ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայկական ծագում ունեցող որքա՞ն ազգաբնակչություն կա այսօր Թուրքիայում. «Ամերիկայի ձայն»
10:10, 20.11.2018 | mamul.am
3976 | 0

Վաշինգթոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» գրքի շնորհանդեսը: Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խոսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգթոնի Սուրբ Մարիամ հայկական եկեցու դահլիճում:

«Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչև թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը:

Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա և այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան և չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են:

«Հրանդ Դինքը ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե ոչ»,- ասում է գրքի հեղինակը:

Հաջյանի կարծիքով՝ ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը:

«Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել՝ որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ, շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ-որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով՝ ոչ այսօրվա Թուրքիայում»,- ասում է Հաջյանը:

Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:

Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրել է իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանել ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների և հայապահպանության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր