ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտել են և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքի հետ զրույցում: «Ռուսաստանը միջամտել է, սակայն ես կարծում եմ, որ Չինաստանը ևս միջամտել է»,- ասել է Թրամփը: «Անկեղծ ասած, կարծում եմ, որ Չինաստանն ավելի լուրջ խնդիր է»,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները քարոզարշավ են իրականացնում Հանրապետական կուսակցության դեմ, որպեսզի միջամտեն նոյեմբերի 6-ին Կոնգրեսում կայանալիք միջանկյալ ընտրություններին: Այդ գործողությունները, նրա կարծիքով, պատասխան են ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությանը: Հավելենք, որ արդեն մեկ տարուց ավելի ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը: |