ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում քննարկել են «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» մասին համաձայնագրի շուրջ իրավիճակը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Գործակալության տեղեկություններով՝ Թրամփն արդյունավետ քննարկում է անցկացրել Պուտինի և համաշխարհային մյուս առաջնորդների հետ: Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը, պատժամիջոցները, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն: Ընդ որում, Պուտինը նշել է, որ «շատ լավ» քննարկում է տեղի ունեցել: Նշենք, որ երեկ Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ: |