ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է
14:30, 21.10.2018 | mamul.am
11021 | 1

Այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017), Եվրոպայի քառակի չեմպիոն (2012, 2013, 2014, 2018) գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշը դառնում է 27 տարեկան։ Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին` Գյումրիում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին հոր` Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերին Արթուրը, դառնալով չեմպիոն, նվաճել է անկախ Հայաստանի պատմության երկրորդ ոսկե մեդալը։ Մինչ այս ոսկե մեդալ էր նվաճել Արմեն Նազարյանը՝ 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերին։

Արթուրը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014, 2015, 2016, 2017 թվականների լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հռչակվել է չեմպիոն:

2015 թվականին, անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ռիոյի օլիմպիական չեմպիոն հռչակվելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով և «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով։ Բացի այդ, դարձել է Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր