Երևանի կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի կենդանաբանական այգում կայացել է «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցել են բոլորը՝ այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և, իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս ներկայացրել են իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ: Օրն սկսվել է կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները: |