МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Завтра+19 °C
ՍՈՒՐԲ ԽԱՉԸ` ԶՈՐԱՎԻԳ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
12:31, 22.05.2014
3083 | 0
ՕՐ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ
Օրը գեղեցիկ սկսվեց: Ծաղկաձորը «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի 70 ուխտավորներին դիմավորեց ջերմ արևով, անտառների թարմ հոտով: Թեղեիս լեռան գագաթին տեղ-տեղ ձյուն էր նշմարվում: Ամենուր ծաղիկների մեղմ բույր կար, անամպ, կապույտ երկինք... Գիտենք, որ Ծաղկաձորն ամռանը կդառնա մանկական քաղաք, կլցվի ճիչ ու աղմուկով, սակայն հիմա այն առողջարանային հանգստի գոտի է: Ավտոբուսները կանգնեցին մարզահամալիրի մոտ և բոլորը հմայված էին բնության գեղեցկությամբ: Քաղաքի թոհ ու բոհից հետո` եդեմական խաղաղություն էր, ջինջ օդ… Գույնզգույն ծաղիկների այնպիսի առատություն կար, որ ուղղակի չեն ուզում հեռանալ այդ վայրից… Գարունն իր բոլոր շքեղությամբ այստեղ էր…
Այդ գողտրիկ քաղաքում ամեն ինչ խոնարհումի էր արժանի: Ծաղկաձորի բարձր դիրքում գտնվող Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին` Կեչառիսը, իր չորս եկեղեցիներով` (Ս. Գրիգոր Լուսավորիչ, ոչ մեծ Ս. Նշան, շքեղ Կաթողիկեն և մոտակա Ս. Հարությունը) դեպի իրենց էին գրավում այցելուներին: Բակում է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար): Միջնադարյան վանքում էին սելջուկների դեմ մղված մարտերում զոհված Պահլավունյաց տոհմի Ապիրատյան Գրիգոր իշխանի (1099) և Մեծ իշխան Պռոշի (1284) շիրմաքարերը: Դարերի ընթացքում վանքն ավերվել ու նորոգվել է: 1248 թ-ին Խաչենի Հասան իշխանն իր կնոջ` Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ նորոգել է մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները: Կոտայքի թեմը վերահաստատվել է 1996թ. մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով: 2000թ. հուլիսին Կեչառիս վանական համալիրն վերաօծվել է Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ: Ուխտավորներն իրենց աղոթքով ու մոմավառությամբ հրաժեշտ տվեցին Կեչառիսին` վաղը կրկին գալու ակնկալիքով:
Երեկոյան «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի երգչախմբի և պարախմբի, սոցիալական և լրագրողական խմբերի երիտասարդները, Տիկնանց միությունը, ավելի մոտիկից ծանոթացան միմյանց հետ, տեղեկացան, թե ով ինչպես է եկել հոգևոր կենտրոն, ինչ նախասիրություններ ունեն և ինչ աշխատանքներ են նախատեսում անել` զորացնելու Հայ Առաքելական եկեղեցին: Երեկոն ավարտվեց հոգևոր և ազգային երգ ու պարով:

«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Շաբաթ օրը կրկին մեզ ջերմացրեց Ծաղկաձորի գարնանային արևը: Թեև պետք է ասել, որ այնտեղ եղանակը շատ փոփոխական է: Մի մասին ձգում էր անտառն` իր հետաքրքություններով, մի մասին էլ` ճոպանուղին: Կեսօրից մինչ երեկո մեծ մասն այցելեց Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների նորոգված բացառիկ տուն-թանգարանը, ծանոթացավ համաշխարհային գիտնականների կյանքին ու գործունեությանը, ձեռք բերած հաջողություններին: Իշխանական ծագում ունեցող այս երևելի այրերը` լինելով ժամանակի առաջավոր դեմքեր, բարձր են գնահատել գիտության և կրթության դերը, որը շատ ուսանելի է ներկա սերնդի համար: Եվ այդ հաճելի ու հետաքրքիր այցելությունից հետո, երեկոյան` «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնում անցկացվեց ինտելեկտուալ հոգևոր խաղ-մրցույթ, որտեղ կարևոր չէր, թե ով հաղթեց, երիտասարդները սովորեցին շատ հարցերի ճիշտ պատասխանները…

ՕՐ ՏՈՆԱԿԱՆ
Վաղ առավոտից բոլորը պատրաստվում են Կեչառիս վանական համալիրում Հիսուսի Հրաշափառ Հարությունից 28 օր հետո Սուրբ Խաչի երևան տոնը նշելու: Պատարագիչը «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էր: Սուրբ Պատարագին մասնակցում էին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Մինաս աբեղա Հախվերդյանը, Կեչառիսի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Շահան քահանա Միրզոյանը, հոգևոր սպասավոր Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը, Կեչառիս վանական համալիրի խաչքավոր Սամվել Շահնազարյանը, ինչպես նաև Լուսավորիչ Մայր եկեղեցու խաչքավոր Հովհաննես Մարգարյանն՝ իրենց ընտանիքներով, հավատացյալներ, հյուրեր, ուխտավորներ: Պատարագին դպրաց բաժինը կատարեց «ՀԱՎԱՏԱՄՔ» երգչախումբը և գեղեցիկ կատարումներով շատերին անմոռանալի պահեր պարգևեց:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի քարոզը Սուրբ Խաչի երևման տոնի մասին էր, երբ 351-ին, Երուսաղեմում ցերեկը Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ, իբրև ուղղափառ դավանության ճշմարիտ ապացույց: Խաչի բազում զորությունները ներկայացնելով, Տեր Հայրն ասաց, որ այն օգնում է հաստատուն մնալ հավատի մեջ` Կենաց ծառի պտուղը ճաշակելու հույսով: Պատարագն ավարտվեց Սրբազան հոր Պահպանիչ աղոթքով:
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի երգչախումբն ու պարախումբը կազմակերպել էին տոնական համերգ, սակայն երկինքն սկսեց մթնել և մանրիկ անձրև տեղաց, սակայն պարի խմբի նրբիրան աղջիկները չընկրկեցին, շարունակեցին պարել, շուտով արևը ջերմացրեց բոլորին և ուրախ երգ ու պարն իր շուրջ հավաքեց տեղի բնակիչներին, հավատացյալներին, շատերին: Ոխտագնացությունը ոչ միայն ուխտավորի ցանկություններն իրականացնելու ձգտում է, այլև ծառայություն Աստծուն և շրջապատի մարդկանց; Այն սովորեցնում է համբերատար և պատրաստակամ լինել` բարի ու լավ գործեր անելու համար:
Երեկոյան, ուրախ խնջույքի ժամանակ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմադրամի կողմից շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին «ՀԱՎԱՏԱՄՔ» երգչախմբի անդամներին, խմբավար Րաֆֆի Միքայելյանին, հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, բոլոր նրանց, ովքեր սատարել են երգչախմբին հաջողություններ ձեռք բերելու Բելոռուսի Գրոդնո քաղաքում անցկացվող մրցույթին:
-Ուխտագնացությունը մի ճանապարհ է, որը սովորեցնում է Աստծուն հուսալով հաղթահարել դժվարությունները, միաժամանակ հնարավորություն տալիս Աստվածահաճո կյանքով ապրել: Այսօր մեզ զորավիգ է Սուրբ Խաչը, - ասում է «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Այս ժամանակահատվածում, երբ շատ են աղանդները և սայթաքելը` հեշտ և գտնել միակ ճիշտ ուղին ու քայլել հենց այդ ճանապարհով` միշտ չէ, որ դյուրին է լինում: Ուստի, այսօրվա երիտասարդությունը պետք է ձգտի հաստատուն ու հավատարիմ մնալ մեր պապերից ժառանգած սուրբ ավանդությանը:
Բաժանումը դժվար էր: Հրաշք բնությունը, կարծես, ձուլել էր մեզ իր հետ, դարձել էինք նրա մի մասնիկը: Ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի հրավառությամբ, որը լուսավոր ու անմոռանալի պահեր պարգևեց բոլորին, որպես ուխտի կատարման հաստատում:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8271 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
наверх