ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Քննություն Նիկոլ Փաշինյանի համար. մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները». միջազգային մամուլ
09:40, 09.12.2018 | mamul.am
9605 | 0

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել:

Ռուսական մամուլը գրում է, որ Հայաստանում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին, իսկ ԿԸՀ-ն մասնակցության համար գրանցել է 9 կուսակցություն և 2 դաշինք: Ռուսական մամուլը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցրել էր խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ:

РИА Новости-ն տեղեկացնում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացակարգի մասին: Պարբերականը նշում է, որ խորհրդարան կարող են անցնել առնվազն 101 պատգամավոր, իսկ 4 տեղ առանձնացված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

«Առաջին համընդհանուր ընտրություններն են ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ իշխանության եկավ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը՝ փոխարինելով Սերժ Սարգսյանին, ով երկիրը ղեկավարեց 10 տարի»,- հաղորդում է Интерфакс-ը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկին անդրադառնում է նաև վրացական մամուլը: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ «ընտրությունների բացարձակ հաղթողը հայտնի է, գլխավոր ինտրիգը՝ թե որ կուսակցությունները կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը»:

Кавказский Узел-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը, հայտնում է, որ ընտրություններին կարող է մասնակցել 2 միլիոն 573 հազար 779 մարդ:

«Խարիզմատիկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ մայիսին, գերիշխող դիրք ունի: Նա պայքարում է աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Նրա հռետորաբանությունն ու ոճը նպաստում են երկրի ժողովրդավարության ամրապնդմանը»,- գրում է Madison.com-ը:

Latimes-ի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլ»-ը դաշինքն առաջատար է, մինչդեռ նախկին «Հանրապետական» կուսակցությունը հետ է մնում»:

«Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով»,- ասվում է BBC-ի հոդվածում:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադարձ են կատարում նաև New York Times-ը, Dailytimes-ը, Herald-ը, Al Jazeera-ն և այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր