MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Yarın:+31 °C
Հելլադայի փրկությունն ապահոված ճակատամարտի գլխավոր հերոսի աստիճանական այլասերումն ու անփառունակ վախճանը (4)
19:46, 26.05.2024
2190 | 0

Դավաճանի պատժի վերջակետն իր հարազատ մայրն է դրել:

***
Մինչև այդ ջախջախիչ պարտություն կրած Քսերքսեսն ուրախացել է արված առաջարկից, որը հնարավորություն կարող էր ընձեռել նվաճելու Հունաստանը: Նա իր սատրապ Արտաբազեսին հանձնարարել է շարունակել բանակցությունները: Այս սատրապը, որ Պլատեայի ճակատամարտում ոչնչացումից փրկել էր պարսից զորքի մի մասին, Պավսանիասին հետևյալ պատասխանն է փոխանցվել.

«Ահա թե ինչ է ասում Քսերքսես թագավորը Պավսանիասին. քո ծառայությունը մարդկանց վերաբերմամբ, որոնց դու փրկեցիր..հավերժորեն կտպավորվի մեր տանը, և քո առաջարկությանը ես համաձայն եմ: Ո՛չ, ցերեկը, ո՛չ գիշերը թող քեզ չլքի քո խոստումների կատարման չթուլացող հոգսը. քեզ խոչընդոտ չեն կարող լինել ո՛չ ոսկու և արծաթի ծախսերը, ո՛չ բազմաքանակ զորքի կարիքը՝ որտեղ էլ այն գործադրելու անհրաժեշտություն ծագի: Արտաբազեսի աջակցությամբ գործիր համարձակ. նա լավ մարդ է, որին ես ուղարկում եմ քեզ մոտ, կազմակերպիր քո և իմ գործերը հնարավորինս լավագույն ձևով և մեր երկուսի համար շահավետորեն»:

Իր դուստրերից մեկի փոխարեն, որը կարող էր, համաձայն պարսից սովորության, ամուսնանալ միայն տեղական բարձր արզնվականության ներկայացուցչի հետ, Քսերքսեսը, համաձայն Հերոդոտոսի, հեռակա կարգով Պավսանիասի հետ նշանել է իր հեռավոր ազգականուհուն: Ըստ Դիոդորոսի՝ Արտաբազեսը նույնպես Պավսանիասին փող է տվել, որպեսզի նա հելլեններից կաշառի անհրաժեշտ մարդկանց: Այս մասին ակնարկել է նաև Թուկիդիդեսը, որը գրում է այն մասին, որ Պավսանիասը որոշել է ենթարկվել էֆորների հրամանին և վերադառնալ Սպարտա՝ հուսալով կաշառքի միջոցով չեղարկել իր նկատմաբ մեղադրանքները:

Պարսիկների հետ բանակցությունների պատանդ է դարձել Աթենքի նախկին ստարատեգոս Թեմիստոկլեսը, որի խորագիտության ու խորամանկության շնորհիվ հույները հաղթել են Քսերքսեսի վիթխարի բանակին: Տեսնելով, որ Թեմիստոկլեսը շնորհազրկվել է, Պավսանիասը նրան առաջարկել է մասնակից դառնալ դավաճանությանը: Թեմիստոկլեսը մերժել է համագործակցության առաջարկը, սակայն չի մատնել սպարտացուն, քանի որ նա լավ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ: Երբ Պավսանիասի դավադրությունը բացահայտվել է, նրա փաստաթղթերի մեջ գտնվել են նամակներ, որոնցում հիշատակվել է Թեմիստոկլեսի անունը: Նախկին զորահրամանատարը՝ Թեմիստոկլեսը, որ նշանակալի դեր է խաղացել պարսիկներին հաղթելու գործում, հեռակա կարգով դատապարտվել է Աթենքում: Նրա մոտ Արգոս են ուղարկել սուրհանդակների, սակայն Թեմիստոկլեսը չի սպասել մահապատժին և փախել է:

Երբ Պավսանիասն ի վերջո վերադարձել է Սպարտա, նրան բանտարկել են: Բայց դատարանում նրա դավաճանության մասին չեն կարողացել հստակ ապացույց ներկայացնել ու ազատ են արձակել: Հայտնվելով ազատության մեջ, նա իր վարքով է´լ ավելի է խորացրել կասկածները, մասնավորապես հրաժարվել է ենթարկվել Սպարտայում գոյություն ունեցող կարգին: Լուրեր են շրջանառվել, որոնք, համաձայն Թուկիդիդեսի, արդարացի են եղել այն առումով, որ նա իլոտներին ապստամբելու կոչեր է արել՝ խոստանալով նրանց ազատություն և քաղաքացիական իրավունքներ: Ազատության մեջ եղած ժամանակաշարջանում նա շարունակել է նամակագրությունը պարսիկների հետ: Սպարտացիները նկատել են, որ Պավսանիասի ուղարկած նամակատարներից ոչ մեկն այլևս չի վերադարձել: Հերթական նամակատարը՝ ոմն Արգիլայոս, բացել է նամակը ու այնտեղ կարդացել է նամակատարին սպանելու մասին հանձնարարական: Նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո նա, բնականաբար, այն ներկայացրել է էֆորներին: Ստանալով անհերքելի ապացույց Պավսանիասի դավաճանության մասին՝ էֆորները նրան ծուղակն են գցել: Նրանք նամակատարին կարգադրել են ապաստան ստանալու համար տաճարին դիմել, իսկ իրենք թաքնվել են տաճարի ներսում գտնվող միջնորմի հետևում: Վախենալով անխուսափելի մերկացումից՝ Պավսանիասը մտել է տաճար և սկսել է նամակատարին համոզել, որ գնա պարսից թագավորի մոտ՝ խոստանալով անվտանգություն և հարստություն: Ստանալով դավաճանության վերաբերյալ ևս մեկ ծանրակշիռ ապացույց՝ էֆորները կարգադրել են կալանավորել Պավսանիասին: Հասկանալով, որ իրեն բացահայտել են՝ Պավսանիասը հետապնդումից թաքնվել է Աթենաս Պալասի մոտակա տաճարում: Համաձայն հին հունական հավատալիքի՝ աստվածների տաճարում ապաստանած մարդուն չէր կարելի կալանավորել և սպանել: Դա համարվել է մեծ սրբապղծություն: Էֆորները կարգադրել են տաճարի տանիքը վերցնել, որպեսզի կարողանան մշտապես հետևել Պավսանիասին: Կորնելիոս Նեպոտ և Դիոդորոս Սիցիլիացի պատմիչները գրում են, թե այդ ժամանակ դեռ ողջ է եղել նրա մայրը, որը տեղեկանալով, թե ինչում է մեղադրվում իր որդին, առաջինն է մոտեցել տաճարի դռանը և շեմին քար է դրել, որպեսզի զմռսի մուտքը: Դուռը զմռսել են՝ Պավսանիասին զրկելով փրկվելու հույսից: Մի քանի օր անց նրան ծարավից կսամեռ վիճակում հանել են տաճարից, որից հետո նա շուտով մահացել է: Պավսանիասի մահվան տարեթիվ չի ճշտված, բայց որոշակի է, որ նա մահացել է մ.թ.ա. 476 և 466 թվականների միջակայքում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
416 | 0
yukarı