ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել այդ ավտոմեքենային». «Ականատես» դիտորդական առաքելություն
11:30, 23.09.2018 | mamul.am
15085 | 0

Ժամը 9:48-ին Շենգավիթի 8/39 ընտրատեղամասում դիտորդը հայտնել է, որ տեղամասի մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Այս մասին տեղեկանում ենք «Ականատես» դիտորդական առաքելության կայք-էջից:

Նկատվել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

Ընտրողների ուղղորդման մեկ այլ դեպք է գրանցվել Աջափնյակի 6/8 ընտրատեղամասում: Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է թե՝ ոչ և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:

Տեխնիկական սարքի խափանում է տեղի ունեցել Կենտրոն 9/36 ընտրատեղամասում. հանձնաժողովի անդամների գործառույթների հերթափոխը չի իրականացվել սահմանված կարգով: Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամները չեն կատարել գործառույթների փոփոխություն:

Ժամը 11:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 91 խախտում, 7 միջադեպ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր