ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չափազանց վտանգավոր է». Զոհրաբ Մնացականյան
17:30, 16.11.2018 | mamul.am
5130 | 1

«Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չափազանց վտանգավոր է», այս մասին ТАСС պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Պարբերականի լրագրողը հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի մասին և հետաքրքրվել՝ արդյոք Հայաստանը մտադիր է ամերիկյան զենք գնել:

«Որևէ առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի այդ, մեր երկիրը գտնվում է չափազանց զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն: Նման պայմաններում չափազանց վտանգավոր է սպառազինությունների մրցավազքը: Եվ երբ մեր դժգոհությունն ենք հայտնում՝ կապված Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, նշում ենք, որ դրան չենք կարող վերաբերվել որպես գործնական հարաբերության, այլ զենքի, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքերը»,- ի պատասխան՝ ասել է Զ. Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի մարտունակությունն ու որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ վճռականությունը:

«Միևնույն ժամանակ, ընդգծում ենք Հայաստանի հակվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Զ. Մնացականյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր