MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Yarın:+21 °C
Րաֆֆի Հովհաննիսյան
23:40, 25.01.2013
6670 | 1

Ծնվել է 1959 թվականին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Հորական պապը` Գասպարը, զորավար Անդրանիկի զինվորներից էր, Արեւմտյան Հայաստանի Խարբերդի Բազմաշեն գյուղից, իսկ մորական պապը` Հովակիմը, կամավորական 4-րդ գնդի հրամանատար Քեռու զինվորն էր, Կարինի Ձիթող գյուղից: Մեծ մայրերը` Խնկենի Կոճոլոզյանն ու Սիրուն Հովհաննիսյանը, արմատական դեր են խաղացել իրենց թոռների հայեցի դաստիարակության գործում: Հայրը նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանն է, մայրը` դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Ունի երկու եղբայր` Արմեն, Կարո, եւ քույր` Անի:

Կրթությունը
1977թ. ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանը Բերքլիում (UC Berkeley)` քաղաքագիտական բաժինը:
1979թ. տեղափոխվել է նույն համալսարանը Լոս Անջելեսում` բարձրագույն ուսումը շարունակելով Հայոց պատմության մասնագիտությամբ:
1980թ. ավարտել է համալսարանը` պատմության եւ արեւելագիտության զույգ ամբիոններից ստանալով "Summa cum laude" ճանաչումով "Bachelor of Art" տիտղոսը: Պաշտպանել է Turner մրցանակին արժանացած ավարտաճառը «Խորհրդային Հայաստանում 1921թ. Փետրվարյան ապստամբությունը պատմագրության մեջ» վերնագրով:
Մագիստրոսի (M.A.L.D.) տիտղոսը ստացել է 1982թ. Մասաչուսեթս նահանգի Թաֆտս (Tufts) համալսարանի Միջազգային օրենքի եւ դիվանագիտության Ֆլետչեր (Fletcher) դպրոցում, որտեղ մասնագիտացել է միջազգային օրենքի, դիվանագիտության պատմության եւ համայնավար երկրների արտաքին քաղաքականության բնագավառներում: Ավարտաճառի վերնագիրն էր` «Ամերիկյան դիվանագիտությունը եւ Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ.»:
Իրավաբանության դոկտորի (J.D.) աստիճանը ստացել է Վաշինգտոնի Ջորջթաուն (Georgetown) համալսարանի Իրավաբանական կենտրոնում` պաշտպանելով «Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը եւ Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ ատենախոսությունը:

Աշխատանքային փորձը
1981-1982թթ. Թաֆտս (Tufts) համալսարանում դասավանդել է Հայոց պատմություն: 1982թ.-ին եղբոր` Արմենի հետ ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան` գտնելով պապենական քարուքանդ ու հափշտակված օջախները:
1985-1989թթ. Լոս Անջելեսում պաշտոնավարել է որպես մասնագետ-իրավաբան քաղաքացիական դատավարության եւ միջազգային իրավունքի ոլորտներում: Նույն ժամանակ հիմքերն է դրել, ապա ղեկավարել Հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association):
1988թ. դեկտեմբերի 7-ի կործանիչ, քաղաքականորեն շրջադարձային երկրաշարժն անմիջապես բերում է նրան հայրենիք, ուր 1989թ. հունվարին հիմնում ու տնօրինում է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակը:
1991-ի հոկտեմբերին նշանակվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար` ծառայելով մինչեւ 1992-ի հոկտեմբերի 16-ի իր հրաժարականը:
1993-ից ղեկավարում է իր հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS), որը միջազգային ճանաչում է գտել:
1998թ. ծառայել է ՀՀ տեղեկատվության ու գրահրատարակչության պետի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոններում:
2005-08թթ. ղեկավարել է Հայաստանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով:
2007-2012թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ:
2007-08թթ. ղեկավարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը:
2007-09թթ. հանդիսացել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:

Հրատարակությունները
Հեղինակել է ուսումնասիրություններ, մենագրություններ ու հոդվածներ, որոնք լույս են տեսել հայկական, ամերիկյան, եվրոպական, ռուսական, միջինարեւելյան հրատարակչություններում ու պարբերական մամուլում:

Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի 5 երեխա` Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն-Ռիչարդ: Կինը` Արմենուհի Հովհաննիսյանը, «Պատանեկան նվաճումներ» ("Junior Achievement of Armenia") կազմակերպության նախագահն է: Միասին Երեւանում հիմնել են անապաստան երեխաների փրկարար «Օրրան» կենտրոնը:

Ծանոթագրություն
Րաֆֆի Հովհաննիսյանի` անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար ծառայելու մեկ տարվա ընթացքում Հանրապետությունը դարձել է միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի եւ ԵԱՀԽ-ի անդամ, դիվանագիտական կապեր է հաստատել ավելի քան հարյուր երկրների հետ: Նույն այդ տարում են դրվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբը, ինչպես նաեւ տարածաշրջանային դիրքորոշման հիմքերը: Այժմ նա իր գործունեությունը շարունակում է միջազգային քաղաքագիտական եւ հետազոտական ուսումնասիրությունների ասպարեզում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Jora Sharoyan
13:28, 16.04.2013
6377 | 0
21:29, 10.04.2013
6499 | 0
23:40, 25.01.2013
6670 | 1
yukarı