ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գլենդելում տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան - 2800» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը
22:35, 17.07.2018 | mamul.am
2858 | 0

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան-2800» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Լուսանկարների բնօրինակներից շատերը մինչև օրս պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և արտատպվել են հատուկ «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսում ներկայացվելու համար:

Հատկանշական է, որ առանձին ցուցասրահում ներկայացվել են նաև Գլենդելում ապրող հայ արվեստագետների աշխատանքները՝ նվիրված Երևանին:

«Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլորին զգալու հնամյա մայրաքաղաքի շունչն ու ջերմությունը, յուրահատուկ մթնոլորտը, ինչպես նաև հրավիրել բոլորին հյուրընկալ մեր քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր