«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հին ու նոր Երևանի վավերագրերի յուրօրինակ ցուցադրություն է բացվել «Մետրոնոմ» կենտրոնում։ Երևանի 2800 ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները (1927թ.) և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնցից ամենահինը` Երևանի բերդի և Ձորագյուղի ընդհանուր տեսարանը պատկերող լուսանկարն է (1885թ.)։ ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի կազմակերպած ցուցահանդեսի 60-ից ավելի լուսանկարները պատմում են հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, նշանավոր անձանց մասին։ Ցուցահանդեսը բացվել է Հին Երևանի մասին պատմող ֆիլմով, որն ուղեկցվել է Շառլ Ազնավուրի կատարումներով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի առաջարկով միջոցառման մասնակիցները ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով են հարգել մեծ հայի ու շանսոնյեի հիշատակը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով ցուցահանդեսում ներկայացված են Հին Երևանի մասին վկայող հրաշալի վավերագրեր: «Մենք ցանկացել ենք հին Երևանի վավերագրերը մեր բնակչությանը ավելի հասանելի դարձնել ցուցադրության միջոցով ոչ թե թանգարաններից մեկում, այլ դուրս ենք բերել հանրային վայր` նպատակ ունենալով ավելի մոտ լինել հասարակությանը։ Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա տեսնել 2800-ամյա Երևանը, նրա ճարտարապետական դիմագիծը, ինչպես Սևակն է բնորոշել՝ քարե նազանքը, ուզում ենք այդ նազանքի բոլոր նրբերանգները ցույց տալ այսօրվա երիտասարդներին»,- ասել է Արա Թարվերդյանը։ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով էլ թանգարանում պահպանվում է Երևանի 15․ 000 լուսանկար, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը և հավաքածուն մշտապես համալրվում է։ «Քանդվել են Երևանի բազմաթիվ եկեղեցիներ, օրինակ Պողոս-Պետրոսը, որի միայն լուսանկարն է պահպանվել, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ռուսական Սուրբ Աննայի եկեղեցին, որը եղել է Ստեփան Շահումյանի արձանի տեղում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում էլ կառուցված է եղել Գետցեմանի մատուռը (թվագրված 12-րդ դարով): Ցավոք այսօր այդ կառույցները չկան։ Իհարկե բազմաթիվ այլ շենքեր էլ քանդվել են տարբեր քաղաքաշինական նախագծերի ընթացքում։ Մեր քաղաքի դիմագիծն անընդհատ փոխվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչը բնորոշ է բոլոր քաղաքներին»,- նշել է Ա․ Սարգսյանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող, հին ու նոր Երևանի մասին պատմող 25 գրքերի: Դրանցից ամենահինը` «Երևան» տպագրվել է 1948թ.: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 23-ը։ |