МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
Ջազ՝ հայկական համ ու հոտով
14:38, 30.04.2014
3507 | 0

«Ջազը եւ Գյումրին» նախագծի հերթական համերգը ապրիլի 27-ին էր՝ դարձյալ «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Գյումրեցի ջազասեր հասարակությանն այս անգամ հյուրընկալվել էր AVA տրիոն՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի ու Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ: Մեկ բեմում հայտնված երեք տարբեր բենդերի հիմնադիրները (Արտո Թունջբոյաջյան՝ «Armenian Navy Band» ՝ «Վահագն Հայրապետյան՝ «Կատուներ» եւ Արմեն Հյուսնունց՝ Հայաստանի պետական ջազ բենդի) փոքրիկ դահլիճը լցրել էին ջազային անկրկնելի կատարումներով՝ համեմված հայկական էլեւէջներով:

-Նկարներ ենք նվագում՝ գույներով, տարբեր համ ու հոտով, մեր ակունքների համ ու հոտով՝ ներկայացնելով այսօրվա պատկերացրած մեր վայրկյանը, - համերգից առաջ ասում է Վահագն Հայրապետյանը՝ չցանկանալով նախապես խոսել համերգի ակնկալիքներից, - թե ինչ կարող է ստացվել, կախված է հանդիսատեսից եկող էներգիայից, հետո այդ տիպի էներգիա էլ մեր միջից է դուրս գալիս ու գնում հանդիսատեսին ու էլի ետ է գալիս մեզ»:

Արտո Թունջբոյաջյանը Գյումրիում 2-րդ անգամ է համերգով ներկայանում, բայց հստակ ասելիքով ու հատուկ երգացանկով: Արտագաղթ, օտարամոլություն, հայրենիքը լքելու պատրաստակամ երիտասարդներ. սրանք խնդիրներ են, որոնք երաժիշտը բարձրացնում է իր երգի միջոցով ու սփյուռքահայությանն անընդմեջ միասնականության ու Հայաստանում համախմբվելու կոչ անում. «Հայրենասիրությունը պուլտով, հեռվից չի լինում: Մոսկվայից, Լոս Անջելեսից խոսում են՝ սիրում եմ, սիրում եմ, բայց գիտեն, թե հայ ազգի համար դա լավ է, հակառակը, ավելի վատ է լինում»:

Իսկ համերգն ու գյումրեցի հանդիսատեսն այնքան էր ոգեւորել Արտո Թունջբոյաջյանին, որ վերջինս բեմից շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին ու խոստացավ նորից հանդիպման գալ:

Վահագն Հայրապետյանն էլ նշում է՝ բոլորս գիտենք մշակութային, սպորտային Գյումրու նշանակությունը Հայաստանի համար, ու «Ջազը եւ Գյումրին» նախագիծը քաղաքի մշակութային բաղադրիչի մի մասնիկն է. «Ափսոս է այս քաղաքը, ամբողջ իր կյանքում մշակույթով է շնչել ու մշակույթ է ներկայացրել աշխարհին, հիմա պետք է հավաքվենք այս մարդու կողքին ու օգնենք նրան՝ ինչով կարող ենք, որ նախագիծը ավելի մեծամասշտաբ դառնա, փառատոններ կազմակերպվեն, թե չէ ամիսը մեկ անգամ 4 հոգի է գալիս, նվագում, գնում ու հետո մի ամբողջ ամիս այդպես պարապ նստում ենք»:

Իսկ «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ, «Մանուկյան» ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նոր համերգներ է խոստանում: Հերթականը հունիսի 30-ին է, այս անգամ Գյումրի է այցելելու համաշխարհային ճանաչում ունեցող ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը: Համերգն ավելի մեծամասշտաբ է լինելու եւ անցկացվելու է թատրոնի շենքում. «Տաթեւիկ Հովհաննիսյանը Նյու Յորքից Հայաստան է գալիս հատուկ համերգի համար՝ իր բենդով: Նա 4 համերգով է ներկայանալու՝ 2-ը Երեւանում, 1-ը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Գյումրիում՝ «Ջազ եւ Գյումրի» նախագծի շրջանակներում: Բացառիկ համերգ է լինելու, որովհետեւ Սովետական միության ջազի թագուհին, ինչպես իրեն անվանում են, առաջին անգամ է Գյումրիում ելույթ ունենալու»: http://www.asparez.am/

Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх