ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեր գործն առանձնահատուկ է նրանով, որ հանդիսատեսը չի նկատում դժվարությունը». Հրաչյա Հարությունյան
14:05, 14.03.2017 | mamul.am
12486 | 0

ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին բնութագրողները հաճախ ասում են, որ նա շատ զգացմունքային է բեմում, իսկ կենցաղում բոլորովին հակառակը` հանդարտ ու հանգիստ:
«Համամիտ եմ: Նյարդային համակարգս ամբողջությամբ, որ երևում է, դա միայն ներկայացումների ընթացում է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:
Պրեմիերայից առաջ էլ նույն համբերատարությամբ դերասանը սպասում է վարագույրը բացվելուն` հուսով, որ այն պատկերացումները, որ ունեցել է բեմադրելուց, արձագանք կգտնեն:
Նրա համոզմամբ` դերասանի և ռեժիսորի մասնագիտությունները շատ տարբեր են և հակասական:
«Դերասանի մասնագիտությունն ավելի էգոիստ է` ե՛ս, ի՛մ զգացողությունները, ի՛մ այսօրվա տրամադրությունը… Իսկ բեմադրողը` բոլորովին հակառակը, մաքսիմալ պետք է հաշվի առնի նրա՛նց` դերասանների տարամադրությունը, նրա՛նց զգացողությունները»,- համոզված է նա:

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերան

Հրաչյա Հարությունյանի նոր` «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը պրեմիերայից անմիջապես հետո դրական արձագանք գտավ: Ներկայացման մեջ նա նաև գլխավոր հերոսին է մարմնավորում: Դերասանից հետաքրքրվեցինք` դժվար չի արդյոք միևնույն ժամանակ և՛ բեմադրել, և՛ խաղալ: Նա չժխտեց.
«Մեկը մյուսին խանգարում է քիչ թե շատ, բայց դա ունի իր և՛ դրական կողմերը, և՛ բացասական: Դրականն այն է, երբ դու խաղում ես ու բեմադրում, ընթացքում դու քո բոլոր ցանկություններն ես ի կատար ածում. քո բեմական ճաշակի, բեմական կրթության, արագության, ռիթմի, ասելիքի, աշխարհի պատկերացման… ինչ ես ուզում, և ինչ տեսակ ես ուզում: Դու քո ցանկություններով ես կիսվում հանդիսատեսի հետ: Իսկ բարդությունն այն է, որ բնականաբար, եթե չխաղաս, այլ միայն բեմադրես, աչքդ ավելի շատ լինում է բեմին, ինքդ քեզ հետևելն ավելի է դժվարանում, բայց դրանք տեխնիկական բաներ են»,- նշեց դերասանը:
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերան

«Սերը տարիք չի հարցնում» գործում ռեժիսորին ամենից շատ գրավեց առաջին բառը` սերը:
«Սերը ոչինչ չի հարցնում և ինձ համար այս ներկայացումը ոչ միայն տարիքայն փոխհարաբերություների մասին է, ընդհանրապես սիրո մասին է, այդ մեծ զգացմունքի, առանց որի ուղղակի անիմաստ է ամեն ինչ»,- համոզված է նա:
Հրաչյա Հարությունյանին հանդիսատեսը տեսել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկ դերերում, սակայն դերասանը դժվարանում է ասել` որ ժանրում է իրեն առավել հանգիստ զգում:
«Ամեն ներկայացում իր տեսակն ունի, և իր առողջական խնդիրները բերող տարրերն ունի, չկա երկու իրար նման ներկայացում և այս դեպքում ժանրը կարևոր չէ: Ես միշտ դրամատիկ դերերիցս առանձնացրել եմ Հիսուս Նազովրեցին, Համլետը, Անտոնիոսը… կոմեդիկ դերերից էլ կարող եմ առանձնացնել` «Վերջին ծաղրածուն», կամ «707» ներկայացման հերոսներիս, որոնք հեշտ խաղացվող չեն: Բայց մեր գործը նա է, որ այդ դժվարությունը հանդիսատեսը չնկատի»,- ամփոփեց Հրաչյա Հարությունյանը:
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր