Քահանան հարցնում է կնքահորը. - Այս երեխան ի՞նչ է ցանկանում: Կնքահայրը պատասխանում է. - Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտության խորհրդի իմաստը Կյանքում շատերս ենք կարևորում մեր ծննդյան օրը և հաճախ այն տոնում ենք մեծ շուքով: Մեր աշխարհ գալը, մեր ծննդյան օրը գեղեցիկ և մեծ իրադարձություն է: Այդպիսի գեղեցիկ և կարևոր իրադարձություն է նաև մեր մկրտությունը, քանի որ այն մեր հոգևոր ծնունդն է: Մկրտության խորհրդի միջոցով դառնում ենք քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ: Մկրտությունը կատարվում է օրհնված ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողին մեղքից, որը կոչվում է սկզբնական կամ ադամական մեղք: Նախորդ տարվա դասընթացից մենք արդեն գիտենք, որ Ադամը չլսեց Աստծո պատվիրանը, մեղք գործեց, այդպիսով հեռացավ Աստծուց և զրկվեց դրախտային կյանքից: |