MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Երջանկության անցողիկ ակնթարթ
08:49, 18.04.2020
2358 | 0
Երջանկության անցողիկ ակնթարթ

Խանութում լսեցի մի խոսակցություն, որից հիշողությանս մեջ մնաց միայն մի արտահայտություն, այժմ չեմ հիշում ինչի մասին էին նրանք զրուցում, բայց այդ արտահայտությունը ականջիս հասավ, մխրճվեց սրտիս մեջ, այն տխրեցրեց ինձ այնպես, ինչպես շատ տարիներ առաջ, վերհիշեցի ամենը … Ինչու՞ դիմանալ ցավին, եթե կարելի է խուսափել դրանից … երևի դու էլ չդիմացար հոգեկան ցավին, չդիմացար ու լքեցիր՝ խուսափելով կրկին վերապրել այդ ամենը, լքեցիր ու խորտակեցիր, կործանեցիր ինձ, նրան, ով ամենուրեք ու բոլորին միայն ցավ է պատճառում ... Դեմքիս վրայով սահեց քաղցրադառը հիշողության ստվերը և անխոս ու արագ հեռացա այդտեղից` մոռանալով ինչի համար էի եկել խանութ, սակայն տուն չգնացի, թափառում էի փողոցներում, ծխախոտ ծխում, փորձում չհիշել այն երեկոն, միակ ու անկրկնելի երեկոն ամբողջ կյանքումս. ինչու՞ հեռացար, ինչու՞ գնացիր, ու՞ր հեռացար … Իսկ հիշու՞մ ես, որ դպրոցի ավարտականին քեզ համար իմ սերը պատրաստեցի, չէ՛, չէ՛, մի՛ զարմացիր, չե՛մ ցնորվել, ես խենթանում էի քեզ համար, հիշու՞մ ես մի անգամ ասել էիր, որ կոնյակ ես սիրում, իսկ ես գինի էի սիրում, ես խառնեցի դրանք իրար և հաճույքով խմեցինք, ե՛ս, քանզի դա քեզ համար էի պատրաստել, ներդնելով ողջ սերս ու նվիրումս, խմում էի հաճույքով, կարծես դա ամենաընտիր խառնուրդն էր, խոհանոցային ամենամեծ գլուխգործոցը, գիտե՞ս հետո` քո անհետանալուց հետո, մի անգամ, երբ տխուր էի, երբ ունեի քո կարիքը, խառնեցի այդ երկու խմիչքները, խմեցի և գիտե՞ս ինչ եղավ, փռթկոցով թափեցի բերանիցս գորգին, այդ հետքը մինչև այժմ էլ մնացել է (թեև հետո հնարավորին չափ մաքրեցին), գիտե՞ս ինչ եմ ես հիմա մտածում, ես հասկացա հենց հիմա, որ ես այն ժամանակ խմում էի իմ սերն ու աչքերով քեզ էի խմում, սիրո ըմպելիք էր դա, իսկ դու դյուրահավատորեն և միամիտ անկեղծությամբ ըմբոշխնում էիր քո անուրջներն ու երազները ընկերներիդ շրջանակում և ամենայն հավանականությամբ մտածում` ինչպիսի՜ հետաքրքիր խմիչք, ինչպիսի՜ անսովոր համ, դու այն վերցնելով ինձանից՝ նայեցիր պայծառ աչերով և շնորհակալություն հայտնեցիր, իսկ ես նայում էի քեզ ապշած, վերացած, մոռացված, արբած հայացքով այն աստիճան, որ անգամ չասացի` խնդրե՜մ, ես միայն նայում էի, իսկ դու ժպտացիր ինձ … մինչդեռ արժանի չէի ես այդ ժպիտին ու շնորհակալությանդ, անգամ քեզ նայելուն ... Թու՜հ, ջրափոս, լրիվ կեղտոտվեց կոշիկս ու շալվարիս փողքը, հե՛րն անիծած ի՛մ էլ, շալվարի՛ էլ, ամբո՛ղջ աշխարհի էլ ... Ոչի՛նչ …ընդամենը շալվար է, կլվացվի, կմաքրվի, իսկ քո գնալուց հետո իմ սիրտն է աղտոտվել ու այն չի մաքրվի, ես փոխվե՛լ եմ, երբեմն –երբեմն ինքս ինձանից զզվում եմ, նույնիսկ խուսափում մենությունից, լռությունից, ինքս ինձանից ու նողկում, դատապարտում և նույնիսկ այժմ էլ եմ ինձ քննադատում, որ փորձում եմ իմ մեղքը վերագրել քեզ, բարդել քեզ վրա, բայց ...ես սիրում էի քեզ ...իսկ դու հեռացար ... այժմ այն չեմ, ում որ սիրում էիր, եթե իհարկե սիրում էիր… Գիտե՞ս, սկզբից շատ էր ցավում սիրտս, ես նույնիսկ տարվեցի հարբեցողությամբ, իսկ երբ հարբում էի, ինձ թվում էր, թե կողքիս ես, ինձ հետ, և երբ այլ աղջիկների հետ մոռացության գիրկն էի նետվում հարբած, ես քեզ էի միայն զգում, նույնիսկ լինում էր, որ մի քանի գիշեր տուն չէի գնում, կորչում էի անհայտ, բայց և հայտնի ուղղություններով (մի՛ մտածիր, թե ըստ իս լավ բան եմ արել, բայց խնդրում եմ` չդատապարտե՜ս), հիմա կհարցնե՞ս ինչու եմ ես քեզ դա պատմում, կամ ինչու՞ եմ ինձ դնում զոհի տեղ, ո՛չ, ես զոհ չեմ, չեմ էլ եղել, ուղղակի հասկացիր, եթե դու չգնայիր, ես այդքա՜ն, այդ աստիճան չէի գլորվի, վայր չէի սահի... Խմում էի, հարբում, օրերով քնում, խոզի նման ապրում, անբարո կյանք վարում ... Հիրավի, այդ մի քանի շաբաթն իմ կյանքի ամենադժբախտ, ամենավատ ու անտանելի օրերն էին, թեև փորձում էի մխիթարանք գտնել, բայց չէր հաջողվում, ես ինձ ուղղակի չկարողացա ներել, իսկ հետո կրկին խմիչք և գիտե՞ս ես այն ժամանակ չէի մտածել, բայց հիմա այսպես վերլուծելիս՝ ես հասկացա, որ հիմնականում կոնյակ էի խմում, թեև գինի էի սիրում ... Ընդ որում մի քանի րոպեով ստիպված եմ ընդհատել պատմությունս, մտնենք մի քանի բաժակ խմեմ այս գինետանը . -Ինձ կոնյակ...էլի՛ ...էլի՛...էլի՛ ... Ինչպես տեսնում ես ես լրիվ չկարողացա թոթափել, հետ վարժվել այդ վատ սովորությունից, հրաժարվել դրանից, քո գնալուց հետո կամքս այլևս չի բավականացնում, քո հեռանալուց հետո այն ևս հավաքեց իր փասափուսեն ու լքեց ինձ, լքեց այնպես, որ երբ որոշեցին ամուսնացնել ինձ (որպեսզի խելքի գամ, հասունանամ, մտածում էին, որ պարտավորություններն ու պատասխանատվությունը կսթափեցնեն ու կլրջացնեն ինձ, ի՜նչ ասեմ, զուր հույսեր դուրս եկան, ես հուսախաբ արեցի բոլորին, բոլորի՜ն), ես ծառս չեղա, չհակաճառեցի, ես լռեցի և ամուսնացա, իսկ այժմ կնոջս եմ խղճում, ես այլևս այն մարդը չեմ, ժամանա՞կը, թե՞ դու ինձ փոխեցիք հիմնավորապես, գլխիվայր շուռ տվեցիք ... բա՜, այսպիսին է կյանք կոչվածը, սիրում էի քեզ, իսկ այժմ կին ունեմ, երկու աղջիկ և տղա, որն անսահման նման է ինձ, կարծես իմ պատանեկության հարությունը լինի, գրեթե նույնը, ինչ –որ մի ժամանակ մեկը, որը գրկեց քեզ գիշերներից ամենամութ և ամենալուսավոր գիշերում: Այնպես կուզեի տեսնել քեզ, դու էլ փոխված կլինես անշուշտ, իսկ մի՞գուցե կյանքի բեռից դեմքդ էլ ծերացած և կնճռապատ լինի, չէ՛, մտափոխվեցի, ուզում եմ քեզ հիշողությանս մեջ պահել, ինչպես սրբություն, կատարելություն, այնպիսին, ինչպիսին այն գիշերն էիր, երբ եկա քեզ մոտ, հիշում եմ` դու նեղվեցիր, որ այդ ուշ ժամին եկել եմ, չէիր ուզում բացել դուռը, մի՞գուցե զգում էիր մոտալուտ վտանգը, թե՞ համեստությունդ թույլ չէր տալիս, իսկ ես ծեծում էի ավելի ու ավելի ուժգին, ների՜ր ինձ, ների՜ր, դու կամա թե ակամա բացեցիր այն, երևի հարևանների մոտ խայտառակ չլինելու և նրանց չանհանգստացնելու պատճառով … շտապով, առանց երկար կշռադատությունների, դուռը բացեցիր, ժամանակ չէի տալիս մտածելու համար, բախում էի, հարվածում, հարկերով մեկ գոռում, կրկնում անունդ, բացեցի՜ր, իմ միամի՜տ աղջիկ ... քո հագին մարմնագույն կարճ շապիկ էր, ես ներս խուժեցի, նայեցի քո մերկ, բաց, ողորկ ու ձիգ ոտքերին և սիրտս սկսեց վայրի ձևով բաբախել, ես կորցրի ինքնատիրապետումս, գրկեցի քե՜զ, քո բարակ մեջքը և դու հազիվ հասցրեցիր հանգցնել լույսը, ների՛ր, սիրե՜լ եմ, մեղավո՛ր եմ, և ավելի քան արդար էր քո հատուցումը, քո մարմինը, ինչպես լուսնի նուրբ ու բարակ շող հալվում էր գրկումս, իսկ ես չէի նկատում քո դողը, բայց այժմ հասկանում եմ սխալիս հրեշավորությունը, դու միամիտ ու անգին աղջիկ, ես քո առաջին տղամարդն էի, որը փշրեց քո հեքիաթները սիրո մասին, երևի կյանքդ էլ փշրեց... -Էլի՛...Էլի՛ ...Էլի՛ ... -Բավ չէ՞, ընկե՛ր, կկարողանաք տուն հասնել ... Տու՞ն, ի՞նչ տուն, ես իմ անհամբերությամբ ու անհավասարակշռությամբ վաղուց եմ քանդել իմ տունը, ների՛ր ...ես հիշում եմ մարմնիդ պաղությունը, ես փորձում էի բռի տաքացնել փաթիլի սառնությունը, իսկ արդյունքում այդ լուսափայլ էակին հալեցրի իմ տաքությամբ, իմ անպաշտպա՛ն մանկիկ... Հեռու էիր տանից, հեռու ամենքից, եկել էիր սովորելու տան միակ զավակ, մարդ դառնալու մեծ քաղաքում և ավելի քան ունեիր պաշտպանության կարիք, իսկ ես եղա առաջինը, որ քեզ անսահման սիրելով` նեղացրեց ու խոցեց ... Ավելի քան արդարամիտ էիր դու, ավելի, քան որևէ դատավոր թե՛ երկրային, թե՛ երկնային ատյաններում ... Եկար սովորելու, ես էլ գիժ սիրահար, եկա քո հետքերով, քո հետևից, քո կուրս, քո մոտ, քո հոգին տակնուվրա անելու, ների՜ր ... Երկար էի սիրել քեզ, երկար տանջվել այդ անորոշությունից և չդիմացա ... Վերջին կուրսն էր, հիշու՞մ ես երևի թե կյանքիդ ամենադժբախտ օրը …և լուսին չկար երկնքում... Այժմ էլ ծխում ու խմում եմ իրար հետևից, առանց դադար տալու, իսկ փոքրիկ աղջիկս իր ոսկեփայլ խոպոպները բարձի վրա շաղ տված երևի սպասում է իմ վերադարձին, իսկ ես չկա՜մ, ոչի՜նչ փոքրիկս, կամաց –կամաց սովորիր, որ կյանքը հեքիաթ չէ, որն ամեն երեկո կարդում է քո սիրելի հայրիկը, սովորի՛ր մանչու՜կս, որովհետև վաղն ինձ նման մի անշնորհք էլ կխեղաթյուրի քո՛ հոգին ու ներաշխարհն իմ հրաշքի ... Անկեղծ ասած` այն օրն արիության համար մի քիչ խմել էի ու հարբած էի փոքրինչ, այդ իսկ պատճառով էլ երևի ուշադրություն չդարձրեցի թախծով լի քո լռությանը, մարմնիդ դողին ու երկնային աստղերի լույսի տակ աչքերիցդ սահող կաթիլներին, մի՞գուցե այժմ դրանք ինձ թվում են կամ էլ իրոք գլորվել են քո աննման դեմքից, չե՛մ կարող ասել, բայց ես այդ պահին ուշադրություն չդարձրեցի ամենագլխավորին, ես կրքի գերին էի, դու` իմ, իսկ առավոտյան դու անհետացել էիր, ինչպես լուսնի արծաթազօծ ճաճանչը արևի ոսկեղեն շողերից, դու չկայի՜ր, իսկ ես նույն կրքի գերին էի, և այդժամ, երբ չգիտեի ու՞ր ես, ու՞մ հետ, ինչու՞, ինչպե՞ս ես, ես ավելի խորը սկսեցի սիրել քեզ, քանզի կորցրի անվերադարձ... Ինչպես նշեցի հետո քարշ էի գալիս և զբաղվում հարբեցողությամբ ... Կորցրել էի քեզ, կորցրել ինձ, կորցրել աշխարհը, վերջին կուրսն էր, մենք ավարտում էինք, իսկ դու ուսումդ իմ պատճառով կիսատ թողեցիր և անհետացար, ես գնացի մեր մանկության քաղաք, վախվորելով ծեծեցի ծնողներիդ դուռը, չէի վախենում ծնողներիդ քայլերից, խոսքերից, ահաբեկումներից, վախենում էի քո աչքերին նայելուց, բայց ամբողջ սրտով աղոթում էի, որ լինես այնտեղ, բայց ծնողներդ բավականին սիրալիր ընդունեցին ինձ, հյուրասիրեցին նույնիսկ (իհարկե ես ոչինչ չկերա, քանզի կուլ չէր գնա), այդ ամենից ես եզրահանգում կատարեցի, որ դու ոչ ոքի չես ասել նախորդ օրվա մասին, գիտե՞ս դրանից սիրտս ավելի ուժգին սկսեց բաբախել, ես զգացի քո լռության բեռը և վեհ հոգուդ անհասանելիությունը, ես զգացի քո ցավն իմ իսկ պատճառած, ես խնդրեցի, աղաչեցի ծնողներիդ, որ ասեն, թե որտե՞ղ ես դու, բայց նրանք ասացին, որ չգիտեն, թեև ակնհայտորեն մտահոգված ու սրտնեղած էին, երևի դու էիր հրահանգել, որ որևէ մեկին չասեն գտնվելուդ վայրը... և ե՛ս էի այդ որևէ մեկը ... Գիտե՞ս ես մտածում էի, որ դու էլ իմ հանդեպ անտարբեր չես, երևի դա մղեց ինձ անել այն, ինչն արված է, իսկ ինչու՞ էի այդպես մտածում, ինչու՞ էի որոշել այդպես, մի՞գուցե ինչ –որ չափով դա համապատասխանում էր ճշմարտությանը, բայց ես դա չիմացա և երբեք էլ չեմ իմանա … Ես կպահեմ քո կերպարն իմ հիշողության մեջ, էությանս մեջ այնպիսին, ինչպիսին այն օրն էիր իմ գրկում` ծամարձակ, մերկ ու անպաշտպան, նուրբ ու փխրուն, բայց թաց ու թախծոտ աչերով, իսկ դրա պատճառը միմիայն ես էի: Կատարելագործել եմ քո կերպարը ինձ համար, թեև դեմ եմ իդեալականացմանը, բայց երևի քո կորուստն ու բաժանումը ստիպեցին ինձ համար քեզ կերտել իբրև հերոսուհի, դիցուհի, թագուհի, աստվածուհի. -Կոնյակի հետ խառնած գինի տվեք … -Խե՜ղճ տղա, շա՜տ է խմել, չի հասկանում նույնիսկ, թե ինչ է ասում, բա՛վ է խմես, եղբա՜յր, տուն չես կարող հասնել ... Ինչ –որ մեկի ձայնը լսեցի, սակայն չտեսա …ես հարբած չեմ` ուզում էի բղավել, բայց լռեցի` մտածելով, որ իրապես հարբած եմ, բայց ոչ թե այս խմիչքներից, այլ` քո սիրուց, քանզի առողջ բանականության տեր անձն արդեն դուրս մղած կլիներ քեզ իր կյանքից և կապրեր հանգիստ, անխռով, բայց ես հարբած եմ և ինձ կարելի է վարվել բանականությանը հակառակ ...Իսկ ի՞մ տունը, դա դու՛ էիր և ես կորցրել եմ իմ տունը, ների՛ր ինձ, մի՛ կարծիր, որ ես չեմ մեղադրում ինձ, դու ճշմարտացի վարվեցիր ինձ հետ, ավելի քան անաչառ ու անվերապահ ...իսկ հիմա եկ ու այդ ամենը բացատրիր նրանց, ասա, որ ես այլևս չունեմ տուն ...իսկ դու իմ պատճառով երևի զրկվել ես հոգեկան ջերմությունից ու հանգստությունից, իսկ ես անվերջ ե՛ս, ե՛ս, չկա այլևս ես, այդ եսը փոշիացավ հենց այն առավոտ, երբ դու անհետացար ... Այդուհանդերձ ես եղա քո առաջին տղամարդը, դու` իմ առաջին կինը, որին ես նվիրեցի ողջ քնքշությունս, նրբությունս, հոգածությունս, խնամքս ու սերս, իսկ ի՞նչ ասի իմ խեղճ կինը, որն հիրավի կարող է բողոքել` օր ու արև չեմ տեսնում, և դա բացարձակ ճշմարտություն է ... Վերջին ծխախոտն էլ ծխեմ, վերջին բաժակն էլ խմեմ ու մենք կգնանք զբոսնելու, համբերիր մի փոքր, ես քեզ շատ եմ սպասել, մի ամբողջ հավերժություն, այժմ էլ դու ինձ մի փոքր սպասիր, դու ինքդ էլ տեսնում ես` ես այն չե՛մ այլևս, ա՛յն չեմ, թեև այն ժամանակ էլ մի բան չէի ... Փողոցում զգում եմ սառնությունը քամու, իսկ երկնքում իր թագավորության մեջ արծաթներով շաղախված բազմել է լուսինը, որի մի շողն էիր դու ... Ա՜խ, ի՜նչ հիմարն եմ ես, ախր ալյուր և թթվասեր պետք է գնեի, վաղը տղայիս 17- ամյակն է լրանալու, իսկ ես մոռացել էի, իսկ կինս երևի սպասելով ինձ` հասկացել է, որ կրկին անհայտ ուղղություններով կորել եմ և ինքն է գնել, իսկ հիմա էլ երևի հալեցրած շոկոլադով զարդարում է տոնական տորթը, իսկ տանը կա ջերմություն, վանիլինի և տաք թխվածքի անուշաբույրություն, աշխույժ և ամենին սիրով նայող աչքերով երեք երեխաներ, ի՛մ երեխաները, իմ խավար հոգուց ծնված լույս երեխաները ...իսկ ավելորդը նրանց մեջ միշտ ես եմ, քանզի ես չեմ եղել նրանց կյանքում, չեմ եղել որևէ տեղ քո անհետացումից հետո, ես դադարել եմ ապրելուց, հիմա կմտածես, թե ուզում եմ, որ խղճաս ինձ, ճի՛շտ է, դա էլ կա, չե՛մ բացառում, բայց ուղղակի սիրել եմ, ուզում եմ իմանաս և փոքր-ինչ թեթևացնեմ հանցանքիս ծանրությունը այդ պատճառաբանությամբ, թեև վաղուց եմ հասկացել, որ ներում չունեմ առաջին հերթին իմ իսկ կողմից, բայց մինչև հիմա էլ սիրում եմ խենթի պես, ավելի, քան որևէ մեկին, ուղղակի սիրել եմ և սիրում եմ, իսկ բաժանումն է՛լ ավելի խորացրեց այդ զգացմունքն իմ ավերված, ցավով հրատված հոգում ... Քայլում եմ ...լույսերի ներքո գետինը փայլում է, երևի թե մանր անձրև մաղած կլինի մեր գինետանը մնացած ժամանակահատվածում, ծառերն էլ են թաց և պլպլում են զմրուխտաարծաթագույն փայլերով, իսկ ես քարշ եմ տալիս ոտքերս` չիմանալով ուր եմ գնում, վերադառնա՞մ այնտեղ, որտեղից առավոտյան դուրս եկա, թե՞…ո՛չ, այսօր իմ և քո օրն է, մի՞թե մոռացել ես (իսկ ես քիչ էր մնում մոռանայի` տարված առօրյա հոգսերով), որ հենց այս օրն էր 21 տարի առաջ, երբ քեզ գրկեցի սիրատոչոր ու արբած մարնիդ բույրով ու գույնով … Գիտե՞ս ինչ անցավ մտքովս, որ երբ ես արբած էի քո մարմնի մերկությամբ, դու նույն այդ ժամանակ երևի ուզում էիր փախչել իմ հոգու անթաքույց մերկությունից, դատարկությունից, ծիծաղելի՛ է, այսպես ստորացնել ինքս ինձ, բայց չգիտես ինչու ես այսօր ցանկություն չունեմ ծիծաղելու և մեղմ սահում են արցունքները, այսօր ես տղամարդ չեմ, այսօր ես մանկացել եմ, այսօր ուզում եմ մի քիչ լալ և դատարկվել, այլևս ի զորու չեմ պահել այս ողջ դառնությունը, այսօր ես կրկին անօգնական եմ ու չձևավորված-չհաստատված … Հյուրանոցի համարում այսօր լինելու ենք ես և դու, կնստենք, կզրուցենք, կվերհիշենք, կլանք ու կծիծաղենք միասին, քեզ կպատմեմ ողջ կյանքս, կլինեմ ավելի քան ուշադիր, հոգատար, զգայուն, ծնկաչոք ներողություն կաղերսեմ, երաժշտություն կմիացնեմ մեղմ ու հանգիստ, կպարենք ես և դու, կխմենք մեր սիրելի խմիչքը` գինին և կոնյակը միմյանց մեջ տարրալուծված, և կարոտած աչքերով անվերջ կնայեմ թաց ու թախծոտ աչքերիդ ու կկենդանացնեմ տարիներ առաջ իմ սպանած քո նուրբ հոգու հորինվածքներին` անուրջներին, առասպելներին, ցնորքներին, երազներին ու երազանքներին, պատկերացումներին, ես կվերականգնեմ ա՛յն, ինչը մի ժամանակ կործանեցի մի հարվածով և երջանկության անցողիկ ակնթարթում կխմեմ քո նկատմամբ տածած սերն իմ անհատակ, չէ՞ որ այսօր միայն իմ և քո օրն է, այսօր իմ և քո ակնթարթն է մթության և լռության մեջ, իսկ ո՞վ է ասել, որ խավարը լույս չէ, լույս չէ սրտի, և լռությունը խոսք չէ, խոսք չէ հոգու .... http://master2018.blogspot.ru/
The article published in the Spokesperson project.
Share with friends
ARMAN kOCHARYAN
to top