ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել
02:10, 21.09.2018 | mamul.am
3262 | 0

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 27-ամյակին, անցել է լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ընդգծել է, որ շատ է սիրում Կամերային նվագախումբը, նախ և առաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունի կոլեկտիվում (իր համակուրսեցիներն են):

«Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,- նշեց Կարեն Դուրգարյանը:

Դիրիժորը մեծ հաջողություններ է մաղթել նվագախմբին` նշելով, որ կոլեկտիվը շատ հետաքրքիր ծրագրերով է հանդես գալու: Համերգին Դուրգարյանի ղեկավարությմաբ հնչել են Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:

Համերգային երեկոյին «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կատարել է Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ջութակահարն ընդգծել է, որ այս բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը:

Նշենք, որ նվագախմբի ելույթներն արժանացել են բուռն ծափահարությունների: Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել:

Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես է գալու Ռոբերտ Մլքեյանը: Ելույթ է ունենալու նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր