МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Завтра+34 °C
Սահմանային լարումը եւ ազգի անելիքը Հաղթանակն ամրապնդելու հրամայականը
12:21, 04.02.2015
3241 | 0

Վերջին օրերին իրավիճակը հայ—ադրբեջանական սահմանին եւ հրադադարի գծում խիստ լարված է։ Գիշերն ընկնելուն պես՝ ադրբեջանական ուժերը ձեռնարկում են դիվերսիոն—հետախուզական ներթափանցումների փորձեր, հետ մղվում հայկական ուժերի կողմից, գրանցվում են երկուստեք զոհեր։ Անհանգիստ է ամբողջ ճակատում՝ տավուշյան հենակետերից մինչեւ Քարվաճառ։ Կորստյան ծանր ցավը, ինչ խոսք, չպետք է հուսահատեցնի եւ խուճապի մատնի մեզ։ Փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ ինչ կարող ենք մենք մեր հերթին անել։

Արդեն նշել ենք, որ Ադրբեջանի ներկա ագրեսիվ քաղաքականությունը հետեւանք է երկրում սոցիալ—տնտեսական եւ երկրաքաղաքական ճգնաժամի (տե՛ս «2015 թվականը եւ Ադրբեջանը», «ՀՀ», 15.01.2015թ.) ։ Բացի այդ՝ ակնհայտ է դառնում նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ամանորյա ելույթի տրամաբանությունը, երբ վերջինս հոխորտում էր. «Մենք թշնամուն մեր պատմական հողերի վրա հանգիստ չենք տալու» ։ Այսինքն՝ բացի մեր կողմից թվարկված պատճառներից՝ սահմանին լարվածության կտրուկ ուժեղացումը պետք է նաեւ Հասանովին, որն, ըստ էության, նախարարական պաշտոնավարման ընթացքում աչքի չի ընկել որեւէ լուրջ հաջողությամբ։ Գիշերային դիվերսիոն պատերազմները, այսպիսով, դառնում են ադրբեջանական զինանոցի անբաժանելի մասը։
Հեռու ենք այն մտքից, որ այս գործողությունների նպատակը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է», ինչպես պնդում էր նույն Հասանովը. դիվերսիոն հարձակումներով հողեր չեն գրավում՝ սա ակնհայտ է։ Իրական նպատակը պարզ է դառնում, երբ հետեւում ենք այս օրերին Ադրբեջանի ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվա—քարոզչական գործունեությանը։
Այն, որ գործողությունների պատասխանատվությունը ադրբեջանական պաշտոնական լրահոսը բարդում է Հայաստանի վրա, նորություն չէ։ Բայց ահա նորություն է այն, որ Ադրբեջանը պարզապես դադարեցրել է իր կորուստների՝ վիրավորների, առավել եւս՝ զոհերի մասին հրապարակումներ տալը։ Բնականաբար, նման տեղեկություն տալու առաջնակարգ իրավասությունը պատկանում է Ադրբեջանի ՊՆ—ին, որը լռում է, իսկ համացանցային կամ տպագիր լրատվականները, բնականաբար, գործող կոշտ գրաքննության պայմաններում, անգամ եթե մասնավոր աղբյուրներից լուր առնեն կորուստների մասին, չեն հրապարակի։
Նախկինում եւս ադրբեջանական լրահոսը «ժլատ էր» կորուստների լուսաբանման հարցում, երբեմն ծածկադմփոց էին արվում այդ մարդկանց մահվան պարագաները՝ նշվելով, որ զոհվել են ականի պայթյունից, ռազմական մեքենայի վթարից եւ այլն։ Սակայն նման մարտավարությունը, այն է թե՝ սեփական կորուստների մասին առհասարակ ոչինչ չգրելը՝ փոխարենը գրելով հայկական կողմի կորուստների մասին, նոր է, եւ տրամաբանական զուգահեռն է ռազմական քաղաքականության նպատակների։ Այսպես՝ նման քայլով Ադրբեջանը փորձում է լուծել միանգամից երկու հարց՝ անիրազեկ թողնել սեփական հանրության լայն շրջանակներին ադրբեջանական կողմի կորուստների մասին, եւ երկրորդ՝ հետեւողական ապատեղեկատվության միջոցով ի վերջո հայկական կողմի մոտ հասունացնել հետեւյալ հարցը՝ «Իսկ ադրբեջանցիները կորուստ չե՞ն ունենում» ։ Սա էլ կարող է առաջացնել խուճապ, եթե հայաստանյան ժողովուրդը սկսի ենթադրել, թե իբր մեր կորուստները միակողմանի են, եւ սահմանին դրության տերը Ադրբեջանն է։
Ըստ որում, սեփական ժողովրդին պատերազմական կորուստների մասին անտեղյակ պահելով՝ Ադրբեջանը հետապնդում է ավելի հեռուն գնացող նպատակ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Անշուշտ, բնակչության զայրույթն ու հուսահատությունը չգրգռելն առաջնային են, սակայն վերջին շրջանում նկատելի է եւս մեկ միտում։ Նախկինում մարտական կորուստների մասին լրահոսը զուգահեռաբար ծառայում էր որպես միջոց՝ հակահայկանությանը նոր թափ հաղորդելու։ Ներկայումս Ադրբեջանը որոշել է հրաժարվել այս միջոցից՝ փոխարենը Հայաստանի հետ վարվող պատերազմը ներկայացնել միմիա՛յն հաղթական երանգներով, որպեսզի պատերազմական գործողությունների լայնամասշտաբ վերսկսումը շատերի համար լինի բաղձալի երեւույթ։
Կարճ ասած՝ մի կողմից ժողովրդին սնելով հակահայկականությամբ, մյուս կողմից պատերազմը ներկայացնելով որպես «հայ ավազակներին» պատժելու մի հաղթական հնարավորություն՝ գործնականում Ադրբեջանի իշխանությունները հասել են մի վիճակի, երբ պատերազմի վերսկսման հարցում երկրում առկա է միաձայնության հասնող վիճակ, բոլորը պատրաստ են հանուն «Ղարաբաղի ազատագրման» պատերազմին։ Այլ հարց է, որ պատերազմի հավանական վերսկսման դեպքում, երբ օրավուր աճող զոհերի պարագայում այլեւս անկարելի կլինի թաքցնել դա, Ադրբեջանի բնակչությունը կհասկանա, որ պատերազմը բնավ իշխանությունների նկարագրած քաղցր—մեղցր ու կայծակնային զորաշարժը չէր։ Այդուամենայնիվ, նախքան այդ պահը Ադրբեջանի բնակչությունը, մանավանդ նրա թյուրքալեզու—ադրբեջանական հատվածը, հիվանդագին կախվածության մեջ են իշխանություններից՝ ճիշտ այնպես, ինչպես վարժեցված կենդանին՝ վարժեցնողից։
Հայկական լսարանի վրա ազդելու առնչությամբ նախ մեջբերենք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը ադրբեջանցիների կորուստների մասին հարցին. «...ակտիվ գործողության ժամանակ որեւէ բան նշելը սխալ է։ Ցավոք, մենք չենք կարող, եթե պրոցեսն ընթացքի մեջ է, գործողությունը դեռ կիսատ է, ինչ—որ բան նշել... Դա գաղտնիություն է իր մեջ պարունակում» ։ Այնուհետեւ, պարոն Հովհաննիսյանը հավելում է, որ գործողությունների մարումից եւ դրության հանդարտեցումից հետո հակառակորդի կորուստների թվերի նշումը լրիվ հնարավոր է, ինչպես դա եղավ օգոստոսյան հնգօրյա միկրոպատերազմի օրերին։
Հայաստանյան բնակչության շրջանում տարածված եւս մեկ արդար մտահոգություն է, որ սահմանին զոհվում են հիմնականում երիտասարդ զինվորներ՝ 18—20 տարեկան, եւ առավել հաճախ են հնչում առարկություններ, թե ինչու նրանք չեն փոխարինվում առավել փորձառու եւ ոչ երիտասարդ անձանցով, մասնագիտական լեզվով ասած՝ պայմանագրային զինծառայողներով։
Դեռեւս օգոստոսի 12—ին՝ միկրոպատերազմի մարման շրջանում, «Սիվիլնեթ» համացանցային լրատվականին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ամբողջովին փոխարինել 18—20 տարեկան ժամկետային զինծառայողներին տեխնիկական հավաստանշման սարքերով կամ պայմանագրային զինծառայողներով ու Արցախում կռված հին սերնդի տղաներով՝ սխալ է, քանի որ որպես պատերազմող երկիր՝ մենք կարիքն ունենք պատերազմող ռեսուրսի մշտական սերնդափոխման, եւ անթույլատրելի կլինի, եթե 10 տարի հետո, երբ հին սերունդն արդեն ծերացած լինի, մենք պատերազմի վտանգի առաջ չունենանք մարտական դիրքերում ծառայություն անցնելու փորձառությամբ զինծառայողներ։ Ահա եւ որքան էլ ցավալի հնչի սա անձնային մակարդակում, փաստ է, որ ներկա տարածաշրջանային իրողությունները թելադրում են նման քաղաքականություն մեր ռազմական պատասխանատուների կողմից։ Ուրեմն ախտորոշենք խնդիրը՝
ա. Ադրբեջանի գոյությունը։ Ըստ Պլուտարքոսի՝ Կատոն Ավագը Սենատի քննարկումների ժամանակ իր ելույթներն ավարտում էր «Եվ այդուամենայնիվ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է ոչնչացվի» խոսքով, որը հետագայում դարձավ թեւավոր խոսք։ Կատոնը նկատի ուներ աֆրիկյան տարածքից Հռոմին մշտական սպառնալիք հանդիսացող այդ օջախի մարումը։ Համանման իրավիճակ է նաեւ մեր պարագայում։ Մենք անդրադարձել ենք այն խնդրին, որ անգամ եթե ալիեւյան վարչակարգին օրերից մի օր փոխարինի ժողովրդավար համակարգ՝ վերջինս անկարող կլինի հաշվի չնստել ժողովրդական տրամադրությունների հետ, որոնք էությամբ հակահայկական են։ Ի հետեւանս սրա՝ կա՛մ այդ վարչակարգը կշարունակի նախկինի ագրեսիվ քաղաքականությունը, կա՛մ կպարտվի եւ դիրքերը կզիջի բնակչության լայն զանգվածների տրամադրություններին հագուրդ տվող ուժերին։
Կարճ ասած՝ քանի դեռ ադրբեջանական բնակչությունը, ի մասնավորի՝ նրա տիտղոսային ազգը ապանացիֆիկացված չէ, եւ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային բռնության օջախ, խոսք չի կարող լինել տեւական եւ արդար խաղաղության մասին։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության սպառնալիք է՝ հաշվի առնելով վերջինիս հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաեւ սեփական պետության բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետեւողական ոտնահարումը։ Ի վերջո Արցախի հայության պայքարի հաջողությունը կարող է վարակիչ լինել այդ ժողովուրդների համար, իսկ Ադրբեջանի սահմանային եւ էթնիկ վերաձեւումը՝ ըստ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների, միմիայն բարերար ազդեցություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի վրա։
բ. Ժողովրդագրության խնդիրը։ Մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների մի զգալի մասը, այդ թվում՝ պաշտպանունակության հարցը, մեծապես կապված է ժողովրդագրական պրոցեսների հետ։ Հայտնի փաստ է, որ զանգվածային աղետներից հետո գործում է ազգի ինքնապահպանման բնազդը։ Այսպես՝ թե՛ հետեղեռնյան տարիներին, թե՛ Մեծ հայրենական պատերազմին հաջորդած շրջանում եւ թե՛ 1988թ. երկրաշարժից հետո նկատելի էր ծնելիության աճ։ Ուստի արդյոք ցեղասպանության 100—րդ խորհրդանշական տարելիցը եւ տարեսկզբյան սահմանային կորուստները չե՞ն կարող մի զորավոր խթան լինել, որ հայաստանյան ընտանիքներն առաջնորդվեն «երեքի օրենքով», ասել է թե՝ ամեն ընտանիքում մեծանան երկուսից ավելի երեխաներ։ Ակնհայտ է սրա կապը բանակային եղելությունների հետ, քանզի բնակչության աճին զուգահեռ՝ ավելի հեշտ կլուծվեն բանակի սպասարկմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ ԶՈՒ կազմում պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացումը, մարտական հենակետերի է՛լ ավելի անխոցելի դառնալը եւ, ի վերջո, դեմոգրաֆիկ ռեսուրսների հարցում Ադրբեջանի դեմ մրցունակության ամրապնդումը։
Ամփոփելով շարադրանքը՝ պետք է նշենք, որ ինչպես բազմիցս նշել են մեր վերլուծական, ինչպես նաեւ պետական պաշտոնատար շրջանակները, պատերազմն Ադրբեջանի դեմ ավարտված չէ։ Դրա պատճառներին խորամուխ լինելը թողնելով մեկ այլ հրապարակման՝ առայժմ արձանագրենք սա, եւ փաստենք, որ պատերազմական վիճակում գտնվող երկիրն ու իր բնակչությունը պետք է գործեն պատերազմական ժամանակի օրենքներին համապատասխան։
Մեր խնդիրն է երկրում հասնել քանակի եւ որակի համաչափ աճի, ասել է թե՝ երկրի բնակչության թվաքանակի աճի խթանումն ու վերջինիս պրոֆեսիոնալ մրցունակության ամրապնդումը պետք է լինեն առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ թե՛ պետական, թե՛ հասարակական մակարդակով։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական լուծումներին, ապա երկրի պաշտպանության ամրապնդումը, հայ—ադրբեջանական հարցում Թուրքիայի ներգրավվածության առավելագույնս բացառումը եւ Արցախի ազատագրված հայկական հողերի ամրապնդումը օրվա հրամայական են։ Արցախի Շահումյանի, Քաշաթաղի եւ Հադրութի շրջանի ազատագրված հողերը մեր միակ եւ անկրկնելի զորույթն են, որ երաշխավորում են Ադրբեջանի դեմ վերջնական հաղթանակը։

Էդգար ԷԼԲԱԿԵԱՆ

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх