ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կարեն Դուրգարյանը և Նիկոլայ Մադոյանը տպավորված են Կամերային նվագախմբի հետ աշխատանքից
22:30, 18.09.2018 | mamul.am
2739 | 0

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբն ինքնատիպ համերգով տալիս է 2018/19 համերգաշրջանի մեկնարկը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` սեպտեմբերի 19-ին տեղի կունենա նվագախմբի համերգը, որը նվիրված է ՀՀ անկախության 27-ամյակին: Այդ օրը կոլեկտիվի հետ որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): Կամերային նվագախումբը կղեկավարի դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ աշխարհում ճանաչում ունեցող Հայաստանի պետական կամերային նվագախմբի և, իհարկե, ճանաչված անուն` Նիկոլայ Մադոյանի հետ: Շատ պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ լավ արդյունքներ ենք ունենալու: Առավել քան վստահ եմ»,-սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Կարեն Դուրգարյանը: Դիրիժորը փաստել է` տպավորված է վերջին օրերի համերգային փորձերով, որոնք իրեն մեծ երջանկություն են պատճառել:

Ջութակահար Նիկոլայ Մադոյանն էլ ընդգծել է, որ նույնպես ուրախ է հանդես գալ կոլեկտիվի և Դուրգարյանի հետ: Փաստել է, որ հասցրել է բազմիցս համագործակցել Կամերայինի և դիրիժորի հետ, հիացած է նվագախմբի պրոֆեսիոնալիզմով:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նվագախմբի համերգաշրջանի բացման համերգի տոմսերը գրեթե սպառված են:

«Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային, հանդես է գալու նաև Կամերային երգչախումբը: Որպես դիրիժոր հանդես կգան Ռոբերտ Մլքեյանը: Կամերային նվագախումբը հոկտեմբերին, ընդհանուր առմամբ, հանդես կգա հինգ համերգով: Նվագախումբը գերծանրաբեռնված է լինելու, բոլոր համերգները մեկը մյուսից լավը կլինեն»,- հավելել է Նորայր Նազարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ի կհնչեն նաև Վիվալդիի «Տարվա եղանակները», Սարյանի «Գառնին»,Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու«Բերդպարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր