ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Դիլիջանում անտառահատ վանդալներն, ի հեճուկս վարչապետի հայտարարության, 21 հատ ծառ են կտրել
22:40, 14.08.2018 | mamul.am
5284 | 1

Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում, Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ նշելով, որ նույն օրը հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ պետությանը պատճառված նյութական վնասը կազմել էր երկու միլիոն 567 հազար դրամ:

«Բայց այստեղ հարցը միայն նյութական վնասը չէ: Վանդալիզմ հիշեցնող այս գործողությունը հաջորդեց Տավուշի մարզ վարչապետի այցին, որի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Եվ այս վայրագությունը չէր կարող ընկալվել այլ կերպ, քան որպես մարտահրավեր իրավապահներին և ժողովրդին: Մարտահրավերն ընդունվեց, և արձագանքը եղավ արագ ու խիստ. ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների հետ, ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարելուն դրդել է Հաղարծինի բնակիչ, 33-ամյա Շահեն Մանուչարյանը: Իսկ ապօրինի ծառահատումը կատարել են Հաղարծինի բնակիչներ, 32-ամյա Գևորգ Բաբինյանը, որն, ի դեպ, ի պաշտոնե կոչված էր պահպանելու անտառը՝ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 14-րդ պահաբաժնի անտառապահն է, 21-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 26-ամյա Վալերիկ Թամամյանը»,- գրված է ոստիկանության հաղորդագրության տեքստում:

Շահեն Մանուչարյանն ու Գևորգ Բաբինյանը ձերբակալված են, մյուս երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Վերջիններս, հաղորդագրության համաձայն, հայտարարել են, որ արարքը իրենց բողոքն արտահայտելու ձև էր:

«Անտառը ոչ միայն բոլորինս է, անտառն ապագայինն է, և մեր, մեր երեխաների, մեր Հայաստանի ապագայի դեմ ոտնձգողներն անպատիժ չեն մնալու»,- հայտնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր