ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՏՄՊՊՀ-ն խիստ նախազգուշացում է արել «Յանդեքս» տաքսի ծառայությանը
17:30, 28.10.2016 | mamul.am
7358 | 0

Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատ տաքսու վարորդների դժգոհություններով, որոնք պնդում էին, որ «Յանդեքսը» աշխատում է օրենքի խախտումներով: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Պարզվել է, որ «Յանդեքսի» գործունեությունը պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր: Նկատի ունենալով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ինչպես նաև այն, որ նախքան շուկային վնաս հասցնելը, ՏՄՊՊՀ-ի կողմից խնդիրը կանխվել է, որոշվեց «Յանդեքսի» հանդեպ կիրառել խիստ նախազգուշացում:

«Յանդեքսը» փորձել է դաշտում հաստատվել անարդար մրցակցային կանոններով

Հանձնաժողովի կողմից «Յանդեքսի» վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են մի շարք այլ հանգամանքներ ևս, որոնք փաստում են, որ փորձ է արվել աշխատել ոչ արդար մրցակցային կանոններով՝ շրջանցելով օրենքը: ՏՄՊՊՀ-ը փաստում է, որ ընկերությունը դրսևորել է բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողի համար առավել քան տարօրինակ և անհասկանալի վարքագիծ: Խոսքը վերաբերում է մասնավորապես նրան, որ գործունեության մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլ նաև փաստացի աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին: Այսպես. պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին, փաստացի կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղևորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղևորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ: Հանձնաժողովը կանխել է ընկերության նման գործելաոճը, քանի որ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն: «Յանդեքսը» ընդունել է ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իր գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան: Հանձնաժողովի նիստում ներկա էր նաև ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության այլ ներկայացուցիչներ, որոնք համաձայնվեցին ՏՄՊՊՀ որոշման հետ, ընդունեցին առկա խնդիրներն ու պատրաստակամություն հայտնեցին սեղմ ժամկետներում շտկել խնդիրը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ իր խոսքում նշեց, որ հետագայում ևս Հանձնաժողովը հետևողական է լինելու ընկերության գործունեության հանդեպ, որպեսզի դաշտում աշխատող բոլոր ընկերությունների համար գործեն հավասար մրցակցային պայմաններ:

Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս հայտնվել է ՏՄՊՊՀ դիտակետում

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն «Յանդեքսի», այլ նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող մյուս տաքսի ծառայությունների վարքագիծը: Խոսքը վերաբերում է «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսօլայն», «Վիվա Գոլդ» ընկերություններին:
Հանձնաժողովի դիտարկմամբ, այս ընկերութունների գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման, ինչից հետո միայն դրանք կարող են դաշտում գործող մյուս ընկերությունների հետ աշխատել նույն հավասար պայմաններով: Հակառակ դեպքում, հայտնվում են առավել մրցակցային իրավիճակում: Խնդիրն այն է, որ մյուս բոլոր տաքսի ծառայությունները վճարում են լիցենզավորման պարտադիր տուրք, որը կազմում է տարեկան 200 հազար դրամ, արտոնագրային վճար, ինչպես նաև վարորդների համար եկամտային հարկ: Արդյունքում, ի տարբերություն նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների «խնայում են» մի քանի հարյուր հազար դրամ, որը վերջիններին հնարավորություն է տալիս դաշտում աշխատել ավելի ցածր գնով: Տեղեկացնենք նաև, որ լիզենզավորման կարգի հետ կապված ՏՄՊՊՀ-ը պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր