-Մենք - Երկար ժամանակ է հանդիպում ենք… միայն հայացքներով: Ժպտում ենք իրար, ու … անցնում: Պակասո՞ւմ է ինչ որ բան, ո՛չ ես, ո՛չ Նա Չենք հասկանում… «Դե ասա, ի՞նչ ես ուզում», մտքում հարցնում է Նա: Նա Կի՜ն է, ուժեղ ինչպես փոթորիկը… Սպիտակ խալաթի մեջ Նա ավելի գեղեցիկ կլինի քան փողոցում: Փոթորիկները սպիտա՞կ են լինում… Ես ժպտո՜ւմ եմ, Նա ժպտո՜ւմ է… ու նորից մենք հանդիպում ենք հայացքով… Գիշեր-դեղատան աչքերի առաջ: -Ես - Նայում ենք իրար… Այնքան մոտիկ ենք իրար, որ կորցնում ենք թաքնված մտքերի Հսկողությունը: Երկուսիս աչքերն էլ փայլում են… Առանց իրար հետ համաձայնության նայում ենք Դռանը, որտեղից մարդ չի մտնում ներս, Գիշերը գեղեցիկ է Նրա նման: Ե՜ս… Նա՜… Շրջապատը կախարդական է ու… Ուժեղը նա է… Ձեռքերս Սեղմած կրծքիս փորձում եմ դուրս փախչել գիշերվա միջից: Հանգցնում եմ տանս բոլոր լույսերը, Վառում եմ մի մոմ, Սափրվում եմ մոմի տակ, նստում Գրասեղանիս մոտ ու վերջապես Հանդիպել էինք հայացքներով Ես և Նա… Ոչինչ չեմ հասկանում, աչքերս նայել չգիտեն, Նրա հայացքն էլ գրել չգիտե… -Նա - Նա սպասել գիտի, Նա գիտի հայացքով պատմել, Թե ինչպես է սիրում: Նա թո՜ւյլ է, տղամա՜րդ, Երկչո՜տ է, բայց… Ինչքա՞ն կարելի է սպասել, պատվիրած դեղը Արդեն ձանձրանում է, Գրողի ծոցը գիշեր-դեղատունն էլ, աշխարհն էլ, Գրողի ծոցն էլ այս զգեստը, որ հագա, որը Չունի սկիզբ, որը չունի վերջ… Գրողի ծոցը նա ով հնարել է մենակությունը… Բայց ինչո՞ւ մենակ, մի՞գուցե կգա… Կգա՜… Կսպասեմ, Նա ուղղակի ուշանում է… -Վերջաբան - Իմ մասին ամենավատ բաները գիտեմ միայն ես, բայց դեռ շարունակում եմ սիրել ինձ: Բոլոր ճանապարհներից հրաժարվեցի և ոչ թե նրա համար, որ բոլորը տանում են դեպի Հռոմ, այլ որ բոլոր ճանապարհները տանում են դեպի գիշեր-դեղատուն… Դանդաղաշարժ Լուսաբացը ձեռքի ջնջոցով գիշեր-դեղատան ապակուն փակցնում է հայտարարություն. «Առաջարկում եմ ՛՛ՍH՛՛ մակնիշի թվային որակով, նուրբ տեսախցիկ, անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում Իմ հոգու բոլոր տեղաշարժերի ձայնագրությամբ: Ս.Ումառ-Հարությունյան |