ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման իրականացման հարցում «խիզախության և քաղաքական կամքի» համար: Այս մասին Պուտինն ասել է Ստամբուլում գազամուղի ծովային հատվածի կառուցման ավարտին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է РБК-ն: Պուտինի խոսքով՝ «առանց այդ որակների` աճող մրցակցության պայմաններում անհնար կլիներ նման ծրագրի իրականացումը»: Էրդողանն, իր հերթին, գազամուղի ծրագիրը պատմական է անվանել: Նշենք, որ «Թուրքական հոսք»-ը կազմված է 2 ճյուղից. յուրաքանչյուրի հզորությունը կազմում է տարեկան 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին ճյուղով այն անցնում է Թուրքիայի սպառողներին, մյուսով՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներին: Գազամուղի գործարկումը նախատեսված է մինչև 2019թ. վերջ: |