MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Yarın:+28 °C
ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող բռնակալը դաժան պատժի է արժանացել
09:39, 27.06.2024
235 | 0

Սա Սամուել Քյանյոն Դոն է ՝ Լիբերիայի փաստացի առաջնորդը 1980-ից և պաշտոնական նախագահը 1986-1990 թվականներին։ Եթե թողնեին ողջ մնար, այժմ կլիներ 73 տարեկան:

Հայրը Լիբերիայի բանակի զինվոր է եղել, իսկ ինքը Լիբերիայի զինված ուժերում ծառայությունն սկսել է17 տարեկանից և ծառայության ավարտին ավագ սերժանտի կոչում է ստացել (1979թ. մայիսից) ։ 1979-ին հատուկ նշանակության զորամասում վերապատրաստման դասընթաց է անցել։ Բանակում ծառայելու ժամանակ մտերմացել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։

Գլխավորել է 1980 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջումը, որի ժամանակ սպանվել է հանրապետության նախագահ Ուիլյամ Թոլբերտը։ Հեղաշրջումից հետո սպանվել կամ մահապատժի են ենթարկվել նաև Թոլբերտի կառավարության շատ անդամներ։ Դոն դարձել է պետության ղեկավար և «Ժողովրդական փրկության խորհուրդ» -ի նախագահ՝ ինքն իրեն շնորհելով գեներալի կոչում։ 1981 թվականին իրեն նշանակել է Լիբերիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։

1984 թվականին լուծարել է «Ժողովրդական փրկության խորհուրդ» -ը և կազմավորել է «Ժողովրդական ժամանակավոր ժողով» ։

1984 թվականի հուլիսին հանրաքվե է անցկացրել, որը հաստատել է նոր սահմանադրության նախագիծը։ Նույն թվականին ստեղծել է «Ազգային դեմոկրատական կուսակցություն», որը նրան ոչ միայն կուսակցության նախագահ է ընտրել, այլև առաջադրել է երկրի նախագահի թեկնածու: 1985 թվականի հոկտեմբերի 15-ի համապետական ընտրություններում նա ստացել է ձայների 50, 9%-ը և պաշտոնապես դարձել երկրի նախագահ։

Սկզբում նա բավականին լայն աջակցություն է ստացել տարբեր խավերի կողմից, բայց հետո աստիճանաբար երկրում հաստատել է կրան ցեղի, որից սերված էր ինքը, դիկտատուրա։ Երկրի ընդդիմությունը պահանջել է նոր ընտրություններ: 1986 թվականին տեղի են ունեցել նոր ընտրություններ, և Դոն բազմաթիվ խախտումներով վերընտրվել է։ Որպեսզի իր ընտրության սահմանադրականությունը չվիճարկվի, նա իր փաստաթղթերում կեղծիք է կատարել՝ ներկայանալով 35 տարին լրացած քաղաքացի (Հանրապետության նախագահ կարող էր դառնալ միայն 35 տարին լրացած քաղաքացին):

Նա արգելել է Լիբերիայի ամենահին կուսակցության՝ «Ճշմարիտ վիգերի կուսակցության» գործունեությունը: Այնուհետև օրենքից դուրս է հայտարարվել նաև «Միացյալ ժողովրդական կուսակցություն» -ը՝ «սոցիալիստական շեղման» համար։ Դոն լիովին հնազանդ է եղել Վաշինգտոնին և 1985 թվականի հուլիսի 18-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։

Դոին տապալելու համար մի քանի անգամ հեղաշրջման փորձ է կատարվել, բայց նրա բախտը հաճախ բերել է: 1985 թվականի ապրիլի 1-ին գնդացրից նրա ուղղությամբ կրակել է նախագահական գվարդիայի գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն թվականի նոյեմբերի 12-ին հեղաշրջման փորձ է կատարել 1980-1983 թվականներին ցամաքային զորքերը գլխավորող գեներալ Կուիուոնկպան (զոհվել է մայրաքաղաքում մեկուկես օր տևած մարտերի ընթացքում): Այս գեներալը 1983 թվականին նույնպես հեղաշրջման փորձ էր կատարել: Նախագահը դա պատրվակ է դարձրել բոլոր ընդդիմադիրներին ջախջախելու համար։ 1983 թվականի ձախողված հեղաշրջման փորձին հաջորդած հաշվեհարդարների ժամանակ սպանվել է մոտ 1, 5 հազար մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ։

Հեղաշրջման ձախողումից հետո Դոն ռադիոյով և հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ժամը 18: 00-ից հետո մայրաքաղաք Մոնրովիայի փողոցներում գտնվող ցանկացած մարդ կհամարվի ապստամբ և անմիջապես մահապատժի կենթարկվի:

1986 թվականի հունվարի 6-ին՝ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ երդմնակալության օրը, մարզադաշտում մեծ շոու է կազմակերպվել:

Իսկ ընդամենը մի քանի ամիս անց, մայիսի 3-ին, Դոուն հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել և հայտարարել է, որ երկրի տնտեսությունը գտնվում է կործանման եզրին: Երկիրը փրկելու համար ԱՄՆ-ից մասնագետներ են հրավիրվել:

1989 թվականի դեկտեմբերին երկրի հյուսիս-արևելքում ձևավորվել է Լիբերիայի Ազգային Հայրենասիրական Ճակատը (NPFL), որը գլխավորել է Չարլզ Թեյլորը։ Սկսվել է Առաջին քաղաքացիական պատերազմը։ Ազգային Հայրենասիրական Ճակատն արագորեն հզորացել է, և կարճ ժամանակ անց նրա մարտիկներն իրենց վերահսկողության տակ են առել Լիբերիայի տարածքի 90%-ը: Շուտով նշանավոր քաղաքական գործիչ Պրինս Ջոնսոնի գլխավորած խումբն անջատվել է NPFL-ից և պայքարել է ինչպես Սամուել Դոի, այնպես էլ NPFL-ը ղեկավարող Չարլզ Թեյլորի դեմ: 1990 թվականի սեպտեմբերին Ջոնսոնի զորքերը շրջապատել են Մոնրովիա մայրաքաղաքը։ Իբրև թե բանակցելու համար Ջոնսոնը Դոին հրավիրել է ՄԱԿ-ի առաքելություն, որտեղից ատելի նախագահին առևանգել են ու դաժանորեն սպանել՝ ցույց տալու համար, որ նա, ինչպես հավատացրել են հասարակությանը, մոգական պաշտպանությամբ օժտված չէ: Սկզբում կոտրել են նրա ձեռքերը, հետո ոտքերը շղթայել են ու սկսել են հարցաքննել՝ բոլոր գործողությունները նկարահանելով: Տեսագրությունում երևում է, որ նրա սեռական անդամը պարանով կապված է: Հաջորդել են այլ կտտանքներ. կտրել են նրա ականջներն ու մատները, ապա սպանել են՝ գլխին կրակելով և մերկացրած մարմինը ցուցադրել են Մոնրովիայի փողոցներում: Մի քանի տարի շարունակ Դոին կտտանքների ենթարկումն արձանագարած տեսաժապավենը ցուցադրվել է Արևմտյան Աֆրիկայի երկրներում:

Լիբերիայում հաստատվել է Չարլզ Թեյլորի դիկտատուրան, և շատ չանցած երկիրը մխրճվել է Երկրորդ քաղաքացիական պատերազմի հորձանուտը, որը 150 հազար մարդու կյանք է խլել:

Դոն անդամագրված է եղել Բապտիստական եկեղեցուն:
ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
yukarı