ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Պլյուշչենկոն Երևանում պատմել է իր և ապագա ծրագրերի մասին
15:06, 20.10.2015 | mamul.am
4032 | 0
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի սառցե շոու, որը հայ հանդիսատեսի համար հատուկ բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը: 2,5 ժամ տևողությամբ շոուն ներառում է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, ցատկեր, նեցուկներ, գեղասահորդ-ակրոբատների համարներ, լուսային ու ձայնային լուծումներով հեքիաթային բեմադրություն: Շոուին ընդառաջ մեկ օրով Հայաստան է այցելել կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն։ «Ուրախ եմ ողջունել բոլորիդ։ Երկրորդ անգամ եմ Երևանում։ 2008-ին երկու շոու ներկայացրեցի հայ հանդիսականի դատին։ Կարծում եմ՝ դրանք դուր եկան նրանց։ Ինչպես գիտեք՝ այս տարի չեմ մասնակցում մրցաշարերի։ Այդ պատճառով համաշխարհային շրջագայությամբ եմ ներկայանում հանդիսատեսին։ Մյուս տարի կվերադառնամ մարզումներիս։ Նոյեմբերին երկու ծրագիր կներկայացնեմ Երևանում՝ կարճ և կամավոր ծրագրերս։ Ցանկանում եմ տեսնել ձեր էմոցիաները։ Հույս ունեմ՝ ձեզ դուր կգան դրանք»,- Պլյուշչենկոյի խոսքերն է մեջբերում ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։

ԶԼՄ-ներում վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Պլյուշչենկոն կրկին մեջքի հետ կապված խնդիրներ ունի և վիրահատվելու է։ Եվգենին, սակայն, հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով որ ամեն ինչ կարգին է․ «Ես շատ լավ եմ։ Կրկնում եմ՝ շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Շարունակում եմ մարզվել, ամեն օր՝ սովորականի պես։ Շարունակում եմ մարզվել մշտական մարզչիս՝ Ալեքսեյ Միխայլովիչ Միշինի հետ։ Հիմա բեմադրություններս անում եմ «Մեծ թատրոն»-ում՝ Յուրի Պոսոխովի և Սերգեյ Ֆիլինի հետ։ Աշխատում եմ նաև «Մարիինյան թատրոն»-ի հետ՝ բեմադրիչ Յուրի Սմեկալովի հետ։ Այնպես որ, աշխատանքը եռում է։ Լավ մարզավիճակում եմ՝ ճիշտ քաշում։ Ցանկանում եմ շարունակել ուրախացնել երկրպագուներիս և առաջ տանել գեղասահքը»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր