МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Հայկական հետքերը Ռումինական Արճեշ քաղաքում
18:40, 05.06.2015
4460 | 0

Հայ ճարտարապետության հանճարը հայ մշակույթի փառքերից է և այդ փառքով հայ ճարտարապետությունը աշխարհին ներկայացավ իր հրաշակերտ հայ եկեղեցիներով: Հայ ճարտարապետական ոճը իր ազդեցությունը տարածեց նաև ռումինական ճարտարապետության վրա: Այս պարագան ընդգծված է գրեթե բոլոր հին ու նոր գիտնական-հետազոտողների կողմից: Նրանց միջից առաջինն էր պրոֆ. Կր. Թոչիլեսկուն, ով հաստատում էր այն «խնամությունը», որ գոյություն ուներ Ռումինիայի Արճեշ եկեղեցու ճակատի զարդարանքների և Հայաստանի հուշարձանների զարդարանքների միջև: Ուրիշ մի նշանավոր գիտնական՝ Պ. Փ. Հաշտեուն, հիացած լինելով Արճեշի եկեղեցու տարաշխարհիկ տեսարանից, նշում էր, որ այն շատ հայկական էր, և նույնիսկ փորձում էր հաստատել, որ Վանի շրջանից գաղթած և եկած հայ վարպետների ձեռքով էր շինված եկեղեցին:
Նշանավոր ռումին պատմաբան Ա. Շվազին հաստատում էր, թե ստորին Դանուբի հովիտի մեջ կառուցված Գուրթեա դե Արճեշի, Թըրկովիշթեի, Տրակոմիրնայի եկեղեցիները չունեն ոչ մի զարդ, որ հայկական չլինի: Պրոֆ. Կ. Պալշը 1911 թ. իր մի ուսումնասիրության մեջ նշմարում էր հայ ճարտարարվեստի ազդեցությունը Գոզիա վանքի եկեղեցու վրա: Մանրամասն ուսումնասիրությունից հետո, Կ. Պալշը եզրակացրեց, որ Մոլդովիայի և Վալախիայի հուշարձանների զարդական ճարտարապետության սկզբնաղբյուրները արևելյան են և հատկապես` հայկական: Ճարտարապետական գծերի առանձնահատկությամբ և, մանավանդ, քանդակների հարստությամբ պատերի արտաքին երեսների վրա Գուրթեա դե Արճեշի եկեղեցին և Տեալու վանքը շատ նմանություններ ունեն Հայաստանի ճարտարապետության զարդարվեստի հետ: Անշուշտ, դյուրին չէ ճշտել այն ճանապարհը` որտեղից հայկական արվեստը թափանցեց Ռումինիա: Ծագումը պետք է փնտրել Հայաստանի արվեստի մեջ:
Գուրթեա դե Արճեշի եկեղեցիի հարուստ զարդաքանդակները հայկական մոտիվների իսկական հավաքածու է հանդիսանում: Գուրթեա դե Արճեշի եկեղեցին կառուցվել է 1512-1517 թթ. իր ոճով` հարուստ զարդարանքով և գեղեցկությամբ, միակն է հանդիսանաում Եվրոպայի հարավ-արևելյան մասի մեջ գտնվող եկեղեցական կոթողներից: Եկեղեցական ճարտարապետության մեջ ուրույն տեղ գրավող Արճեշի վանքը շատ տպավորիչ է իր քանդակներով. պարանի նման պատերի գոտիներով, որոնք բաղկացած են շատ տարրերից հյուսված թելերով՝ մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ` նրանց վրայի տախտակներով և ստորին մասի վրա եղող մեկը մյուսից տարբեր հարուստ վարդազարդերով, եռակոնքերով, աղեղնակերպերով, որմնասյուներով, ծաղկաձև զարդերով, հյուսակներով, երկրաչափական կամ կենսաբանական զարդարանքներով, ծակոտին, ջղաձև և բարձրաքանդակներով կամ արտակարկառ ու առընթերադրված, որտեղ հարգված է համաչափությունը, համեմատությունը, պերճութունն ու նրբութունը, որտեղ քննադատ աչքն ու ոգին ոչինչ չի կարող գտնել ուղղելու, ոչ մի ավելորդություն, ոչ մի պակասություն: Գուրթեա դե Արճեշի վանքի հայկական ոճի մասին, ժամանակին մատնանշումներ ու ակնարկություններ են արել բազմաթիվ մասնագետներ: Աննկատ չենք կարող թողնել սկզբնական նմանություններ, որոնք գոյություն ունեն Մոլդովական կամարների սիստեմին և Հայաստանի քարե ճարտարապետական կոթողների միջև: Շատ պարզ երևում է Սանահին վանքի ժամատան մեջ, 10-13-րդ դդ.: Հետաքրքրական է նմանեցնել նաև մոլդովական քարե կլորաձև կամարների ութը աղեղներով ձևը հայկական վանքերի ժամատան վեցական կիսաբոլոր աղեղներով ձևի հետ: Այս երկու սիստեմները` հայկական և մոլդովական, տարակուսական պետք չէ մեզ թվան: Հայկական մտքի ներմուծումով, նրա մշակումը մոլդովական ճարտարապետության ձևերի վրա, կարող է լինել տեղական ճարտարապետների և հայ գաղթական վարպետների համագործակցության արդյունքը, որ գոյություն ուներ Մոլդովայի մեջ 14-րդ դ.:

Սիրով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх