MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Yarın:+21 °C
Եթե վարչապետ լինեի, կարգելեի Facebook-ը Հայաստանում, սա մեր խելքի բանը չի. Նարեկ Դուրյան
13:02, 26.04.2014
3251 | 0

Life.panorama.am-ը օրեր առաջ անդրադարձավ դերասան Նարեկ Դուրյանի՝ 55-ամյակին կազմակերպվելիք անակնկալին՝ խոստանալով, որ ընթերցողներին կներկայացնենք նաև ծավալուն և անկեղծ հարցազրույց արտիստի հետ:

Մեզ հետ զրույցում Նարեկ Դուրյանն անկեղծացավ ոչ միայն ստեղծագործական, այլև կենցաղային, մարդկային և մեր հանրությանը հուզող շատ հարցերի շուրջ:

-Թեև արդեն այնքան էլ քիչ ժամանակ չէ, որ Հայաստանում եք: Բայց, ամեն դեպքում, որպես դրսից եկած «կողմնակի աչք» ՝ ինչպիսի՞նն է հայ թատրոնի վիճակն այսօր:

-Գիտեք, առաջ շատ վատ էր, բայց հիմա կամաց-կամաց շարժ եմ նկատում: Մեզ մոտ ամենամեծ խնդիրն այն է, որ պետք է հասկանանք՝ կան թատրոնի տարբեր ժանրեր…Չպետք է դրվի տարբերություն պետական և կոմերցիոն թատրոնների միջև: Թատերական ինստիտուտը տարեկան կտրվածքով մեծ թվով դերասան և ռեժիսոր է ավարտում, այս բոլորը պետական թատրոններում տեղավորվել չեն կարող չէ՞: Եթե պետական թատրոնն այսքանին տեղավորել չի կարող, ի՞նչ պետք է անեն: Բնականաբար, պետք է հավաքվեն 4-5 հոգով, խումբ կազմեն ու կոմերցիոն ներկայացում անեն, ինչն այսօր պետական թատրոնների կողմից շատ վատ է նայվում: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան մարդ ընդունում թատերական ինստիտուտ, այնքան մարդ ընդունեք, ինչքան ձեզ պետք է…

-Դե նրանց մի մասը սերիալներում են:

-Իսկ ի՞նչ անեն երեխաները: Ես սերիալը չեմ պաշտպանում, սերիալների դեմ առաջին խոսացողներից եմ եղել… Բայց ի՞նչ անի այս երիտասարդությունը, այսքան դերասան ո՞ւր գնա, այս մարդիկ ո՞նց են հաց ուտելու: Փառք Աստծո, գոնե հիմա սերիալները կրճատվել են…Ուղղակի մի քիչ բովանդակային ուղղությունը լավ կլինի փոխեն: Մի հատ ուրախ բան ցույց չեն տալիս: Առավոտյան արթնանում ես, ուզում ես սուրճ խմես ու մի քանի վայրկյան դրական էմոցիաներ ստանաս, բայց հեռուստացույցը միացնում ես թե չէ, լացուկոծով սերիալներն են սկսվում…Նեղություն կուգա վրադ, ապրելդ չէ, մեռնելդ կուգա… Չի՛ կարելի…

-Իսկ ինչո՞ւ են բողոքում կոմերցիոն ներկայացումների առատությունից, այսօրայդ ներկայացումներն ավելի շատ հանդիսատես են բերում թատրոն չ՞է:

-Իհարկե: Ես ձեզ ասեմ, Փարիզում, որը 10 միլիոնանոց քաղաք է, կա 10 պետական թատրոն: Օրվա մեջ լինում է մոտ 360 ներկայացում, որից, բնականաբար, 350 ներկայացումը կոմերցիոն բնույթ ունեն… Թատրոնի վիճակը լավ չի լինի, մինչև հասկանան, որ կողքից խաղացող ներկայացումները ոչնչով չեն զիջում իրենց ներկայացումներին…


-Կարծում եմ, անտրիպրիզային ներկայացումները մարդկանց գրավում են նաև նրանով, որ արդի խնդիրներ են բարձրացնում:

-Համաձայն եմ… Յուրաքանչյուր թատրոն պետք է իր ասելիքը, իր նպատակը ունենա: Օրինակ, Սունդուկյանը ակադեմիական ուղղվածություն ունի, ունի իր առաքելությունը: Օպերային թատրոնն իր ասելիքն ունի…Այդ թատրոններում չպետք է նայեն՝դահլիճում քանի՞ հանդիսատես կա…

-Պարոն Դուրյան, ինչպես դուք նշեցիք՝ թատերական ինստիտուտըտարվա կտրվածքով բավական մասնագետներ է պատրաստումԵթե վերադառնանք սերիալներին, ի՞նչն է պատճառը, որ մերսերիալներում թեկուզ ուսանող դերասանների ավելի քիչ ենքտեսնում, քան այլ մասնագիտության տեր մարդկանց

-Ասեմ. Ինձ համար շատ տաղանդավոր մի դերասանուհի, ով, ցավոք, բավական սուղ պայմաններում է ապրում, պատրաստվում էր նկարահանվել սերիալում և պահանջել էր օրը 10.000 դրամ: Բայց իրեն գիտե՞ք ինչ ասացին. «5000-ով գիտե՞ս ինչքան մարդ կգտնենք դրսից» … Այսքան բան, վերջացավ…Դուք գիտե՞ք իմ աշխատավարձը Թատերական ինստիտուտում ինչքան է. 46.000 դրամ: Դա կուրսի ղեկավարի աշխատավարձն է…

-Սիմվոլիկ գումա՞ր:

-Այո, ինչո՞ւ եք զարմանում…Ես իմ «գլխի ճարը» տեսնում եմ, Փարիզում էլ իմ գործն ունեմ, այստեղ խնդիրը իմ մասին չէ: Բայց դասախոսն այդ գումարով ինչպե՞ս պետք է ապրի: Ասում են՝ կաշառակերություն կա: Բա ո՞նց չլինի: 46.000 ստացողին ասես քեզ 50.000 տամ, ինձ թվանշան դիր, չի՞ դնի, այն էլ երբ ընտանիք է պահում, կերակրում, տանը 2-3 երեխա ունի: Բա հո սոված չի՞ մնալու ընտանիքը: Այ այս դեպքում է, որ ստիպված է լինում ամենաանտաղանդին բարձր կաշառքի դիմաց գերազանց նշանակել: Բայց այդ մարդուն կարո՞ղ ենք մեղադրել: Իհարկե, չենք կարող: Մեղադրել կարող ենք նրան, ով 1000 դոլար է ստանում և տականքի պես կաշառք է վերցնում…

-Հանրային հեռուստաընկերությամբ «Մի րոպե մի բան ասեմ» մոնո ծրագրի շրջանակներում բավական խնդիրներ եք վերհանում ու մեկնաբանում: Արդյո՞ք նոր մտահղացումներ, նոր հեռուստածրագրեր չունեք:

-Հեռուստացույցով մեկ րոպեից ավել ես չեմ ուզում երևալ: Այն վտանգավոր բան է, քեզ մերկացրած դնում է ժողովրդի առջև: Ես զարմանում եմ, որ մարդիկ համաձայնում են տարիներով հաղորդում վարել, ամեն օր մեկ ժամ խոսում են: Այդ ինչքա՜ն վստահ ես քեզ վրա, որ համոզված ես՝ ամեն Աստվածային օր քեզ մեկ ժամ կլսեն: Դուք գիտե՞ք ինչ ինտելեկտ պետք է ունենաք, որ խելացի մարդն ամեն օր մեկ ժամ նստի ու ձեզ լսի: Պետք չէ հայտնիության հետևից վազել, այն երկսայր սուր է: Հեռուստատեսության հետ պետք է շա՜տ զգույշ լինել…

-Կարծեմ թարգմանությունների մասին Ձեր «մեկ րոպեն» բարկացրեց շատերին…

-Այո, բայց իմ ցանկությունն էր ընդամենը տեղ հասցնել, որ բառերը նորմալ ու ճիշտ թարգմանվեն, մարդու լեզվին հասու լինեն, դժվարություններ չստեղծեն, առանց այդ էլ 46.000 են ստանում… Այս «գետոն» մինչև դուրս չգա, այսպես գյուղացի կմնանք, մեղք ենք…Մենք պետք է հասկանանք, որ մեր լեզուն ամենալավը չի՛, մենք ամենահին ազգը չե՛նք, մեր սարերն ամենաբարձրը չե՛ն: Ժողովուրդ, մեր ամեն ինչն էլ լավն է, մեր լեզուն էլ գեղեցիկ է, բայց ՄԵՆԱԿ ՄԵՆՔ չենք էլի, մենակ մերը չի այդպիսին: Ֆանատիզմը մեզ կործանում է…

-Խոսեցինք հեռուստատեսությամբ շատ երևալու վտանգներիմասին, բայց չժխտենք, որ հեռուստատեսությունը մարդկանց նաև ճանաչում ու դրա շնորհիվ հաջողություն է բերում…

-6 տարի է, լեփ լեցուն դահլիճների առջև ելույթ եմ ունենում, տոմսերը միշտ սպառված են լինում, բայց «Մի րոպե մի բան ասեմ» -ով ներկայացա հեռուստադիտողին, արդեն բոլոր տեղերում ինձ ճանաչում են… Դրսում տեսնելիս ասում են «Բարև ձեզ, մի րոպե մի բան ասեմ» … Երևի մտածում են անուն-հայրանունս է (ծիծաղում է): Հեռուստատեսությունը որքան էլ հայտնիություն ապահովի, միևնույն է, քեզ էժանացնում է: Որքան էլ հոյակապ բան անես…


-Պարոն Դուրյան, շատերը մեր՝ դրսից վերադարձած դերասաններին որպես «խոպանչի» են ընկալում…

-Գիտեք, բնական է, որ այն գումարը, որը կարող ես քո երկրում, քո ժողովրդի համար ստեղծագործելով ձեռք բերել, սփյուռքահայ թատրոնով, հանդիսատեսով չես անի: Կարող ես Լոս Անջելեսում «Ալեքս» թատրոնի սրահը լցնել տարվա մեջ երկու անգամ, բայց դա չի համեմատվի նրանով, որ ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի խաղաս քո երկրում, քո հանդիսատեսի առջև… Այստեղ կոպեկ-կոպեկ է հավաքվում ու գուցե մեծ գումար դառնում, այնտեղ միանգամից ես այդ գումարը ձեռք բերում…Այնպես որ դերասանի համար մասնագիտական տեսանկյունից հարազատ երկրում աշխատելն ավելի հաճելի ու հետաքրքիր է, դա հաստատ է: Եվ ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Գողությո՞ւն եմ անում, վնասո՞ւմ եմ… Իսկական թալանչիներին թողած՝ պետք չի մեզ անդրադառնալ…

-Գուցե թալանողներն այնքան շատ են, որ արդեն բոլորին որպես թալանչի՞ ենք ընկալում…

-Այլ կերպ էլ կարող եմ ասել. հիմարներն այնքան շատ են, որ նորմալ աշխատողներին չեն էլ տեսնում ու նկատում, բոլորին նույն «արշինով» են չափում…Գիտե՞ք ինչու ենք դարձել այսքան փոքր՝ ծովից ծովից մնացել ենք աղբամանից-աղբաման. Հենց այս չարության պատճառով: Երբեք չենք կարողանում ուրախանալ դիմացինի համար, շնորհավորել, բարի նախանձով լցվել…

-Իսկ նախանձի բարին կա՞:

-Այո, ես շատ հաճախ եմ բարի նախանձով լցվում ու որոշում ավելին անել, ավելի լավը պատրաստել… Ախր շատ չար ենք, զարմանում եմ, որ մինչև այսօր մնացել ենք…

-Իսկ ինչի՞ շնորհիվ ենք մնացել:

-Խելացի ենք… Մենք մենակ խելքի ծով ենք, երբ շատանում ենք՝ իրար ուտում ենք… Նույնիսկ նման շատ անեկդոտներ կան…

-Մեկը կպատմե՞ք:

-Դժողքում երեք կաթսաների մեջ ռուսներ, վրացիներ ու հայեր են լինում: Ռուսների ու վրացիների կաթսաների մոտ պահակախմբեր են լինում, որ չփախչեն: Հայերի կաթսայի մոտ մարդ չի լինում: Հարցնում են՝ ինչո՞ւ մարդ չկա, ասում են՝ դե այդտեղ հայեր են, եթե մեկը ցանկանա փախչեն, տակից կքաշեն, հետ կգցեն… Այս անեկդոտները հենց այնպես չեն ծնվում…


-Պարոն Դուրյան, կենցաղային խնդիրների հետ առնչվո՞ւմ եք Հայաստանում:

-Իհարկե… Երբ աղբամանի մեքենան տեսնում եմ, ուրախությունից լացս գալիս է: Ինձ թվում է ժամանակին այդպիսի անհամբերությամբ իմ սիրած աղջկան եմ մեկել սպասել…Դա սարսափելի է: Մինչև այդ կարմիր գծերը քաշելը թող մի հատ այս մարդկանց տների վիճակները շտկեն: Տեսել ե՞ք ինչ լարեր են կախված շենքերի, տների գլխն…Իսկական հրդեհի բուն…Կարգ ու կանոն պետք է լինի, մարդկանց պիտի հաշվի առնեն… Նկատե՞լ եք, երբ հոսանքը մեկ վայրկյանով անջատում-միացնում են՝ առանց զգուշացնելու. տանը միացրած ունեմ մեծ և փոքր համակարգիչներ, կոնդիցիոներ, սառնարան, հեռուստացույց, բաքսի…Եթե այդ բոլորը վառվի, ինձ ո՞վ է վճարելու դրա համար: Փարիզում, երբ մեր շենքի լույսը պետք է 5 րոպեով անջատեին, մի քանի միջոցներով զգուշացրեցին, հայտարարություններ փակցրեցին, նամակ ուղարկեցին… Երբ ես փոքր էի, մեր ջուրն աշխարհի լավագույն ջրերից էր, հիմա այնքան նստվածք է լինում բաժակի մեջ, որ մյուս կողմը չես տեսնում:

-Փաստորեն, վատ բաներ շատ կան:

-Այո, ժամանակ է պետք երևի… Սա մեր երկիրն է, կամ կնդունես, կամ կգնաս… Իհարկե, լավն էլ կա, բայց երբ լավն ասում ես, սկսում են բողոքել, թե «պետական», «կառավարական» մարդ ես: Մի տեսակ պրիմիտիվ մտածելակերպ կա: Կառավարությունը կգա-կգնա, բայց երկիրը մնում է, մերն է, իրենց սարքած խանութներն ու օբյեկտները հավերժ չեն, մի օր իրենց հետ տանելու են, հողը մերն է: Պետք է երկիրը կառուցել: Գոռալ-ճվալով ոչինչ չի փոխվի, պետք է հեռատես լինել…Երբ որևէ բանից հրաժարվում ենք, չենք ուզում, պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում ընտրել… Գիտե՞ք մեր խնդիրներից մեկը որն է. ոչ թե մեր ընտրությունը կանգ է առնում լավերից մեկի վրա, այլ միշտ ստիպված ենք ընտրել չարյաց փոքրագույնը: Անընդհատ դրա հետևից ենք վազում: Մեր չափանիշները շատ են փոխվել…

-Համացանցից օգտվո՞ւմ եք:

-Գիտեք, եթե ես վարչապետ լինեի, կարգելեի Facebook-ը Հայաստանում… Մեզ դա չի կարելի, մենք դեռ «չենք մեծացել» … Մեզ համար Facebook-ը կարծես 7 տարեկան երեխային «*****» ֆիլմ ցույց տաս… Սա մեր խելքի բանը չի: Մենք բոլորս միմյանց հետ այս միջոցով «հաշիվ ենք մաքրում» …Երբ Ֆրանսիայում էի, իմացա, որ համաշխարհային Facebook-ների մեկնաբանությունների 60 տոկոսը, ըստ ուսումնասիրության, չարության և նախանձի հիմքի վրա է: Հայաստանում երևի 90 տոկոսն է այդպես…http://life.panorama.am/

Yazar: 57 hg
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
57 hg
yukarı