MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հարցազրույցի շարունակությունը' ԻՐԱՏԵՍ.am-ին
14:24, 09.04.2014
4868 | 0


«Նիդերլանդական Օրագիր» -ը ներկայացրել էր ապրիլի 4-ի Irates.am կայք էջում հրապարակած
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ ' «Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին» վերնագրով հարցազրույցը Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի հետ: Այժմ ներկայացնում ենք այս հարցազրույցի եզրափակիչ մասը ' «Ինձ համար ամենաժամանակակից կոմպոզիտորը Բեթհովենն է» վերնագրով: Ծանոթությունները, լուսանկարներն ու տեսաերիզները հավելել է Նիդ.Օրագիրը:

____________________________
«Ինձ համար ամենաժամանակակից կոմպոզիտորը Բեթհովենն է»

08.04.2014 | 11: 56

«Իրատես de facto» -ի հյուրն է իսրայելաբնակ կոմպոզիտոր ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ:


(Սկիզբը՝ այստեղ)

«ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՆ ԷՐ»


-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում հայաստանյան իրականության մեջ:
-Հոգին սատանային վաճառելը: Հիմնականում դա: Մենք բոլորս, շախմատային լեզվով ասած, խաղաքարեր ենք: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը փոքրիկ գետ է ամբողջ աշխարհի գլոբալ շարժման մեջ, Հայաստանում վխտում են տարբեր երկրների ծառայություններ` զանազան անուններով: Քանդում են եկեղեցին, մշակույթը, տարաձայնություններ են մտցնում: Որպեսզի հնարավորինս դիմակայենք այդ սադրանքներին, պետք է միասնական լինենք: Իշխանությունը պետք է ժողովրդի հետ լինի, մի բան, որ, համենայն դեպս ինձ համար, տեսանելի չէ: Ամեն կուսակցություն ունի իր շահն ու ղեկավարը` տարբեր երկրներից, ուստի իրար «ուտում» են, արդյունքում տուժում է ժողովուրդը:
-Իսրայելում արձագանք գտնո՞ւմ են հայաստանյան իրադարձությունները:
-Ֆրունզիկն ասում էր. «Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся» . Խոշոր հաշվով, Իսրայելի համար միևնույն է` Հայաստան գոյություն ունի՞, թե՞ չունի: Դուք գիտե՞ք, որ Հայաստանում Իսրայելի մշակույթի օրեր են անցկացվել, և ներկայացրել են իրենց «ռաբիսը»: Սա է նրանց վերաբերմունքը: Թեև ես նախաձեռնության ղեկավարին նամակ էի գրել, տեղեկացրել էի Հայաստանի ու հայաստանյան մշակույթի մասին, որ իմանան՝ ինչ խմբեր են տանում: Դուք ինձ դեպի քաղաքականություն եք տանում: Ես լավ բարեկամներ ունեմ այստեղ, որոնցից մեկն Իսրայելի ներկայիս դեսպանն է Հայաստանում: Մի առիթով ասաց` Հայաստանը Իրանի հետ ընկերություն է անում: Ասացի` Շմուել, որտե՞ղ էիք, երբ մենք 90-ականներին սովից կոտորվում էինք, մեզ շրջապատել էին ձեր բարեկամ Թուրքիան և Ադրբեջանը: Լույս չկար, ջուր չկար: Այդ դժվարին օրերին Իրանը բացեց դռները, օգնության ձեռք մեկնեց, կտրեի՞նք այդ ձեռքը: Եվ հիմա, երբ մենք ոտքի ենք կանգնել, երե՞ս թեքենք: Ասացի` պետք է ըմբռնումով մոտենաք Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, մանավանդ որ Հայաստան-Իրան հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ: Խոսեցի նաև Իսրայել-Թուրքիա եղբայրական հարաբերությունների մասին և այլն:
-Որքա՞ն հայ կա Իսրայելում:
-Կոնկրետ թիվը չգիտեմ: Առաջ շատ էին: Իսրայելում հայերը 1600 տարուց ավելի է, ինչ ապրում են: Երբ ստեղծվեց Իսրայել պետությունը, հայերը երկու աքցանի մեջ հայտնվեցին` արաբների և հրեաների: Պաշտոնական ճնշումներ չկան, բայց երբ քո երկիրը չէ, չես կարող ազատ ապրել: Շատերը գնում են Ամերիկա, այլ երկրներ: Չգիտեք՝ ինչ կռիվներ ենք տալիս: Այստեղ Բաքվից եկած առնվազն 100 հազար հրեա կա: Իսրայելի ռուսալեզու զանգվածային լրատվամիջոցները նրանց ձեռքում են: Եթե լսում եք «Ազատություն» ռադիոկայանով իմ հարցազրույցները, կիմանաք, որ փորձում ենք մեր կարողության չափով հակահարված տալ:
Ամենամեծ պրովոկացիաներից մեկը տարածվեց մոտ երեք տարի առաջ, երբ իրանական մի ինքնաթիռ Հայաստան գալիս վայր ընկավ: Բաքվի հրեաներն այստեղ լուրեր տարածեցին, որ այդ ինքնաթիռներով «Հըզբոլլահը» հրթիռներ է տեղափոխում Հայաստանի տարածքով դեպի Սիրիա: Նպատակը Հայաստանն ահաբեկչական երկրների ցուցակում ընդգրկելն էր: Անգամ Իսրայելի «9+» հեռուստաալիքով Հայաստանի երդվյալ թշնամի, հաղորդումը վարող բաքվեցի Դավիթ Կոնը, ով իր գլխին հավաքել էր բաքվեցիներ Պյոտր Լյուկիմսոնին (թերթի խմբագիր), «քաղաքագետ» Ալեքս Վեքսլերին, հարցադրում արեց. «Եթե պարզվի՝ Իրանը Հայաստանով հրթիռներ է տեղափոխում, պե՞տք է ռմբակոծվի Հայաստանը, թե՞ ոչ»: Ես զանգահարեցի Հայաստանում Իսրայելի դեսպանին, պատմեցի կատարվածը և հարցրի` ի՞նչ է կատարվում, ասաց՝ մենք այդ խոսակցություններին ուշադրություն չենք դարձնում: Տեղեկացրի այս մասին Հայաստանի արտգործնախարարությանը։ Հիմք ընդունելով իմ իրազեկումը, նրանք երեք լեզուներով հաղորդագրություն տարածեցին կեղծ տեղեկատվության և Իսրայելի պաշտոնական դիրքորոշման մասին: Կներեք, բայց ես կարծում եմ, որ դա քիչ բան չէ:


«ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՔՎԻ ՀՐԵԱՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՆ»


-Ստացվում է, որ Դուք Հայաստանի ոչ պաշտոնական ներկայացուցի՞չն եք Իսրայելում:
-Շարունակելով Ձեր միտքը, ասեմ, որ 2004-ին Արամ Խաչատրյանի թանգարանում Իսրայելի արտգործնախարարության և Հայաստանում Իսրայելի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նուբար Ասլանյանի հեղինակային համերգը` նվիրված Իսրայելի անկախության 56-ամյակին: Համերգից հետո դեսպանից ստացա մի նամակ, որտեղ նշվում էր. «Դուք Իսրայելի մշակույթի դեսպանն եք Հայաստանում»: Հիմա էլ Դուք ասում եք, որ Հայաստանի դեսպանն եմ Իսրայելում: Ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է:
-Կոնֆլիկտներ լինո՞ւմ են տեղի հայերի ու Բաքվից եկած հրեաների միջև:
-Երկու ամիս առաջ Աշկելոն քաղաքում Ադրբեջանի հրեաները համերգ էին կազմակերպել: Պարզվեց, որ նպատակը ճեմասրահով մեկ Խոջալուի «ցեղասպանության» հետևանքները պատկերող նկարների ցուցադրումն էր: Թերթերը գրեցին այդ մասին, մենք կռիվ տվեցինք, ի վերջո, նրանց հանդիմանեցինք, որ եթե ձեր նպատակն էր Խոջալուն ցույց տալը, ինչո՞ւ էիք համերգ կազմակերպում, միանգամից ասեիք, ինչ ասում էիք: Ի դեպ իսրայելաբնակ ադրբեջանցիների այս խայտառակ ձեռնարկը բացի Իսրայելի «Նաիրի» միության կայք էջի, «ԱԷդպես, ուժներիս ներածի չափով մեկ-մեկ մռութներին իջնում ենք: Բայց հասկանո՞ւմ եք, ես, Արտյոմ Չեռնամորիանը մասնավոր դեպք ենք, պիտի Հայաստանի իշխանությունները (Ի դեպ իսրայելաբնակ ադրբեջանցիների այս խայտառակ ձեռնարկը բացի Իսրայելի «Նաիրի» միության կայք էջի, «Ազատություն» ռադիոկայանի ու «Նիդերլանդական Օրագրի», բուն հայկական մամուլում չի լուսաբանվել-ծանոթ' «Նիդ.Օրագրի»)
Իսրայելի «Նաիրի» միության ջանքերով (ղեկավար՝ Ա. Չեռնամորիան) հայ-հրեական ցեղասպանության հուշարձան պետք է տեղադրվեր Պետախ Տիկվայում, ադրբեջանցի հրեաները մեծ աղմուկ բարձրացրին: Ես «Ազատություն» ռադիոկայանով ասացի` ինչո՞ւ Երևանում կարող է լինել հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հուշակոթող, իսկ Իսրայելում` ոչ: Մենք ոչ մի բան անարձագանք չենք թողնում, պարզապես քիչ ենք, նրանք 100 հազար են ու պաշտոններ են զբաղեցնում: Ի դեպ, իմ ջանքերով (ներողություն) հասա նրան, որ Հայֆայում տարածք տան հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու համար: Համաձայնությունը կա, փող չկա: Դիմեցի Մոսկվայում գործող մի շատ հայտնի հայկական ընկերությանը, ընդ որում, շեշտելով, որ ես ֆինանսական խնդիրների հետ բնավ առնչություն չեմ ունենալու: Մնացինք անպատասխան, բայց սրա փոխարեն նույն ընկերությունը ի՜նչ համերգներ է կազմակերպում, պայ-պայ-պայ, է՛ստի համեցեք: Ինչպես ասացի, Իսրայելում ռուսալեզու ԶԼՄ-ները գտնվում են Բաքվի հրեաների մենաշնորհության ոլորտում: ՈՒ մի օր էլ տեղի ռուսական «Ռեկա» ռադիոյով «հայհոյում» են Հայաստանը` մեղադրելով հակասեմիտիզմի մեջ: Պատվիրված նամակ ուղարկեցի, առաջարկելով շարունակել զրույցը նաև իմ մասնակցությամբ, պայմանով, որ հաղորդումը ուղիղ եթեր գնա: Ի՞նչ եք կարծում, անգամ չպատասխանեցին: Ավելի խայտառակ բան ասեմ. Իսրայելի հեռուստատեսությամբ մեր հայրենակիցը (անունը չեմ հնչեցնի) ասաց, որ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը գտնվում էր երկու ծովերի միջև: Կասպից ծովի անունը չտվեց, որովհետև եթե երեք ծովերի միջև է եղել ժամանակին Հայաստանը, կնշանակի, որ ամբողջ Ադրբեջանի տարածքը Հայաստան է եղել: Իսկ հաղորդման տերերը Բաքվի հրեաներն էին: Մեր հայաստանցին չուզեց (վախեցավ) նրանց «խաթրին» կպչել... (էլ չէին հրավիրի) ։ ՈՒզում եմ ասել, որ հարվածն անգամ ներսից է գալիս:
Նայեք՝ 2004 թվին, Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի և հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի ջանքերով, կայացավ իմ հեղինակային համերգը՝ պետական մակարդակով (համերգից առաջ ելույթ ունեցավ դեսպանը, իսկ հետո հնչեցին երկու պետությունների հիմները): Առանց կեղծ համեստության ասեմ, որ համերգն անցավ հոյակապ: Անգամ համերգից հետո ելույթ ունեցավ իմ, բոլորիս սիրելի Էդվարդ Միրզոյանն ու իրեն հատուկ դիվանագիտությամբ բարեկամության կամուրջ ստեղծեց Իսրայելի ու Հայաստանի միջև: Դահլիճը (Ա. Խաչատրյանի տուն-թանգարան) լեփ լեցուն էր, ներկա էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի դեսպանները: Երբ վերադարձանք Իսրայել, տեսաժապավենը պատվիրված փոստով ուղարկեցի Բաքվի շրջկոմի «9+» հեռուստակայան: Եվ ի՞նչ եք կարծում: Ոչ մի բան էլ մի կարծեք: Կրամարովը կասեր, «И тишина!» («Անորսալի վրիժառուները» ֆիլմից):


«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԱՎԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ. ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ 12 ՏՈՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ»


-Երաժշտությունից խոսենք: Հայ ժամանակակից կոմպոզիտորներին գիտե՞ք, հետևո՞ւմ եք նրանց գործերին, հաջողություններին:
-Մեր երիտասարդ կոմպոզիտորները մասնակցում են միջազգային փառատոների: Եթերից եմ տեղեկացել այս մասին: Բայց ի՞նչ է նշանակում ժամանակակից կոմպոզիտոր: Ինձ համար ամենաժամանակակից կոմպոզիտորը Բեթհովենն է: Երբ ես պետք է դառնայի Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, լեզու չգիտեի, ու ինձ կցեցին մի կոմպոզիտորի, ով և՛ ռուսերեն գիտեր, և՛ եբրայերեն: Նա ինձ հարցրեց` ի՞նչ երաժշտություն ես գրում, ասացի` ես գրում եմ իմ երաժշտությունը, ասաց` չես հասկանո՞ւմ, ինչ եմ ասում, ի՞նչ ոճով ես գրում։ Ասացի` իմ ոճով եմ գրում, ասաց` օրինակ, մենք գրում ենք՝ ինչպես Ամերիկայում, ասացի` թող ամերիկացիները զբաղվեն դրանով, դու հրեա ես, գրի քո երաժշտությունը: Նա պատճառաբանեց, որ այսօր ամբողջ աշխարհն այդպես է գրում: Վերևում նշեցի, որ գլոբալիզացիայի հարց կա, և առաջին հերթին մշակույթն են ուզում միահավասարեցնել: Այստեղ իմ երաժշտությունն այսպես են բնորոշել. «Գրում է ազգային երաժշտություն` ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով»: Իսկ մեր երիտասարդ կոմպոզիտորներին խորհուրդ կտայի ավելի շատ լսել իրենցից առաջ ստեղծագործած հայ մեծ կոմպոզիտորներին և, առաջին հերթին, Կոմիտաս: Միշտ չէ, որ հավանում եմ երիտասարդների գործերը. գլոբալիզացիայի 12 տոների զոհ են:
-Ձեր լավագույն գործը:
-Մի անգամ կարդացի, որ Շոստակովիչն ասել է՝ եթե մինչև 40 տարեկանը լավ գործ չես գրել, երբեք կոմպոզիտոր չես դառնա: Իսկույն փորձեցի հիշել՝ երբ եմ գրել իմ «Բերքի տոն» կանտատը: Շաբաթ չկար, որ այն Հայաստանում ռադիոյով չհնչեր: Հիշեցի, որ գրել եմ 38 տարեկանում: Ասացի` ուրեմն հասցրել եմ: «Բերքի տոնը» առաջին անգամ կատարել է օպերային ստուդիայի երգչախմբի ղեկավար Վալերի Ալեքսանյանը, որին շատ պարտական եմ (ես ո՞վ էի, անգամ միության անդամ չէի, բայց նա վերցրեց ու կատարեց), այնուհետև ֆոնդ է գրել հայ երգի կամերային երգչախումբը (Հարություն Փոթիկյան), կոմպոզիտորների միության պլենումում կատարել է «Հայրեն» երգչախումբը (Սեդրակ Տեր-Ղազարյան), կոնսերվատորիայի ավարտական պետական քննության նյութ էր վերցրել Անահիտ Աղաբաբյանը: 2009-ին Կորեայում անցկացվող ասիական երկրների փառատոնում ես ներկայացնում էի Իսրայելը: Լեհաստանի ռադիոյի երգչախումբը կատարեց իմ կանտատը` հայերեն, և մեծ հաջողություն ունեցավ: Ի դեպ, իմ գործից հետո կատարեցին Պենդերեցկու ստեղծագործությունը: Մեծ պատիվ էր դա, և այդ մասին երկու ամիս առաջ Թել Ավիվում պատմեցի Պենդերեցկուն (իր հեղինակային համերգն էր) ՝ նվիրելով նրան Կորեայի համերգի ազդագիրը:


«ԹՈՂ «ԱՆՈՒՇ» ԱՆՈՒՆԸ ՀԱՆԵՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՊՈԵՄԸ ՀԱՆԵՆ, ՎԵՐՆԱԳԻՐԸ ԴՆԵՆ «ՆՈՒՆՈՒՖԱՐ»


-Սերժ Ավետիքյանի «Անուշի» մասին ի՞նչ կասեք, որը մեզանում վրդովմունք առաջացրեց, իսկ Ֆրանսիայում փայլուն ընդունելություն գտավ:
-Ի տարբերություն ֆրանսիացիների` «Անուշը» մեր ականջներում նստած է ուրիշ «համ ու հոտով»: Սերունդները պիտի նայեն ու իմանան, որ սա է իրենց պատմությունը: Սերժի նորամուծություններին ես դեմ չեմ, բայց թող «Անուշ» անունը, Թումանյանի պոեմը հանեն, վերնագիրը դնեն «Նունուֆար»: «Անուշը» քանդելը հանցագործություն է: Դա նույնն է, որ պեղումներ անենք ու իրենից արժեք ներկայացնող գտածոն, թանգարանում դնելու փոխարեն, վերաձևենք, Պիկասոյի շերտերից ավելացնենք, որպեսզի ժամանակակից լինի:
-Իսկ ի՞նչ կասեք «Անուշը» բոյկոտելու մասին, երբ օպերային թատրոնի աշխատակիցները, կուտակային կենսաթոշակների դեմ բողոքելով, բոյկոտեցին ներկայացումը:
-Ի սկզբանե կուտակային ֆոնդերը ճիշտ են, բայց ժողովուրդը փողն այսօր տա, վաղն ումի՞ց ուզի: Սա է հարցը, պետությունը դեռ չի կայացել: «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմում մի դրվագ կա, երբ խնջույքի պահին ներս է մտնում սպաներից մեկն ու ասում. «Պարոնայք, նախարարները վերցրել են հանրապետության փողերն ու փախել հայդա Փարիզ»: Ի՞նչ երաշխիք, որ նույնը մեր օրերում չի լինի (Փարիզի փոխարեն՝ Դուբայ):
-Դուք նաև բանաստեղծություննե՞ր եք գրում:
-Հայաստանում հրատարակելու եմ բանաստեղծություններիս գիրքը, որը բաժանված է չորս մասի:
-Ինչպե՞ս է վերնագրվելու գիրքը:
- «Ես պոետ չեմ»:


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսաերիզներ

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ. String Quartet #3 "Armenia 1988-1993"


ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ. Չորս հայրենասիրական քայլերգերի մշակումներ փողային նվագախմբի համար:


ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ. Concertino for Trumpet in B-flat and Strings

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ - Concertino for Trumpet in B-flat and Strings
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ Չորս հայրենասիրական քայլերգերի մշակումներ փողային նվագախմբի համար:
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ. String Quartet #3 "Armenia 1988-1993"
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
324 | 0
yukarı