոգ է: Տղաս բացել է ավտոմեքենայի դուռը եւ Սումբերլանդից մեղմ քամիներ են փչում դեպի իմ խոշտանգված, անշարժ դեմքը` ես նորից զգում եմ ինձ շոյող քո ձեռքերը: Ես չեմ կարող ու չեմ ուզում ներս գնալ: Ուզում եմ, որ Սումբերլանդից եկող քամիներն անվերջ շոյեն ինձ, որովհետեւ դա երեւի միակ բան է, որ ինձ մնաց քեզնից։ Բայց սա ՍՈՒՏ է, որովհետեւ Սումբերլանդը գտնվում է հովտում, իսկ քամիները փչում են սարն ի վեր եւ ո՛չ թե հակառակը:
2
3
Ասում են` սրտի ավելցուկից խոսում են շուրթերը, մեր դեպքում` ձեռքերը, որովհետեւ մինչեւ այս չարաբաստիկ վիրահատությունը ես չէի կարողանում նկարել նույնիսկ «կախարդական ծաղիկներս», այլ նկարում էի միայն Սումբերլանդի հովիտը, որտեղ մենք միասին էինք:
Իսկ քո ստեղծագործություններում ես չկամ ու չեմ լինելու. այնտեղ միայն նեղաչք չինուհիներ են, որոնք այնքա՜ն նրբագեղ են։ Ինձ զգուշացրել էին, որ նրանք քո թուլություններն են։ Ո՞րն է իմ սխալը, մի՞թե մեղավոր եմ, որ թեք կորություններով կանացի մարմին ունեմ, իսկ քեզ դուր են գալիս դեռահասի չկազմավորված մարմնով կանայք:
Մենակություն + Մենակություն երբեք չի կարող = լինել Սիրո:
Այն վերածվում է քառակուսի մենակության, անբուժելի մենակության...
Քամիները շարունակում են փչել ու շոյել ինձ, ես անուժ եմ ու թույլ, եւ չեմ կարողանում շարժվել: Եթե նրանք չեն փչում Սումբերլանդից, ապա որտեղի՞ց կարող են փչել։ Ես հասկացա, որ փրկարար քամիները կարող են փչել միայն լեռներից. «Ոտքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գայ։ Իմ օգնությունը պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքը ու երկիրը» (Սաղմոս 120 1-2):
Հենց այս վայրկյանին, երբ մտածում էի լեռներից փչող փրկարար քամիների մասին, տղաս՝ իմ միս արյունս, իմ հարազատս, բռնեց աջ ձեռքս եւ սկսեց շոյել այն: Ի՞նչ անբացատրելի ջերմություն, ինչպիսի՞ հարազատություն հորդեց նրանից դեպի ինձ: Թմրած մարմինս կենդանացավ: Արյա՛ն ձայն, սա աշխարհի ամենակարեւոր ձայնն է։Տղայիս հենված մտանք տուն։ Տղա՜ս, ես կառողջանամ. զղջման ու ապաշխարության տաք արտասուքով կլվամ իմ տան բոլոր մեծ ու փոքր իրերը, բոլոր ծածուկ, մութ անկյուններս կողողեմ ու կսրբեմ արցունքներով: Ես կհրաժարվեմ ամեն ինչից. կհրաժարվեմ, որ կին եմ, որպեսզի իմ պատճառով Քեզ ոչ մի պիղծ բան չկպնի` Արեւ՜ս, Սե՜րս:
Ես հասկացա, որ Տերը արարեց մեզ, որովհետեւ նա նույնպես մենակ էր, Ամենակարո՜ղ Տերը մենակ՝ ինչպես մենք ենք հաճախ: Նա յուրաքանչյուրիս մեջ դնում է իրենից մի փոքր մաս, որպեսզի կարողանա շփվել մեզ հետ։ Իմ մեջ Կարեկցանք ու Սեր, իսկ քո մեջ միայն Արարելու հանճար: Գուցե քեզ հետ շփվելով՝ ես առնչվեցի արարչությանը։ Իզու՜ր եմ հեգնում, չէ՞ որ իրականում` իմ ու քո հանդիպման արդյունքում խոր փակված ծաղիկները արթնացան ու վերածվեցին հրաշք նկարների:
Քեզ հետ իմ շփումը արդեն այնքա՜ն կարեւոր չէ, ավելի շուտ՝ վտանգավոր է ու ոչ ցանկալի ինձ համար։
Իսկ Տերը կլցնի իմ մենակությունն իր լեցունությամբ, ներդաշնակությամբ, սրբությամբ ու կարեկցանքով:
Ես իմ ջերմեռանդ աղոթքներում միշտ կհիշեմ քո մասին, կաղոթեմ Քեզ համար, որպեսզի չարքերը քեզ հանգիստ թողեն, եւ որպեսզի Տիրոջ ի վերուստ նախասահմանված հանճարեղության կնիքը ավարտի իր սկսած գործերը...


The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8720 | 0
21:33, 14.11.2017
7766 | 0
21:25, 14.11.2017
9381 | 0
08:10, 14.11.2017
7163 | 0
20:25, 13.11.2017
9900 | 0
19:33, 13.11.2017
10819 | 0
18:25, 13.11.2017
8413 | 0
21:15, 12.11.2017
8326 | 0
22:53, 11.11.2017
17204 | 0
20:52, 11.11.2017
7401 | 0
20:11, 11.11.2017
7720 | 0
16:10, 11.11.2017
8666 | 0
10:42, 11.11.2017
8143 | 0
17:13, 10.11.2017
8876 | 0
15:20, 10.11.2017
11071 | 0
15:39, 09.11.2017
7958 | 0
21:54, 07.11.2017
7951 | 0
16:32, 06.11.2017
8512 | 0
14:24, 03.11.2017
7507 | 0
to top