Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երևանում տեղական ինքնակառավարումը՝ կարելի է ասել, գտնվում է սաղմնային վիճակում: Երևանցիները գրեթե հաղորդակից չեն Երևանի կառավարման գործառույթներին: Նրանք չեն վերահսկում Երևանի բյուջեն և չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները և ինչպես է տնօրինում Երևանի քաղաքապետարնն իրենց պատկանող գույքն ու հողերը: Օրինակելի համարվող ժողովրդավարական հասարակարգերը տեղական ինքնակառավարումը դիտարկում են արդյունավետ կառավարման կարևորագույն միջոց, ելնելով այն համոզմունքից, որ իրական իշխանությամբ օժտված տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունն ապահովում է արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մոտեցված կառավարում: Ինքնիշխան կամք, ինքնակազմակերպում, ինքնակարգավորում, ինքնագործունեություն և ինքնավերահսկողություն՝ այս սկզբունքները կարևոր դեր ունեն տեղական ինքնակառավարման գործունեության համար: |