ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն
23:35, 18.09.2018 | mamul.am
6579 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն: «Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է:Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երևան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր