Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը: «Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով», - ասվում է Հռոմի պապի ուղերձում: Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ եւ այժմ էլ պատրաստ է աջակցել: |