МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Завтра+27 °C
Մինչև մեկ տարեկան երեխան
21:39, 15.10.2013
61396 | 0
Նորածինը ոչ միայն բավական հմտություններ ունի, այլ նաև սովորելու, յուրացնելու հսկայական ներուժ: Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում Ձեր ջանքերն ամենից առաջ պետք է ուղղված լինեն օրվա ռեժիմի կազմակերպմանը, հիգիենայի միջոցառումներին, շարժումներին, տեսողական, ձայնային ընկալումների և խոսքի զարգացմանը: Կերակրումը, քունը, զբոսանքները, արթուն մնալը մշտապես պետք է կատարվեն միևնույն ժամերին:

Քունը

Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն տարբերում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում և զարթնում են, երբ ուզում են: Որոշ փոքրիկներ քնում են օրական մինչև 20 ժամ, մյուսներին բավարարում է 12 ժամը: Այդ հասակում պետք չէ նրանց արթնացնել, թող քնեն այնքան, որքան ուզում են:
Մանական օրգանիզմի կենսաժամացույցը կորոշի, թե երբ է փոքրիկը քնելու: Հետագայում դուք ինքներդ այդ նույն ժամին կքնեցնեք նրան: Քնելուց մեկ ժամ առաջ լավ կլինի փոքրիկին հեռու պահել ուժեղ աղմուկից և զվարճություններից: այդ ժամանակ կարելի է նրան լողացնել, կերակրել, փոխել տակաշորը և պառկեցնել մահճակալին: Երեխաներին շատ է դուր գալիս, երբ քնելուց առաջ օրորում են կամ օրորոցային երգում:
Գիշերվա ընթացքում, ձեռքը փորիկին կամ կռնակին դնելով, ստուգեք, արդյոք երեխան չի՞ մրսում: Եթե զգաք, որ նա մրսում է կամ շոգում, ավելացրեք կամ պակասեցրեք ծածկոցների մի մասը: Որոշ երեխաներ մթից վախենում են, այդ պատճառով մահճակալից քիչ հեռու միացրած պահեք գիշերային լամպը:

Զբոսանքը

Մաքուր օդ

Օդի ջերմաստիճանի փոփոխությունները օժանդակում են, որ երեխայի օրգանիզմը սովորի հարմարվել և՛ ցրտին, և՛ տաքին: Զով և սառը օդը ախորժակ է բացում, կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:
Սառը օդը ավելի չոր է, քան տաքը: Երբ այդպիսի օդը տաքացվում է կենտրոնական ջոռուցմամբ, ավելի չոր է դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի ջերմաստիճանը 22 ° C-ից բարձր է: Չոր տաք օդը չորացնում է քթի խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը: Դա անհանգստացնում է երեխային և, ըստ երևույթին, ընդհանրապես իջեցնում նրա օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ: Յուրաքանչյուր երեխայի (և յուրաքանչյուր մեծահասակի) համար օգտակար է օրական 2-3 ժամ մաքուր օդում լինելը, հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:
Քնելիս պետք է բացել սենյակի պատուհանը, որպեսզի ջերմաստիճանը իջնի մինչև 16 ° C: Երբ երեխան քնած չէ, լավ կլինի, որ սենյակում պահպանվի 21-22 ° C ջերմաստիճան: Տանը պետք է ջերմաչափ ունենալ և օրվա մեջ մի քանի անգամ ստուգել, մինչև սովորեք զգալ, թե երբ է ջերմաստիճանը 22 ° C-ից բարձր:
Պատահում են այնպիսի դեպքեր, երբ անփորձ մայրը, ավելորդ անհանգստություն ցուցաբերելով երեխայի համար, ցանկանալով կանխել նրա մրսելը, երեխային պահում է շոգ սենյակում և նույնիսկ ծածկում նրան: Արդյունքը լինում է այն, որ նույնիսկ ձմռանը երեխայի մաշկի վրա քրտնախաշ է լինում:

Ե՞րբ և որքա՞ն պետք է զբոսնել երեխայի հետ

Նորածնի համար օգտակար է ամռանը, հով եղանակին մաքուր օդում լինել օրական 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 ° C և ավելի բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրվա մոտ: Եթե դուք բակ ունեք, ապա հենց եղանակը հարմար լինի, կարող եք երեխային բակ տանել ավելի երկար ժամանակով: Եթե նրան չանհանգստացնի, թող նրա դեմքը որոշ ժամանակ (3-5 րոպե) արևի տակ մնա:
Մեծանալու հետ ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և նա մարդկանց ներկայության կարիք ավելի շատ է զգում: Այդ պատճառով էլ, եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Նույնիսկ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:
Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասայլակով: Եթե դուք սիրում եք լինել մաքուր օդում և ազատ ժամանակ ունեք, ապա աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:
Ամռանը` շոգ եղանակին, եթե Ձեր բնակարանում տոթ է, աշխատեք բակում որևէ զով տեղ գտնել: Քնած երեխան որքան երկար այնտեղ մնա, այնքան ավելի լավ: Եթե Ձեր բնակարանում զով է, իսկ փողոցում` շոգ, այնուամենայնիվ, գոնե երկու ժամով երեխային դուրս բերեք մաքուր օդ շնչելու` առավոտյան և ժամը 18-ից հետո` մեկական ժամով:
Որքան երեխան մեծանում է, այնքան աճում է նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ: Եթե ճաշից հետո նրա հետ զբոսանքի եք դուրս գալիս, նա արդեն կարող է չքնել: Այդ պատճառով ճաշից հետո ստիպված եք նրան սենյակում քնեցնել: Այդ դեպքում դուք քիչ ժամանակ կունենաք օրվա երկրորդ կեսի զբոսանքի համար, հատկապես ձմռանը: Կարելի է երեխայի հետ առավոտյան զբոսնել մեկ-երկու ժամ, իսկ օրվա երկրորդ կեսին` ևս մեկ ժամ: Առավոտյան զբոսանքի ժամերը կախված են առավոտյան քնի ժամերից: Կես տարեկանից մեծ շատ երեխաներ քնում են նախաճաշից անմիջապես հետո, ուրիշները` ավելի ուշ, ասենք, առավոտյան ժամը 11-ի մոտ: Եթե Ձեր երեխան զբոսանքի ժամանակ չի կարողանում մանկասայլակում քնել, ստիպված եք նրան քնեցնել իր մահճակալում, իսկ զբոսանքի կգնաք զարթնելուց հետո:

Արևը և արևելյան լոգանքը


Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք նպաստում են մաշկի մեջ վիտամին D-ի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար է որոշ ժամանակ (3-5 րոպե) երեխային արևի տակ թողնելը: Բայց մի՛ մոռացեք նախազգուշական միջոցների մասին: Արևի այրվածքներից խուսափելու համար արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում, երբ օդը մաքուր է ու ջինջ: Պետք է զգուշանալ չափազանց երկար արևային լոգանքներից, նոևյնիսկ եթե մաշկը աստիճանաբար է թխանում: Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ: Օրգանիզմը չափավոր քանակությամբ արևային ճառագայթների կարիք ունի և չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը: Ուժեղ արևային այրվածքը նույնքան վտանգավոր է, որքան և ջերմայինը: Նկատի ունեցեք այդ հանգամանքը և երեխային երկար ժամանակ արևի տակ մի՛ թողեք: Չափավոր գեր երեխան չի մրսի, եթե նույնիսկ կիսամերկ է: Զով, բայց արևոտ եղանակին մերկացրեք միայն տոտիկները: Փոքրիկի դեմքը պետք է պաշտպանված լինի ուժեղ արևից:
Ձմռանը, եթե սենյակը տաք է և միջանցուկ քամիներ չկան, եթե ցանկանաք կարող եք երեխային արևային լոգանքի պառկեցնել բաց պատուհանի մոտ: Սկզբում լոգանքի տևողությունը պետք է լինի 2 րոպե: Աստիճանաբար, օրական 2 րոպեով ավելացրեք այդ ժամանակը: Այդ ժամանակի կեսն օգտագործեք փորիկի, իսկ մյուս կեսը` թիկունքի արևահարման համար: Արևային լոգանքի տևողության մեծացմամբառանձնապես մի՛ ոգևորվեք: Խորհուրդ չի տրվում երեխային 20 րոպեից ավելի երկար պահել արևի տակ: Հետևեք, որ երեխան արևի տակ չափազանց չտաքանա, և ծածկեք գլուխը: Եթե չորս կողմից օդ խաղա, երեխան շատ չի տաքանա: br /» Արևի ինտենսիվ ճառագայթների դեպքում (ինչպես, օրինակ, ծովափին) երեխան գոնե առաջին 2-3 օրը պետք է ամբողջ ժամանակ մնա ստվերում: Անդրադարձաձ ճառագայթներն այնքան ուժեղ կարող են լինել, որ երեխան այրվածք կարող է ստանալ նույնիսկ ստվերում, քանի որ երեխայի մաշկը չափազանց նուրբ է: Եթե երեխան արդեն նստում է կամ չորեքթաթ է շարժվում, ապա նրա գլուխը արևից պետք է պաշտպանել լայնեզր գլխարկով: Հիշե՛ք, որ արևային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ հետո:

Երեխայի հագուստը

Ինչպե՞ս հագցնել երեխային սենյակային ջերմաստիճանի պայմաններում

2.5 կգ-ից պակաս քաշ ունեցող երեխան դրսից լրացուցիչ տաքացման կարիք ունի, քանի որ դեռ չի կարող ինքնուրույն կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը: 2.5 կգ-ից մինչև 4 կգ քաշ ունեցող երեխան լրացուցիչ տաքացման կարիք չունի: Նա հրաշալի կզգա սենյակային ջերմաստիճանում (21-22° C) բամբակե սպիտակեղենով` բրդյա թեթև մեկ-երկու ծածկոցի տակ:
Երբ երեխայի քաշը հասնի 4 կգ-ի, նրա օրգանիզմը կսովորի ավելի լավ կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Բացի դրանից, մաշկի տակ կառաջանա ճարպաշերտ, որը կօգնի նրան պահպանել ջերմությունը: Այսուհետ երեխայի քնած ժամանակ, զով եղանակին նրա սենյակում ջերմաստիճանը կարող է լինել մոտավորապես 16° C: Ոչ մի անհրաժեշտություն չկա սենյակի ջերմաստիճանը իջեցնել 16 ° C-ից ցածր: Այդ ջերմաստիճանում երեխային պետք է ավելի տաք ծածկել: Այն սենյակում, որտեղ երեխան խաղում է կամ ուտում կարող է լինել 21-22° C: Այս ջերմաստիճանը հարմար է ինչպես 2.5 կգ-ից ավել քաշ ունեցող նորածինների, այնպես էլ ավելի մեծ երեխաների և չափահասների համար: Այդ ջերմաստիճանում երեխային կարելի է ծածկել թեթև ծածկոցով և, քանի դեռ փոքր է, շապիկի վրայից մի թեթև կիսազգեստ հագցնել: Մայրերը մեծ մասամբ չափազանց շատ են փաթաթում իրենց երեխաներին, ինչը շատ վտանգավոր է: Եթե երեխան միշտ տաք է հագնված, նրա մարմինը կորցնում է ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը: Այդպիսի երեխան ավելի շուտ կմրսի: Այդ պատճառով էլ ավելի լավ է հագցնել քիչ, քան չափից ավելի շատ: Հետևեք երեխային: Երբ երեխան մրսում է, նրա այտերը գունատվում են, և նա նույնիսկ ցրտից կարող է լաց լինել: Դեմքի գույնն ամենաճիշտ միջոցն է իմանալու, թե երեխան չի՞ մրսում: Մի՛ վախեցեք, եթե նրա մատները սառն են: Ավելի լավ է շոշափեք վիզը, ձեռքերը կամ ոտքերը:
Նորածնի առաջին նագուստը պետք է շատ պարզ լինի, իսկ կոճակներն ու ժապավենները պետք կգան ավելի մեծահասակ երեխաների համար: Մինչև Ձեզ դուր եկած գեղեցիկ շորը գնելը, մտածեք, թե ինչպե՞ս պետք է այն հագցնեք ու հանեք: Փոքրիկ երեխաների համար ամենահարմար հագուստը վզի մասում ձգվող և լայնացող բացվածք պետք է ունենա` հեշտ է հագցնել և հանել գլխի կողմից: Առաձգական բամբակյա հագուստը, որը ներքևի կողմից կոճակներ ունի, թույլ է տալիս երեխայի տակաշորը փոխել` առանց երեխային լրիվ մերկացնելու: Փոքրիկի թիկունքը քամուց ապահով կլինի, եթե առջևից կոճկվող կցազգեստ (կոմբինեզոն) հագցնեք նրան: Դա հարմար է նաև այն դեպքերում, երբ պետք է արագ փոխել երեխայի հագուստը:
Եթե Ձեր փոքրիկը աղջիկ է, իհարկե, դուք կցանկանաք նրան փոքրիկ զգեստ հագցնել, սակայն, ցավոք, դա այնքան էլ հարմար չէ ամեն օր կրելու համար: Զգեստով հարմար չէ թռչկոտել, պառկել, սողալ: Պահեք այն հատուկ դեպքերի համար կամ հագցրեք, երբ աղջիկը մի քիչ մեծանա: Չարժե աղջիկներին հագցնել ժանյակավոր հագուստ, նրանց փոքրիկ մատները կարող են խցկվել ու մնալ ժանյակների մեջ:
Փոքրիկը մեծանում է, և տրիկոտաժե սողաշորերը արդեն կարելի է փոխարինել վառ գույների կցազգեստներով կամ բամբակե շալվարիկներով: Դրանք ավելի հարմար են, և կարելի է հագցնել ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին: Հաստ կտորից շալվարիկ գնելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի՞ն է նրա փողքերի լայնությունը, և կարգավորվու՞մ են նրանց ուսափոկերը, որովհետև սովորաբար դրանց տակից ուրիշ բան էլ է պետք լինում հագցնել:
Երեխային գլխի կողմից սվիտեր կամ շապիկ հագցնելիս նախ մատներով հավաքեք սվիտերը` ներքևից սկսած, և ապա միայն անցկացրեք երեխայի գլուխը` սկսելով երեսի կողմից այնպես, որ սվիտերի գլխանցքի հետևի կողմը մնա վզի վրա: Եվ հետո միայն հանեք սվիտերը:

Երեխային շատ մի՛ փաթաթեք

Լավ են արհեստական նյութից պատրաստված ծածկոցները, նրանք միաժամանակ և՛ չափազանց տաք են և՛ թեթև: Բայց էլ ավելի լավ են գործված շալերը: Հարմար է դրանց մեջ փաթաթել երեխային, քանի որ սովորական ծածկոցներից ավելի բարակ են և կարող են, ըստ անհրաժեշտության, մի քանի տակ ծալվել` կախված օդի ջերմաստիճանից: Խորհուրդ չի տրվում երեխային ծածկել հաստ, ծանր ծածկոցներով կամ վերմակով:
Բոլոր ծածկոցներն ու սավանները պետք է բավականաչափ մեծ լինեն, որ հնարավոր լինի դրանք մտցնել ներքնակի տակ, որպեսզի երեխան չբացվի: Ներքնակը պետք է բավականին հարթ ու կոշտ լինի, որպեսզի երեխան պառկելիս ծռված դիրք չընդունի: Մանկական սայլակի ներքնակը պետք է ծածկի սայլակի ամբողջ հատակը: Փոքրիկ երեխային ո՛չ մահճակալի մեջ, ո՛չ էլ սայլակում բարձ պետք չէ:
Լավ կլինի, որ մանկական կապագլխարկները հյուսված լինեն: Եթե նույնիսկ այդպիսի գլխարկը քնի մեջ սահի երեխայի դեմքին, ապա երեխան կարող է շնչել նրա անցքերի միջով: Կարելի է օգտագործել ցանկացած տեսակի գլխարկներ, բայց այն պայմանով, որ մայրը միշտ հետևի երեխային:
Շատ մայրեր օգտագործում են այնպիսի քնապարկեր, որոնք կոճկվում են կայծակ տիպի ճարմանդներով: Այդ քնակապերը հավաքվում, ձգվում են վզի մոտ և ժապավենով կապվում մահճակալի անկյուններին: Իհարկե, այդպիսի քնակապերը շատ հարմար են, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք, նախ` կոկորդի մոտ ամուր սեղմված և մահճակալին կապված երեխան ենթակա է խեղդվելու վտանգին, և երկրորդը` որոշ մասնագետ հոգեբաններ այն կարծիքին են, որ եթե երեխան, այն հասակում, երբ ձևավորվում են նրա զգացմունքները, շատ երկար ժամանակ մնում է կապկպված, անօգնական ու անշարժ, զրկվում է ազատ ու անկաշկանդ լինելու զգացումից: Չի կարելի բարուրել երեխային, որովհետև դա կարող է բերել հոդախախտման և նպաստել մաշկային շնչառության խանգարմանը:

Հագուստի խնամքը

Փոքրիկի շորերը հանվում-հագցվում են ամենաքիչը օրական երեք-չորս անգամ, ուստի նրա համար այնպիսի հագուստ գնեք, որի խնամքը Ձեզ չծանրաբեռնի: Այդպիսի հագուստը հարմար է և հեշտ է լվացվում: Մինչև գնելը ուշադիր զննեք պիտակը և մի վերցրեք այնպիսի իրեր, որոնք հատուկ բարդ մշակում են պահանջում: Ամենալավը բնական կտորներից կարված հագուստն է, որը տաք է և լավ է ներծծում խոնավությունը: Ամենաորակյալ մանկական ներքին սպիտակեղենը պատրաստում են բամբակից:
Ձեռքով կամ մեքենայով շորերը լվանալիս միշտ հետևեք գնված հագուստին կից հրահանգին: Այդ դեպքում բոլոր մանկական զգեստները երկար կպահպանեն գույնը, նախնական տեսքը և ձևը: հագուստեղենը լվանալիս աշխատեք չօգտագործել լվացքի արհեստական փոշիներ, նրանք կարող են գրգռել երեխայի մաշկը: Ամբողջ հագուստը պետք է լավ չորացված և արդուկված լինի: Միայն դրանից հետո կարելի է հագուստը հագցնել երեխային:

Կոշկեղենը

Երբեք մի՛ գնեք այնպիսի կոշիկներ, որոնք ճնշում են երեխայի մատները: Կոշիկը պետք է լինի այնպիսի չափսերի, որ եթե երեխան գործած շալվարիկ կամ զուգագուլպա հագած լինի, չսեղմի երեխայի ոտքերը: Ավելին` նրա մեջ պետք է ազատ տեղ մնա, որ փոքրիկը կարողանա շարժել իր մատները: Երեխային մի հագցրեք այնպիսի գուլպաներ, մաշիկներ և զուգագուլպաներ, որոնք լվանալուց հետո սեղմվում և փոքրանում են: Այդ նույնը վերաբերում է նաև օձիքներին, թաթմաններին և ձեռնոցներին:
Զբոսանքի գնալիս հագցրեք հարմար, տաք և չթրջվող կոշիկներ: Ամենալավն այն կոշիկներն են, որոնք կարված են թեթև, օդի համար թափանցիկ նյութերից, ինչպիսին են, օրինակ, կտորը կամ փափուկ կաշին: Ճտքավոր կոշիկներն ու կիսակոշիկները պետք է այնքան փափուկ լինեն, որ դրսից կարելի լինի շոշափել փոքրիկի մատները:
Երեխայի համար առաջին կոշիկները գնելիս անպայման փորձեք դրանք: Կոշիկի մոտավոր չափսը որոշելու համար նախապես պետք է չափել երեխայի ոտնաթաերի երկարությունն ու լայնությունը: Մի՛ մոռացեք հաճախակի ստուգել, թե երեխայի կոշիկը չի՞ սեղմում:

Լոգանքը

Մայրերը սովորաբար հարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան կերակրումից առաջ: Սակայն կարելի է լողացնել ցանկաված կերակրումից առաջ (բայց ոչ հետո, քանի որ կերակրումից հետո երեխան սովորաբար քնում է): Որպեսզի լողանալիս երեխան քաղց չզգա, լողանալուց առաջ նրան մի քիչ կուրծք (կամ 6 ամսականից հետո) հյութ տվեք: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:

Լվացումներ


Առաջին ամսում ամեն ճր լողացրեք երեխային: Զով եղանակին բավական է երեխային լողացնելը շաբաթը երկու կամ երեք անգամ` պայմանով, որ դեմքը և մարմնի ներքևի մասը մաքուր լինեն. այսինքն այդ մասերը պետք է լվացվեն ամեն օր: Շատ անփորձ մայրեր սկզբնական շրջանում վախենում են լողացնել երեխային: Երեխան նրանց այնքա˜ն անօգնական է թվում: Բացի դրանից, նա սահում է ձեռքից, հատկապես, երբ օճառված է: Երեխայի համար տաշտակում լողանալը անսովոր է ու սարսափելի, որովհետև դեռ շատ փոքրիկ է ու նրան ձեռքում պահելը դժվար է: Գլուխն ու դեմքը լվացեք բամբակով կամ փափուկ լաթի կտորով և մաքուր ջրով: Գլուխը օճառով լվանում են շաբաթը երկու կամ երեք անգամ: Մարմինը թեթևակի օճառում են ձեռքով, շորի կտորով կամ բամբակով: Այնուհետև ամենաքիչը երկու անգամ սրբում են բամբակով կամ ջրի մեջ թրջած լաթի կտորով` հատուկ ուշադրություն դարձնելով ծալքերին:
Մինչև երեխային լողացնել սկսելը համոզվեք, որ վերցրել եք այն ամենը, ինչը անհրաժեշտ է դրա համար: Իրերը լավ է պահել որոշակի տեղում` հատուկ արկղի կամ տոպրակի մեջ: Պատրաստեք հետևյալ պարագաները` մանկական օճառ (ցանկացած տեսակի` հիմնային նյութեր չպարունակող), լաթի կտոր (կամ բամբակ), սրբիչ, բամբակ` անհրաժեշտության դեպքում երեխայի քիթն ու ականջները մաքրելու համար, բուսական յուղ կամ մանկական փոշի և շապիկներ: Մի մոռացեք նաև փոքրիկ դույլեր վերցնել: Նրանցից մեկը պետք կգա կեղտոտ տակաշորերի և օգտագործված բամբակի, իսկ մյուսը` լոգանքից առաջ երեխայի վրայից հանվող հագուստի համար: Մաքուր հագուստը և ցամքոցը նախապես փռեք մաքուր օդում: Սենյակի ջերմաստիճանը, որտեղ հանում եք երեխայի շորերը, 21° C-ից ցածր չպետք է լինի: Հետևեք, որ սենյակում միջանցիկ քամի չլինի: Երբ երեխաները չափազանց փոքրիկ են, ավելի լավ է նրանց լողացնել հատուկ հենարանին կամ մեծ լոգարանի մեջ դրված մանկական տաշտում:
Հարմարության համար կարել է տաշտակը դնել որևէ ցածր սեղանի վրա, որի մոտ կարող եք նստել, կամ ավելի բարձր մի տեղ, որի մոտ կարող եք կանգնել: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես այնքան, որքան մարմնի ջերմաստիճանն է (35-37 ° C): Քանի դեռ չեք սովորել ջրի մեջ ամուր բռնել երեխային, տաշտակի մեջ շատ քիչ ջուր լցրեք: Սկզբում առանց օճառի լվացեք երեխայի դեմքը, ապա` գլուխը: Բամբակը շատ ջրոտ չպետք է լինի, որ աչքերի մեջ օճառաջուր չլցվի: Այնուհետև ձեռքով օճառեք երեխայի մարմինը:
Երեխային չորացրեք փափուկ սրբիչով, բայց մի՛ շփեք, այլ սրբիչը թեթևակի հպեք մաշկին, որներծծի ջուրը: Եթե երեխային լողացնում եք նախքան պորտիկը լվանալը, ապա լոգանքից հետո ախտահանված բամբակով խնամքով չորացրեք և մշակեք պորտիկը, ինչպես խորհուրդ է տվել մանկաբույժը: Երեխաների մեծ մասը մի քանի շաբաթ հետո սկսում է բավականություն ստանալ լոգանքից: Մի՛ շտապեցրեք երեխային և լողացնելիս դուք էլ հաճույք ստացեք այնպես, ինչպես նա:

Ականջները, քիթը, աչքերը, բերանը, եղունգները

Լվացեք միայն ականջախեցիները, բայց ոչ լսանցքը: Ականջի փողը ծածկված է չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու ծծումբը դանդաղորեն տեղափոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:
Աչքերը լվացվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պատճառով առողջ աչքերը լվացման կարիք չունեն:
Որպես կանոն, բերանը նույնպես խնամքի կարիք չունի:
Նորածնի եղունգները պետք է կտրել, երբ նա քնած է: Ավելի լավ է օգտագործել հատուկ մանկական մկրատ:
Քիթն օժտված է ինքնամաքրման հիանալի համակարգով: Քթի մեջ կան մանր մազիկներ, որոնք լորձն ու կեղտը հրում են դեպի ելքը, որտեղ դրանք կուտակվում են ավելի երկար մազերի վրա, ինչը խուտուտ է առաջացնում քթի մեջ, և երեխան կամ փռշտում է կամ էլ տրորում է քիթը` ազատվելով կուտակված կեղտից ու լորձից: Լոգանքից հետո երեխային սրբելիս մաքրեք նրա քիթը խոնավ և ոլորված բամբակով: Հնարավորին չափ արագ կատարեք այդ գործողությունը:

Յուղ և դիմափոշի (ցանափոշի)


Մայրերից շատերը նախընտրում են լողացնելուց հետո օգտագործել ցանափոշի կամ բուսական յուղ: Սակայն իրականում դրա անհրաժեշտությունը չկա (եթե այդպիսի անհրաժեշտություն լիներ, բնությունը կհոգար այդ մասին): ցանափոշին օգնում է այն դեպքերում, երբ երեխայի մաշկը շատ զգայուն է և հեշտությամբ գրգռվում է: Ձեր ձեռքի մեջ ցանափոշի ցանեք, բարակ շերտով քսեք երեխայի մաշկին` թեթևակի շոյելով նրա մարմինը: Կարելի է օգտագործել ցանկացած մանկական դիմափոշի կամ նույնիսկ հասարակ փոշենյութ` տալկ:
Եթե երեխայի մաշկը չոր է, ավելի լավ է օգտագործել բուսական կամ մանկական յուղեր:

Անվտանգության որոշ կանոններ


- Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տաշտակի մեջ: Նա կարող է ջուր կուլ տալ և խեղդվել, դրա համար բավական է մի քանի վայրկյան և 5 սանտիմետրանոց խորություն:

- Մի՛ թողեք երեխային մենակ, երբ բարձր սեղանի վրա փոխում եք նրա շորերը կամ չորացնում նրան: Նա հեշտությամբ կարող է գլորվել:

- Երեխային տաշտակի մեջ մտցնելուց անմիջապես առաջ չափեք ջրի ջերմաստիճանը:

- Եթե դուք փոքրիկին լողացնում եք լոգարանում, ծորակները սրբիչով ծածկեք, որ նա չկարողանա բացել դրանք և խաշվել: Տաշտի մեջ մի՛ դրեք սահող գորգ:

- Տաշտի մեջ ջուր լցնելիս սկզբում բացեք սառը ջրի ծորակը:

- Մինչև փոքրիկին լողացնելը ստուգեք, արդյո՞ք հաստատուն ու անվտանգ է մանկական տաշտակը:

Автор: Syuzi
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Syuzi
14:20, 12.10.2013
6068 | 3
14:00, 12.10.2013
5995 | 0
16:33, 11.10.2013
4803 | 0
16:26, 11.10.2013
9696 | 8
17:36, 10.10.2013
3943 | 0
19:22, 04.10.2013
7598 | 0
наверх