ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Թրամփի վարչակազմը խստացրել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը
14:30, 01.06.2017 | mamul.am
8325 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմողների համար նոր հարցաթերթը, որը ներառում է մի շարք նոր կետեր: Մասնավորապես, խստացված կանոնների համաձայն, մուտքի արտոնագրի համար դիմողներից կարող է պահանջվել տրամադրել վերջին հինգ տարվա ընթացքում սոցիալական ցանցերի էջերը և 15 տարվա վաղեմության կենսագրական տվյալներ, հայտնում է Reuters-ը:

Չնայած հանրային քննարկումների ժամանակ հնչեցված քննադատությանը՝ մայիսի 23-ին նոր կանոնները հաստատվել են:

Քննադատները պնդում են, որ նոր հարցերը չափազանց ծանրաբեռնող կլինեն, դրանց հետևանքով կերկարի տվյալներն ուսումնասիրելու գործընթացը, և դա բացասաբար կազդի ուսանողների և գիտնականների՝ Միացյալ Նահանգներ այցելելու ցանկության վրա:

Նոր ընթացակարգի համաձայն՝ հյուպատոսական աշխատակիցները կարող են պահանջել բոլոր նախկին անձնագրերի համարները, հինգ տարվա ընթացքում ունեցած սոցիալական ցանցերի էջերը, էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, ինչպես նաև 15 տարվա կենսագրական տվյալներ՝ ներառյալ հասցեներ, աշխատանքի և կատարած ճանապարհորդությունների մասին տեղեկություններ:

Չնայած նոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը կամավոր է, այդուհանդերձ, հնարավոր է՝ անհրաժեշտ տվյալներ չհայտնելու դեպքում ուշացվի կամ ընդհանրապես մերժվի մուտքի արտոնագրերի տրամադրումը:

Ինչպես հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, պաշտոնյաներն այդ լրացուցիչ տեղեկությունները կպահանջեն, եթե որոշեն, որ «այդ տեղեկությունն անհրաժեշտ է ինքնությունը հաստատելու կամ ազգային անվտանգությանն առնչվող ավելի խիստ ստուգում իրականացնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր