MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ԻԳՆՍՏ ՄԱՄՅԱՆ
22:07, 19.08.2017
4512 | 0

Հ Ա Յ Ը

Քրիստոնյա երկրի գմբեթների վրա
Զրնգում են խաչերն աղետալի ճիչով.
Բիբլիական լույսը աչքերի մեջ վառած`
Ո՞ւր է գնում հայը
Ալեկոծված դարի տագնապների միջով:

Ո՞ւր է գնում հայը.
Դեմը՝ դավեր ու ոխ,
Սև չարության ամպն է դեմքին շնչում,
Կաղկանձում են շուրջը կրքեր ասպատակող
Ու ձորերից լուսնի շնագայլն է հաչում:

Նրա հայրենիքը դաժանորեն ճեղքվեց,
Նրա հույսը ճչաց կործանումի ցավով,
Եվ անգղեր թռան վայրի խավարներից‘
Ծվատելու նրա հավատն աղետավոր…

Սակայն իր հին երկրի ահեղ արհավիրքից
Այն քաջի պես, որին… չեն սպասում արդեն,
Արյունոտված ծնկով նա բարձրացավ կրկին
Ու իր ճշմարտությամբ կանգնեց աշխարհի դեմ:

Հա՛յը…
Մեկն իր սերն է պարզում կարեկցանքով,
Մեկն իր հացն է կիսում տվայտումով հոգու,
Բայց քո ճշմարտությամբ ու քո տառապանքով
Միայնա՛կ ես դու, հա՛յ, ամբողջ տիեզերքում…

… Խռիվ հորիզոնում—
Թշնամություն ու մաղձ,
Գահավիժող կուռքեր, խոշտանգվողի ցասում.
Ո՞ւր է գնում՝ ցավը ատամներով սեղմած,
Անվերջ կորուստների պատարագը ներսում:

Հայը՝ գրի մշակ,
Քարի պատգամախոս,
Միշտ իր երկնավորի խոհակիցը հլու—
Ո՞ւր է գնում այսպես վիրավոր ու ըմբոստ
Ու պատմության համար այսպես վրիժառու:

Ի՞նչ էր ուզում հայը.
Հղել նրանց հոգուն
Խաչված արդարության տառապանքը վերին,
Սակայն ո՞վ էր նրա ցավին արձագանքում,
Ո՞վ էր լսում ձայնը նրա մորմոքների:

Նրանց հայացքներում — օտարության փշեր,
Նրանց հոգիներում—նիրհող անդորրություն,
Մեկն ավազում թաղած իր ոսկին էր հիշել,
Մեկն՝ իր ապարանքը թաքուն լեռնահովտում…

… Եվ գնում է հայը —
Չհասկացվա՛ծ, մենա՛կ,
Օ՛, մի մռայլոտվեք շշուկներով մթին,
Նա ոխ չունի քո դեմ, անապատի զավակ,
Նա քո թշնամին չէ, տափաստանի որդի:

Նրա տանջանքի մեջ —
Արյունոտված խաչեր,
Նրա հողմոտ կրծքին — տրոփյուններ վերքի,
Նա չի խնդրում հույսի կարեկցական կանչեր.
Նա չի փնտրում ուրիշ դրախտային երկիր:

Հայը պիտի գնա՛ մրրիկների միջով,
Հայը պիտի հասնի՛ այն խորքերը խորին,
Որտեղ դարեր առաջ վայրենական ճիչով
Թաղեցին իր բախտի նշխարն արևային:

Ու կտեսնենք մի օր—
Գագաթներին Մասյաց,
Ուր ելնում էր մի նոր արեգնացյալ կացին,
Մեր հավատն է հառնել՝ աշխարհներին պարզած
Հայոց ճշմարտության մարգարտացոլ խեցին:

ԴԵՐՎԻՇԸ

Մաշված լաթերի պես նետած ավազներին
Մեր երազները խեղճ ու կարոտներն անտուն,
Հոգնած հայացքներս մթնող հորիզոնին՝
Մենք սպասում էինք Անապատի Մարդուն։

Իմաստունի, մոգի շքեղ պատմուճանով
Նա գալու էր սիրո գավազանը ձեռքին,
Կախարդելու էր մեզ աստեղային ձայնով՝
Փոխարկելով մեր մեջ հառաչանքը երգի։

Ու երբ բլուրներին իջավ լուսնի թախիծ,
Երբ հեծկլտաց Ոգին ավազներում հեռվի,
Խավար անապատի ահեղ լռությունից
Չարչարանքով ելավ մի աղետյալ դերվիշ…

Քամիներից կքած, դեմքին արյան բծեր,
Անտես խարազանի շառաչները մեջքին,
Մերկ մարմընի վրա ողորմելի քրձեր՝
Նա գալիս էր ասես տառապանքի խորքից։

Նա, որ պիտի ցավոտ մեր վերքերը բուժեր
Ու բորբոքեր հույսի կրակները մարող,
Բոբիկ ոտքերի մեջ անապատի փշեր՝
Օրորվում էր մեր դեմ այդ ամենի կարոտ…

Եվ լոկ հայացքն էր, որ — անհունորեն վճիտ,
Մարմնի ավերակից երանելի շողաց…
Հավաքեցինք ջրի կաթիլները վերջին
Ու տվեցինք հացի փշրանքները եղած…
Երբ չարաչար խաբված՝ շրջվում էինք դարձյալ
Դեպի մորմոքը հին — դեպի ծառերը չոր,
Մեր պաղ հոգիներով մի ղողանջյուն անցավ
Ու մեզ լցրեց շքեղ գաղտնիքների շնչով…

— Ո՞վ էիր դու, եղբա՜յր…— տնքում էինք լռին
Եվ պատասխան չկա՜ր մեր կանչերին տրտում,
Տխրալույս էր միայն թափվում բլուրներին,
Եվ խո՜ւլ ոռնում էին հողմերն անապատում։

© Իգնատ Մամյան
«Վայրի Մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8825 | 0
21:33, 14.11.2017
7897 | 0
21:25, 14.11.2017
9528 | 0
08:10, 14.11.2017
7301 | 0
20:25, 13.11.2017
10044 | 0
19:33, 13.11.2017
10947 | 0
18:25, 13.11.2017
8529 | 0
21:15, 12.11.2017
8463 | 0
22:53, 11.11.2017
17397 | 0
20:52, 11.11.2017
7514 | 0
20:11, 11.11.2017
7826 | 0
16:10, 11.11.2017
8766 | 0
10:42, 11.11.2017
8242 | 0
17:13, 10.11.2017
8988 | 0
15:20, 10.11.2017
11223 | 0
15:39, 09.11.2017
8072 | 0
21:54, 07.11.2017
8046 | 0
16:32, 06.11.2017
8629 | 0
14:24, 03.11.2017
7613 | 0
to top