Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին և մյուս լուսանկարների միջև ուղիղ կես դար է։ Սև-սպիտակ պատկերում հպարտ կանգնած երիտասարդն իմ 35-ամյա հայրն է, Էդուարդ Խզմալյանը՝ Երևանյան Կոթողի, Ջիմ Թորոսյանի ճարտարապետական գլուխգործոցի գլխավոր շինարարը։ 1967-68 թթ. կառուցված այս 50-մետրանոց աշտարակը բացվել էր Երևանի 2750-ամյակի տարեդարձին և ի սկզբանե նախատեսված ու նվիրված էր մայրաքաղաքի հոբելյանին, թեև այն տարիներին պաշտոնապես կոչվում էր «Հայաստանի սովետականացման 50-ամյակի օբելիսկ-հուշակոթող»։ Իրականում դա ճարտարապետի խորամանկությունն էր՝ Մոսկվայի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությամբ դրդված։ «Սովետականացում» կոչվող մեր հայրենիքի զավթման կեսդարյա տարելիցը լրանում էր միայն 1970-ին, մինչդեռ Կոթողը հիմնականում պատրաստ էր արդեն 68-ին, հենց Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյա տարեդարձին և ստորև ես կբացատրեմ, թե ինչումն էր կայանում հուշարձանի հեղինակների գաղտնի մտահղացումը։ Մի անգամ արդեն գրել էի այդ մասին, սակայն և իմ մանկության տարիներին, և հիմա, թոռներիս հետ զբոսնելով հուշահամալիրի ընդարձակ տարածքում ես պարբերաբար ակամա լսում եմ ինքնակոչ «գիդերի» զավեշտալի բացատրությունները, որ կրկնում են սովետական շրջանի սուտը, իբրև թե սա «շնորհակալ հայ ժողովրդի տուրքն էր սովետական իշխանությանը», պսակված «բացած գրքով», որի վերևը մի վարկածով «ոսկե գրիչն» է, մեկ այլ գիտունիկի պնդմամբ էլ «ցորենի ոսկե հատիկը»։ Այս ամենը զառանցանք է և գոնե հիմա անհրաժեշտ է պաշտոնապես բացատրել իրողությունը։ Ես պաշտոնյա չեմ, ուստի հորդորում եմ օրվա իշխանություններին գոնե մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ տեղեկանալ այդ մասին և պարզաբանել ժողովրդին Երևանի գլխավոր խորհրդանիշի իրական իմաստը։ Հայրս 90-ականների սկզբին ասել էր ինձ, որ ճարտարապետ Ջիմ Թորոսյանն այս Կոթողի միջոցով ձգտել էր հսկայական ծավալով վերարտադրել Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ բացայայտված հռչակավոր պատկերը՝ առյուծի վրա կանգնաց հայոց թագավորի հետևում երևացող մեհյանը։ Դրա կոնաձև գծագիրը, վերևում սրբազան կրակի լեզվակով, այդ ընթացքում արդեն դարձել էր Երևանի ամենատարածված խորհրդանիշը, կրկնվելով բազմաթիվ պատկերներում, հուշանվերներում, կրծքանշաններում, սպասքի ու պաստառների վրա, ծխախոտի տուփերին և բազմաթիվ այլ ձևերով։ Թորոսյանի մտահղացումն էր Էրեբունիի արևապաշտության աշտարակը դարձնել Երևանի ամենաբարձր ու վեհ կառույցը, հոգևոր այդ խորհրդանիշով կապելով ժամանակակից Հայաստանը Արարատյան թագավորության հետ։ Հսկայական այս մեհյանը պսակող ոսկե լեզվակը, կարծես վիթխարի մոմի հավերժ վառվող ու երբեք չհանգչող կրակ լինի, այլ ոչ թե որևե այլ բան։ Ճարտարապետի հանճարեղ գաղափարը Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրեց մեր հնագույն ազգային կրոնի վեհ ու անզուգական խորհրդանիշ, որի մասին առ այսօր իմ համաքաղաքացիների մեծամասնությունը չգիտի։ Թող այս փոքր պատմությունը իմ համեստ տուրքը լինի սիրած քաղաքի 2800-ամյակին, ինչպես նաև դրա հեղինակների ու կառուցողների հիշատակին։ |