МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Завтра+19 °C
Մովսես Խորենացի, Կյանքը, «Հայոց պատմություն»
16:54, 17.02.2014
38306 | 0

Մովսես Խորենացի



Մովսես Խորենացին վաղմիջնադարյան պատմագրության մեծագույն
ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը:
Խորենացուն մեծարել են նաև Հայ Հերոդոտոս, Տիեզերահռչակյալ քերթող,
Քերթողահայր պատվանուններով: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը հայ ժողովրդի պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է,
Հայոց նախնական պատմության առաջին ու ամենահավաստի աղբյուրը:



Կյանքը

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա (ն) գյուղում: Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի ևՍահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431 թ հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու» ։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան: Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը: Օգտվելով առիթից հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք: Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:



«Հայոց պատմություն»




Խորենացու «Հայոց պատմության» տվյալներից բխում է, որ այն ավարտված պիտի լինի 482-ից առաջ, այսինքն նախքան այդ թվականին տեղի ունեցած նրա «Պատմության» պատվիրատուի՝ Սահակ Բագրատունու մահը։ Խորենացու հաճախակի և պերճաբան խոսքերը ուղղված իր մեկենասին, բնութագրում են վերջինիս որպես ջերմ հայրենասերի և կրթված մարդու, որը լավ էր ըմբռնում ժամանակի պահանջները։ Հայոց ամբողջական պատմություն գրելու մեծ գաղափարը, Խորենացու այդ աննախադեպ մտադրությունը, կանգնեցրել է նրան նույնքան մեծ դժվարությունների առաջ սկզբնաղբյուրների հայթայթման գործում, և պահանջել նրանից աներևակայելի ջանքեր ու եռանդ և մանավանդ՝ հնարամտություն։
4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին պատմության համար Խորենացին որպես աղբյուր ունեցել է վերր հիշատակված հայ պատմիչների երկերը և իր ապրած ժամանակով էլ մոտ է եղել այդ դարաշրջանին։ Իսկ ինչ աղբյուրներ նա կարող էր ունենալ իրենից 300, 500, 1000 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների ու եղելությունների համար։ Այդ ժամանակների պատմությունր ոչ միայն շարադրված չէր մեսրոպատառ մատյաններում, այլև Խորենացու ապրած ժամանակից անջրպետված էր այնպիսի մի իրադարձությամբ, որպիսին էր քրիստոնեության հաստատումը Հայաստանում 4-րդ դարի սկզբին։ Հայտնի է, որ քրիստոնեության ընդունումով խզվեցին հեթանոսական շրջանից ձգվող մշակութային ավանդները և կորստյան մատնվեց կուտակված մշակութային արժեքների մի ստվար մասը։ Այսուհանդերձ, Խորենացուն հաջողվել է բազմաթիվ հարցերում, ինչպես կտեսնենք, թափանցել այդ վարագույրի մյուս կողմը։
Օտար հեղինակների երկերին ծանոթանալով, Խորենացին թեև այնտեղ քիչ բան է գտել Հայաստանի մասին, բայց փոխարենը լայն պատկերացում է ստացել համաշխարհային պատմության մասին, որ ի հայտ է գալիս նրա գրքի ամեն մի էջում և հնարավորություն է տվել նրան դիտելու հայոց պատմությունը միշտ լայն պատմական ետնախորքի վրա։
Խորենացին իր աղբյուրների թվում հիշատակում է երեք այնպիսի մատյաններ, որոնք չեն կարող դասվել օտար մատենագրության շարքը, քանի որ ստեղծվել են Հայաստանի հողի վրա, թեև, հավանաբար, ոչ հայոց լեզվով։ Դրանք են. Մար Աբաս Կատինայի մատյանը, չորս «հագներգություններից» կազմված «Պիտոյից հյուսման պատմությունը» և «Մեհենական պատմություններ» մատյանները։
Երկրորդ տեղը իրենց նշանակությամբ գրավում են բանավոր աղբյուրները։ Խոսքը ժողովրդական բանահյուսության այն ստեղծագործությունների մասին է, որոնք նա քաղել է անմիջապես ժողովրդական բանասացների, երգիչների բերանից։ Նրանք կարելի է երկու խմբի բաժանել՝ առասպելական, դիցաբանական, որոնցից մի հազվագյուտ նմուշ է Վահագնի ծննդյան երգը, և պատմական-ավանդական՝ «վիպասանների երգեր», «թվելյաց երգեր», որոնք Խորենացին գրի է առել ու մեզ հասցրել ավելի մեծ քանակությամբ։ Սրանցից են Արտաշեսի ու Սաթենիկի և Արտաշեսի ու Արտավազդի մասին երգերը։
Բանավոր աղբյուրների մի այլ տարատեսակ են տոհմական ասքերը՝ նախարարական տներում սերնդե-սերունդ հաղորդվող ու հետզհետե ձևափոխվող ու գունազարդվող ավանդությունները, որոնք պատմում էին տոհմի ծագման ու առավել աչքի ընկնող ներկայացուցիչների շուրջը հյուսված պատմություններ (օրինակ, Մամիկոնյան տոհմի գալստյան մասին ավանդությունը) ։
Որ բանավոր ավանդությունները իրենց մեջ պատմական հատիկ են պահպանում, այդ քաջ գիտակցում էր Խորենացին, ուստի և չէր վարանում օգտվելու դրանցից՝ որպես պատմական աղբյուրներից։ Որոշակի դեր են խաղացել «Հայոց պատմության» կերտման մեջ վավերագրական աղբյուրները։ Առաջին հերթին պետք է նշել Արշակունի թագավորների կողմից պարբերաբար կազմվող «Գահնամակը» ՝ նախարարական տների ցանկը, որտեղ թվարկվում էին նախարարական տները՝ ըստ իրենց հզորության և ազդեցության աստիճանի։
Վավերագրերի մի այլ տեսակ՝ վիմական արձանագրությունները, միշտ եղել են պատմահոր ուշադրության կենտրոնում թե՛ այն դեպքերում, երբ դրանք նրա համար անընթեռնելի էին, օրինակ, ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնք նա հիշատակում ու նկարագրում է, վերագրելով Շամիրամին, և թե մանավանդ այն պարագաներում, երբ նրանց բովանդակությունը նրան մատչելի էր, օրինակ, Գառնիում Տրդատ թագավորի թողած հունարեն արձանագրությունը։
Խորենացին, պատմական նյութ հայթայթելու միտումով, ուշի-ուշով ուսումնասիրել է իր ժամանակի Հայաստանի քաղաքները, բերդերը, բնակավայրերը, դրանց ավերակներն ու մնացորդները և դրանց հետ կապված ավանդությունները։ Այդ ուսումնասիրության արդյունքն են «Պատմության» մեջ մեծ տեղ գրավող քաղաքների, դաստակերտների, ավանների, բերդերի նկարագրությունն ու հիմնադրման պատմություններր։ Այդպիսին է Վան քաղաքի, նրա հանրահայտ ջրանցքի, հնությունների ու այդ բոլորի ստեղծման նկարագրությունը, որը ուրարտական շրջանի մշակութային մնացորդների առաջին բնութագրությունն է և Վանն ու նրա հուշարձանները ուսումնասիրած գիտնականների վկայությամբ զարմանալի հարազատ է իրականությանը: Այդպիսիք են Արտաշատի, Երվանդաշատի, Երվանդակերտի, Գառնիի և այլ քաղաքների ու բնակավայրերի նկարագրությունները։ Բոլոր հիշատակված աղբյուրները, որքան էլ բազմատեսակ նյութեր տված լինեն Խորենացուն, այսուհանդերձ խիստ սակավ էին նրա ծրագրի իրականացումն ապահովելու համար, ուստի և անհրաժեշտ էին նորանոր փաստեր։ Դրանց մի նոր ու յուրօրինակ շտեմարանը Խորենացին գտել է լեզվի բառապաշարի, հատկապես հատուկ անունների՝ պատմության խորքերից եկող կամ իրեն ժամանակակից տեղանունների, տոհմանունների, անձնանունների մեջ, վերլուծելով ու ստուգաբանելով դրանք: Արդյունքներր շատ նշանակալից են եղել և հնարավորություն տվել պատմահորը՝ նորանոր փաստերով ու դրվագներով լրացնել իր «Պատմությունը» ։ Հատկապես բազմաթիվ են նախարարական տոհմանունների ստուգաբանման դեպքերը, որոնցով Խորենացին լրացնում էր նախարարական տների պատմությանը վերաբերող փաստերի պակասը։
Ընդհանուր հայացք ձգելով Խորենացու օգտագործած աղբյուրների վրա, կարելի է զարմանալ, թե որքան դրանք տարատեսակ են և բազմաբնույթ։ Դեռևս 5-րդ դարում նա հավաքել ու օգտագործել է Պատմության շարադրման համար, ըստ էության, աղբյուրների գրեթե բոլոր այն տեսակները, որոնց վրա են կառուցում իրենց հետազոտությունները նաև այսօրվա պատմաբանները: Հիրավի, նա զանց չի առել գրավոր աղբյուրների և ոչ մի բնագավառ, օգտագործելով թե պատմության համակարգված շարադրանք պարունակող երկերը, թե՛ սոսկ նյութերի գրառումներ ներկայացնող ժողովածուները, թե՛ իրեն հետաքրքրող թեմային սոսկ հպանցիկ ու հեռավոր վերաբերություն ունեցող գրվածքները, թե իրեն մատչելի վավերագրերն ու վիմական արձանագրությունները։ Սա առանձին ուշադրություն է նվիրել բանավոր աղբյուրներին և դրանց նկատմամբ հանդես բերել քննադատական վերաբերմունք, անդրադարձել նյութական աղբյուրներին, հաճախ մտովի վերականգնելով և շեն վիճակում ներկայացնելով այն, ինչ նրա ժամանակ արդեն վաղուց ավերակ կարող էր լինել։ Այս բոլորը, անկախ այլ հանգամանքներից, ինքնին արդեն տարբերում են պատմահորը հնում պատմիչ հորջորջված հեղինակներից և դասում նրան համաշխարհային մշակույթի առաջնակարգ, գործիչների շարքը։ Էլ ավելի է ընդգծվում նրա Պատմության գիտական, հետազոտական բնույթը, երբ ծանոթանում ենք նրա նյութի վերլուծման ու մշակման մեթոդիկային։
Աչքի զարնող հակադրություն կա, մի կողմից «Հայոց պատմության» հարթ ու ողորկ, ներքին հակասություններից բացարձակապես զերծ, հետևողական ու տրամաբանական շարադրանքի և, մյուս կողմից, նրա հիմքը կազմած տվյալների պակասավոր, խայտաբղետ, հակասական այն զանգվածի միջև, որը Խորենացուն տվել են տարաբնույթ ու թերի աղբյուրները։
«Հայոց պատմությունը» շարադրելիս, Խորենացին ունեցել է երկու հիմք, մեկը նյութական՝ աղբյուրների այն զանգվածը, որ նրան հաջողվել էր ժողովել, մյուսը՝ տրամաբանական՝ պատկերացում այն մասին, թե ինչ պիտի լինի պատմությանը։ Երկրորդը, տրամաբանականը, հետևյալն է. պատմությունը անցյալի եղելությունների ստույգ, ճմարտացի, հավաստի վերարտադրումն է։ Իզուր չէ, որ Խորենացին բազմիցս խոսում է իր դրածի ստուգության ու հավաստիության մասին, նա իր բոլոր կարողությունները ի սպաս է դրել պատմական ճշմարտությանը հասնելու նպատակին։ Բայց եթե պատմությունը միայն ստույգ ու հավաստի փաստերից է կազմված, ուրեմն նրա մեջ չի կարող լինել որևէ հակասություն, անհետևողականություն, անտրամաբանություն։ Եթե նրան բաղադրող բոլոր փաստերը ճշմարտացի են, ապա այն պետք է կազմի մի անթերի համակարգ, մասերի փոխհամաձայնությամբ ու համաչափությամբ։ Եվ նման մի ներդաշնակությունը պատմության ճշմարտացիության լավագույն առհավատչյան է։
Ակնհայտ է, սակայն, որ Խորենացու ձեռքի տակ եղած նյութը այնպիսին չէր, որ նրա պարզ համադրումը հասցներ նման մի համակարգի ստեղծման։ Ուրեմն պատմահայրը մեթոդ, միջոցներ պիտի մշակեր այդ հում և խայտաբղետ նյութը կազմակերպելու, նրանից ցանկալի ճշմարտացի համակարգը կերտելու համար։ Խորենացու հիմնական սկզբունքը հետևյալն է եղել, երկու իրարամերժ կամ հակասական փաստերից մեկը ճշմարտացի ու հավաստի է, իսկ մյուսը՝ անհավաստի կամ ոչ լրիվ հավաստի։ Ընտրությունը դրանց միջև պետք է այնպես կատարել, որ պատմության հիմք դառնա հավաստի փաստը։ Բայց ընտրության համար անհրաժեշտ են չափանիշներ, և այդ չափանիշները Խորենացին մշտապես ունեցել ու գործադրել է: Մի քանիսի մասին ինքը պատմում է. օրինակ, նա հաղորդում է, որ հունական մատյանների տվյալները նրա համար գերադասելի են, ասենք, քաղդեական կամ պարսկական մատյանների տվյալներից։ Մյուսները մենք կարող ենք եզրակացնել նրա շարադրանքից, օրինակ, նա գրավոր աղբյուրին ավելի մեծ վստահություն է ընծայում, քան՝ բանավորին։ Այլ դեպքերում Խորենացու՝ երկու փաստերի մեջ ընտրություն կատարելու չափանիշները կարող են և լրիվ ակնհայտ չլինել, թաքնված լինելով նրա հուզական աշխարհի ընդերքում: Բայց չափանիշները միշտ կան և կիրառվում են հետևողականորեն։
Բերենք մի ակնառու օրինակ, երկրորդ, գրքի 12-րդ գլխում Խորենացին պատմում է հայոց Արտաշես թագավորի (ըստ Խորենացու ժամանակագրության նա ապրել է մ. թ. ա. 1-ին դարի սկզբներին) դեպի արևմուտք կատարած արշավանքի մասին, որի ժամանակ նա, իբր, ձերբակալել է լյուդացիների Կրեսոս թագավորին։ Հաջորդ գլխում Խորենացին գրում է. «Այս բանն ասում են հունաց պատմագիրները, ոչ մեկը կամ երկուսը, այլ շատերը, որի մասին տարակուսելով՝ մենք շատ քննություն կատարեցինք։ Որովհետև մի քանի պատմություններից լսել էինք, թե Կյուրոսն է սպանել Կրեսոսին և լյուդացոց թագավորությունը վերացրել» ։ Այնուհետև Խորենացին հայտնում է, թե ինքը շատ լավ գիտի, որ Կյուրոսր ապրել է հայոց Արտաշեսից ավելի քան չորս դար առաջ, և շարունակում. «Բայց որովհետև շատերն են, որ ասում են, թե մեր Արտաշեսն է բռնել Կրեսոսին և հարմար ոճով են պատմում, ուստի և ես համոզվում եմ»: Ապա Խորենացին չորս հույն հեղինակներից իր ասածը հաստատող մեջբերումներ է անում և եզրափակում. «Արդ, ես այս պատմությունները արժանահավատ եմ համարում, իսկ այն Կրեսոսը, որ ինչպես պատմում են, եղել է Կյուրոսի կամ Նեքտանեբոսի ժամանակ, կամ սուտ է, կամ մի անունով կոչված են շատ թագավորներ, ինչպես շատերը սովորություն ունեն»: Ինչ ենք տեսնում այս օրինակի մեջ։ Նախ, հստակորեն ի հայտ է գալիս Խորենացու ընտրության չափանիշը «շատերն են, որ ասում են... և հարմար ոճով (այսինքն համոզիչ) են պատմում» և, իհարկե, չխոստովանած, բայց պարզորոշ ի հայտ եկող հայրենասիրական զգացումը։ Երկրորդ, զգում ենք, թե որքան շեշտակի է կիրառում Խորենացին իր չափանիշը, հակասող փաստը պարզապես սուտ հայտարարելով, կամ մի փոքր վերապահության անելով միայն։ Երրորդ, Խորենացին, որքան էլ համոզված է իր ճշմարտացիության մեջ, ու որքան էլ ջանում է այն հիմնավորել, այնուամենայնիվ, արմատապես սխալ ընտրություն է կատարել տվյալ դեպքում, քանի որ Լյուդիայի թագավոր Կրեսոսի պատմությանը իրականում կապված է հենց Կյուրոսի և ոչ մեկ ուրիշի հետ։
Խորենացու մեթոդիկայի մեջ բյուրեղացած ձևով արտահայտվել է հելլենիստական դարաշրջանից եկող այն բանական, ռացիոնալիստական մոտեցումը իրերին, որի պահպանումը ապահովում էր անտիկ գիտության ավանդների հարատևումը նաև վաղ միջնադարյան շրջանում ու հատկապես Հայաստանում։ Խորենացու Պատմության մեջ այն արտահայտվում է և այլ կետերում, մասնավորապես առասպելների ու ժողովրդական ավանդությունների նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքի մեջ, որը, ըստ էության, նրա մեթոդիկայի դրսևորումներից մեկն է։ Խորենացին ամենևին չի մերժում առասպելներն ու ավանդություններր որպես պատմական աղբյուր: Նա միայն ջանում է պարզաբանել դրանք, զատել գերբնականը, կյանքի երևույթներին անհարիրը, գտնել իրական պատմականը։
Ըստ Խորենացու հաղորդած առասպելի, Արտաշես թագավորը, զայրանալով իր որդի Արտավազդի վրա՝ անիծում է նրան այսպիսի խոսքերով. «Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, քաջքերը քեզ բըռնեն տանեն Ազատն ի վեր դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես», և անեծքը շուտով կատարվում է։ Ահա թե ինչպես է պարզաբանում այս առասպելի իմաստը Խորենացին. Արտավազդր, գրում է նա, «քիչ օրեր թագավորելուց հետո մի անգամ անցնում էր Արտաշատ քաղաքի կամուրջով, Գինա ակունքների մոտ կինճեր և վայրի խոզեր որսալու, հանկարծ ինչ-որ ցնորքից շփոթվում խելագարվում է, ձիուց վայր է ընկնում մի խոր փոսի մեջ և այնտեղ խորասուզվում անհետանում է»: Նման օրինակները կարելիէ բազմացնել, որովհետև գրեթե բոլոր իր ներկայացրած առասպելները Խորենացին ջանում է պարզաբանել, փոխադրել առօրեական հասկացությունների։ Նույն ռացիոնալ մտածողության դրսևորումն է և Խորենացու եվհեմերիստական պատկերացումը հեթանոսական աստվածների մասին, ըստ որի դրանք նախապես մարդիկ են եղել ու հետո աստվածացվել են։ Այսպես, Վահագն աստվածը, ըստ Խորենացու, պատմական անձնավորություն է, Տիգրան Երվանդյանի որդին։
Շարադրանքը պատմահայրը առաջ է տանում երեք զուգահեռ գծերով՝ սերտորեն կապակցելով դրանք իրար հետ։ Առաջին և կարևորագույնը հայոց նահապետների գիծն է, սկսած Հայկից, որն այնուհետև Պարույրից սկսած վերածվում է հայոց թագավորների գծի, շարունակվելով մինչև վերջին իշխող Արտաշես Արշակունին։ Այնուհետև սրան գումարվում է հայ կաթողիկոսների շարանը։ Երկրորդ սրանց զուգահեռը հայ նախարարական տների պատմությանն է։ Հղացվում է Խորենացու ձգտումը սրանցից ամեն մեկին իր պատշաճը հատուցել, ցույց տալ յուրաքանչյուրի ծագումը, և աչքաթող չանել հետագա զարգացումը։ Բնական է, որ ամենից շատ ուշադրության են արժանանում Բագրատունիները, որոնց թելը Խորենացու «Պատմության» մեջ գրեթե անընդհատ է։ Երրորդ գիծը, որ առաջանում ու անհետանում է ըստ անհրաժեշտության, Հայաստանին հարևան կամ ընդհանրապես առնչվող երկրների պատմությունն է։ Այն ի հայտ է գալիս այնպիսի հատվածներում, որտեղ Հայոց պատմությունը կապակցվում է այդ երկրների պատմության հետ։
Բնականաբար, մույս բոլորի համար Խորենացու ձեռքի տակ եղած աղբյուրները տարբեր էին, մի մասը գրավոր, մյուսը՝ բանավոր, երրորդը՝ ստուգաբանական և այլն, բայց նա հմուտ շարադրանքով այնպես է միաձուլում դրանց տվյալները, որ ստացվում է բազմաթիվ թելերի միահյուսված կուռ ընթացք։
Սկսելով պատմել որևէ պատմական երևույթի, դիցուք պետական որևէ հիմնարկության ստեղծման մասին, Խորենացին այլևս բաց չի թողնում այն իր տեսադաշտից և հետևում է նրա զարգացմանը մինչև բնական ավարտը կամ վախճանը։ Օրինակ, նա պատմում է, որ Վաղարշակ թագավորը Արմավիրում մեհյաններ շինեց, որտեղ տեղավորեց Արեգակի և Լուսնի, ինչպես և իր նախնիների կուռքերը։ Հետագայում նա ևս հինգ անգամ անդրադառնում է դրանց, հիշատակելով տարբեր թագավորների օրոք նրանց տեղաշարժումը քաղաքից քաղաք և վերջապես՝ ոչնչացումը Արտաշիր Պապականի կողմից։ Բնական է, որ թագավորական նախնիների կուռքերի պաշտամունքի մասին Խորենացու ունեցած տեղեկությունները գալիս են մեկ, ամենաշատը մի երկու աղբյուրից, բայց նա բաժանում է այդ տեղեկությունները ըստ դրվագների և դրանք տեղադրում համապատասխան թագավորների պատմությանը վերաբերող մասում։
Շարադրանքի այսօրինակ ձևերով է, որ, ի լրումն նրա՝ նյութի մշակման վերը բնութագրված սկզբունքի, Խորենացին հասել է իր «Հայոց պատմության» ամբողջական, համաչափ ու սլացիկ տեսքին, որը համեմատելի է արվեստի մի կատարյալ գործի՝ արձանի կամ ճարտարապետական կերտվածքի հետ։
Ասվածը, սակայն, չի նշանակում, որ նույնքան ներդաշնակություն կա նաև «Հայոց պատմության» և ստույգ պատմության մեջ, վերջինիս տակ հասկանալով բոլոր ստույգ ու հավաստի աղբյուրների հիման վրա ներկայումս վերականգնված պատմության ընթացքր։ Եվ դա հնարավոր էլ չէր կարող դառնալ աղբյուրների այն հիմքի վրա, որ ուներ Խորենացին, ինչքան էլ որ նա ջանացել է լավագույն ձևով օգտագործել ու իրացնել այդ հիմքը։
Խորենացու «Հայոց պատմության» պատմագիտական արժեքը գնահատելիս, կարելի է նշել մի քանի հիմնական կետ։
Առաջինը պատմության պարբերացումն է «Հայոց պատմության» մեջ, որպիսի խնդրում պատմահայրը լրիվ արդարացնում է պատմությունը հետազոտողի և ոչ սոսկ արձանագրողի իր համբավը։
Որպես իր շարադրանքի բնական սկիզբ և վերջ, Խորենացին ընտրում է ժողովուրդների և մասնավորապես հայ ժողովրդի առաջացումը և հին հայկական Արշակունյաց պետության անկումը։ Այդ ամբողջ ժամանակաշրջանը նա բաժանում է երեք հատվածների, որոնցից յուրաքանչյուրը ամփոփում է մի գրքի մեջ։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում I և II գրքերը իրարից բաժանող սահմանը։ Եթե մի պահ, վերանալով գրքերի բաժանումից, հետևեինք միայն իրադարձությունների զարգացմանր, կհամոզվեինք, որ Խորենացու համար հայոց պատմության նոր դարաշրջան է սկսվում Վաղարշակի գահակալումից, այսինքն Արշակունիների հայկական ճյուղի սկզբնավորումից, որը պատմահայրը դնում է մ. թ. ա. 2-րդ դարի կեսերին: Այսուհանդերձ, I և II գրքերի սահման է դարձված ոչ թե այդ իրադարձությունը, այլ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը։ Լայնախոհ պատմահայրը դիտել է Հայաստանը և նրա պատմությունը միայն համաշխարհային պատմության համապատկերի վրա, որպես նրա մի մասը։ Իսկ համաշխարհային պատմության շրջադարձային երևույթներից մեկը պատմագրության մեջ համարվել ու համարվում են Ալեքսանդրի արշավանքները, որոնցից սկսվեց, այսպես կոչված, հելլենիստական դարաշրջանը, իր հետ բերելով մարդկության՝ նախկինում իրարից էապես անջրպետված արևելյան ու արևմտյան հատվածների միախառնում, տնտեսական ու մշակութային փոխբեղմնավորում, որը անհամեմատ արագացրեց պատմության ընթացքը:
II և III գրքերի սահմանը քրիստոնեության ընդունումը և Տրդատ Մեծի գահակալությունն է Հայաստանում: Խորենացի-հետազոտողը էլ ավելի որոշակի է ուրվագծվում պատմության ժամանակագրության հանդեպ ցուցաբերած մոտեցմամբ։ «Պատմությունը ճշմարիտ չէ առանց ժամանակագրության», — գրում է Խորենացին, դրանով տարբերվելով 5-րդ դարի մյուս հայ մատենագիրներից, որոնք բավական, թեև տարբեր չափերով, անհոգ են ժամանակագրության նկատմամբ։ Այսուհանդերձ, իր «Պատմության» I գիրքը պատմահայրը չի օժտել ժամանակագրական մանրամասն ցուցումներով, հավանաբար աղբյուրներում դրա համար բավականաչափ տվյալներ չգտնելով, և բավարարվել է միայն հայ իշխողներին նրանց ժամանակակից հարևան երկրների իշխողների հետ հարաբերակցելով, ու դրանով նշելով նրանց ժամանակը։
Պատկերը արմատապես փոխվում է սկսած II գրքի սկզբից։ II և III գրքերը ծայրեծայր պատած են կուռ ժամանակագրական ցանցով, որը ներկայանում է, սակայն, «Հայոց պատմության» մեջ ոչ թե որևէ աղյուսակի ձևով, այլ նրա տեքստով մեկ ցրված ժամանակագրական թվական ցուցումների միջոցով։
Խորենացու ժամանակագրական համակարգը ներքուստ նույնքան անթերի է, փոխհամաձայնեցված, կուռ ու սլացիկ, որքան և ինքը՝ «Պատմությունը» ։ Այն կառուցված է աղբյուրների ժողովման, ընտրության, դասակարգման, մշակման միևնույն մեթոդներով։ Բայց և այդ, իր հիմքում հավաստի և բազմաթիվ մանրամասնություններում ճշմարտացի համակարգը, ունի, ինչպես և «Պատմությունը», մի շարք շեղումներ (երբեմն՝ բավականաչափ էական) ստույգ ժամանակագրությունից, որոնց հիմքը և պատճառը Խորենացու ձեռքի տակ եղած աղբյուրների պակասավորության ու սխալաշատության մեջ է։
Խորենացու ժամանակագրությունը, իր շեղումներով հանդերձ, հայ պատմագրության խոշորագույն նվաճումներից է։ Խորենացին հայ իրականության մեջ առաջին փորձն է կատարել կազմել որոշակի ժամանակահատվածի փոխկապակցված համաժամանակյա (սինքրոնիկ) ժամանակագրություն և այդ փորձը հսկայական ազդեցություն է գործել հետագայի հայ մատենագիրների վրա։ Խորենացու ժամանակագրության մի շարք հատվածներ այսօր էլ հիմք են ծառայում հայ ժողովրդի պատմության գիտական ժամանակագրությունը կազմելու գործում։
Խորենացու «Հայոց պատմությունը» պարունակում է պատմական անսպառ փաստեր, որոնք մեծ մասամբ վերաբերում են հայ ժողովրդի պատմության առավել մութ շրջաններին։ Անհնար է գնահատել ու արժեքավորել փաստերի այդ գանձարանը իր ամբողջության մեջ, և նրա իրական ճանաչումը գիտության մեջ դեռ նոր է սկսվել։ Այդ պատճառով բավարարվենք մի օրինակով, նշելով մի քանի կարևոր փաստեր, որոնք մատուցում է Խորենացին, ասենք, հայ պետականության սկզբնավորման ու զարգացման ընթացքը գիտականորեն լուսաբանելու համար։ Դրա հնագույն շրջանը միայն Խորենացին է ուրվագծում։ Նրա պատմածը հայկական առաջին թագավորության ստեղծման մասին Պարույրի օրոք մ. թ. ա. 7-րդ դարի վերջերին, ինչպես համարում են հետազոտողները, համապատասխանում է օտար հավաստի (սեպագրական, հունական) աղբյուրների տվյալներին՝ այդ ժամանակաշրջանի իրողությունների մասին, այն է՝ Ասորեստանի ջախջախման՝ հզորացած Մարաստանի և նրա դաշնակից Բաբելոնիայի կողմից։ Սրանց, ըստ Խորենացու, հարել էր և հայ նահապետ Պարույրը, որի համար էլ թագ ստացավ Մարաստանի թագավորից։
Հայ պետականության զարգացման հաջորդ փուլր, որ լուսաբանում է Խորենացու «Պատմությունր», վերաբերում է մ. թ. ա. 6-րդ կեսերին։ Հայաստանը արդեն մեծ երկիր է, տարածված Հայկական լեռնաշխարհում։ Այստեղ իշխում է Երվանդ թագավորը (Սակավակյաց մականվամբ) և այնուհետև՝ նրա որդի Տիգրանը։ Վերջինս դաշնակից է եղել Կյուրոս Մեծին, որը ջախջախեց մարական տերությունը և հաստատեց նոր աշխարհակալություն՝ Աքեմենյան Պարսկաստանը։ Տիգրանը ևս հաղթական պատերազմ էր վարել մարերի թագավոր Աժդահակի դեմ։ Խորենացու այս տեղեկությունները ներդաշնակում են մ. թ. ա. 5-4 դարերի հույն հեղինակ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» երկում հանդես եկող՝ հայկական թագավորության ու թագավորի, նրա որդի Տիգրանի` Կյուրոսի բարեկամի, և դրանց մասին այլևայլ մանրամասնությունների նկարագրության հետ։
Հատուկ նշանակություն ունի Արշակունիների հարստության ներկայացուցիչ Վաղարշակի՝ Հայաստանում գահակալման և պետության կազմավորման ուղղությամբ ծավալած գործունեության մանրամասն պատմությունը, որ անում է Խորենացին։ Այստեղ նա տեղեկություններ է հայտնում հին հայկական պետական համակարգի, արքունիքի, զորքի, արդարադատության, այլևայլ պետական հիմնարկների մասին։
Վերջապես, Խորենացուն ենք պարտական հին հայկական պետության եզրափակիչ փուլի, Մեծ Հայքի՝ Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև բաժանման պահից (387 թ.) մինչև Արշակունիների վերացումը (428 թ.) ժամանակաշրջանի մանրամասն պատմության համար։
Խորենացին եզակի տեղեկություն է պահպանել հին Հայաստանում քաղաքի և գյուղի հակադրության գոյության մասին։ Նա պատմում է Արտաշեսի կողմից գյուղերին (այսինքն՝ գյուղացիական ազատ համայնքներին) պատկանող հողերի սահմանազատման մասին՝ ագարակներին (այսինքն՝ մասնատիրական տնտեսություններին) վերաբերող հողերից, և դրանով բացատրում Արտաշես 1-ինի մեզ հասած սահմանաքարերի հաստատման բուն իմաստը, ու պատմաբանի առջև բացում հին Հայաստանում հողային հարաբերությունների զարգացման մի նոր էջ։ Խորենացին է, որ թողել է մասնատիրական տնտեսության տեսակներից մեկի՝ դաստակերտի նկարագրությունը, որը դարձյալ եզակի է հին Հայաստանին վերաբերող աղբյուրների մեջ, այլև տեղեկություն է պահպանել այն մասին, թե այդ տնտեսություններում աշխատում էին «ծառա» կոչված ստրուկները։ Այս տեղեկությունները հիրավի անգնահատելի ծառայություն են մատուցում հին Հայաստանի հասարակարգը ուսումնասիրելու համար։
Ի վերջո, անդրադառնանք այն մեծագույն պարգևներից մեկին, որ արել է Խորենացին իր ժողովրդին, պահպանելով իր երկի էջերում նմուշներ նրա հնագույն հոգևոր մշակույթից՝ հեթանոսական կրոնից և ժողովրդական բանահյուսությունից։ Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Տորք, Աստղիկ և այլն, այս անունները և նրանց հետ կապված առասպելները հայերի հեթանոսական կրոնի և հավատալիքների հնագույն շերտից եկող նմուշներ են, որոնք ցույց են տալիս, որ դեռևս Արամազդի, Վահագնի, Անահիտի, Միհրի և մյուս իրանական աստվածանուններ կրող աստվածներից կազմված հայկական պանթեոնից առաջ հայերն ունեցել են մի նախնական, առավել հին պանթեոն, որը արգասիք է նրանց հնագույն ինքնատիպ մշակույթի։ Հազարամյակների խորքից Խորենացին փրկել ու մեզ է հասցրել Վահագն աստծու ծննդյան երգը։
Սրանից ոչ պակաս, գուցե և ավելի կարևոր են Խորենացու պահպանած հնագույն ժողովրդական բանահյուսության նմուշները, որոնք վկայում են, որ «Սասնա ծռերից» առաջ մենք ունեցել ենք ավելի հին էպոս և այլևայլ էպիքական երգեր։ Խորենացին ներկայացնում է դրանց նմուշները ճիշտ այն տեսքով, ինչպես որ լսել է ժողովրդական երգիչների՝ գուսանների բերանից։ Հարկ է շեշաել, որ «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ էպիքական երգերի նրա մեզ հասցրած հատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղ հայոց լեզվի վիճակն արտացոլող նմուշներ են։
«Հայոց պատմությունը» արդյունք է նրա հեղինակի, մի կողմից՝ հանճարի, մյուս կողմից քաղաքացիական վեհ ու ազնիվ զգացումի, որր դրսևորվում է Պատմության ամեն մի էջում առաջինից մինչև վերջինը։ Խորենացու քաղաքացիական զգացումը շեշտված ողբերգական գունավորում ունի։ Դրա խտացված արտահայտությունն է Պատմությունը եզրափակող հատվածը, ուր հեղինակը դառնորեն ողբում է երկրի դժբախտ վիճակը բարքերի անկման, կրքերի սանձազերծման, պարտականությունների ուրաց֊ման ու այլ արատների հետևանքով:
Խորենացու ողբերգության ակունքը նրա հույսերի, քաղաքական համակրանքի երկփեղկման մեջ է։ Դրանք բաժանվում են ժամանակի երկու, ղեկավար ուժերի միջև, մի կողմից՝ նախարարության, որի մեջ էր տեսնում պատմահայրը իր ժողովրդի կարողությունների մարմնավորումը և ապագան և, մյուս կողմից, կենտրոնական թագավորական իշխանության, որը կոչված էր միավորել, ամրապնդել երկիրը արտաքին թշնամու դեմ, և որպես այդպիսին չէր կարող սկզբունքով չնվիրագործվել պատմահոր կողմից, թեև վերջինս հաճախ խստորեն ու քննադատաբար է արտահայտվում մի շարք թագավորների մասին։ Բայց ահա, այդ երկու ուժերը հակամարտության մեջ էին, արյունալի հակամարտություն, որը արտաքին հզոր ռազմաքաղաքական ուժերի՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի՝ Հայաստանը ջլատող քաղաքականությանը կամա-ակամա սատարելով, հանգեցրեց երկրի անկախության կորստյանր։ Այստեղից ծնվում է հեղինակի ձգտումը՝ պատմության ուժով հաղթահարել դառն իրականությունը, պատմությունը օրինակ ծառայեցնել ներկային։
Խորենացու երկի այս նպատակադրումը լիովին իրականացել է։ Նրա ստեղծած «Հայոց պատմությունը» դասագիրք է եղել միջնադարյան հայկական դպրոցներում, նրանով կրթվել են հայ հասարակության տասնյակ սերունդներ, կազմակերպվել է նրա մտավորականության գիտա-քաղաքական միտքը, այն քաջության ու մարդկային բոլոր այլ բարեմասնությունների օրինակներ է ցուցադրել դժվարին ճանապարհ կտրած ժողովրդին։ Մովսես Խորենացին մեծ ազդեցություն է թողել միջնադարյան հայ պատմագիտական մտքի վրա, հետագա գրեթե բոլոր պատմիչները օգտվել են նրա աշխատությունից։
Նոր ժամանակներում Խորենացու Պատմությունը դարձել է համաշխարհային գիտության ուսումնասիրման առարկա։ Նրանով զբաղվել են նաև անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, ոուս, իտալացի և այլ ազգերի պատկանող գիտնականներ։ Այդպիսի լայն ճանաչման ու հետաքրքրության պատճառներից մեկն էլ այն է, որ պատմահայրը հայ ժողովրդի պատմությունը դիտել է համաշխարհային պատմության միջավայրում։ Նրա տեսադաշտի մեջ էր ժամանակի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Խորենացին շարադրել է Հայաստանի պատմությունը մերձակա և նրա հետ առնչվող բոլոր երկրների պատմության հետ փոխկապակցված։ Նա տեղեկություններ է հաղորդում հին Բաբելոնի, Ասորեստանի, Պաղեստանի, Ուրարտուի, Աքեմենյան Պարսկաստանի, Հունաստանի, Սելեկյանների տերության, Հին Հռոմի, Պարթևստանի, Սասանյան Պարսկաստանի, Բյուզանդիայի, Ասորիքի, Վրաստանի, Աղվանքի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին, որով և դառնում է հիշյալ երկրների պատմության սկզբնաղբյուրներից մեկը։
Նա խորն է ըմբռնել իր ժողովրդի տեղն ու էությունը և տվել նրա հպարտ ու անմահ բնութագրումը, «...թեպէտ և եմք ածու փոքր և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ. և զօրութեամբ տկար և ընդ այլով յոլով անդամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ հիշատակի»:




«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:
Մովսես Խորենացի

«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր .... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար, կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայր»:
Վիկտոր Լանգլուա,
(ֆրանսիացի արևելագետ, հայագետ)

«Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»:
Ստեփան Մալխասյանց,
(բանասեր, լեզվաբան)

«Խորենացու «Պատմություն Հայոց» -ը գրված է խորունկ հայրենասիրությամբ .... Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը: Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ, ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել:
Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար... Նա որոնում էր այն փաստերը, որոնք պետք է հաստատեին պատմական ճշմարտությունը»:
Ֆրեդերիկ Ֆեյդի,
(ֆրանսիացի հայագետ)

Խորենացու ասույթներից շատերը դարձել են թևավոր խոսքեր.
«Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրի՝ այնքան էլ կտիրի»:

«Քաջերի սերունդները քաջեր են»:


«Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13160 | 0
01:01, 08.12.2017
30021 | 0
23:45, 27.08.2017
21815 | 0
наверх