ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները կարող են բարձրացնել նախագահ Թրամփի դեմ իմպիչմենթ հայտարարելու հարցը: Այս մասին հայտնել է օրենսդիր Ջերըլդ Նադլերը: CNN-ի հետ զրույցում Նադլերն ասել է, որ օրենսդիրները պետք է որոշեն, թե որքանով են կարևոր Թրամփի դեմ մեղադրանքները: Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփն իրեն խաբեբաներով է շրջապատել և մաս է կազմել 2016թ. ընտրություններին ԱՄՆ-ի ժողովրդի դեմ ուղղված դավադրությանը: Նշենք, որ օրեր առաջ դաշնային դատախազները Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին մեղադրել էին 2 կնոջ 280 հազար դոլար վճարելու համար, ովքեր պնդել են, որ սիրային կապ են ունեցել Թրամփի հետ՝ ընտրություններին լռելու դիմաց: Ընդ որում, դատախազները նշում են, որ վճարումները կատարվել են Թրամփի կարգադրությամբ: Ավելի վաղ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ևս մեկ դեմոկրատ անդամ՝ Ադամ Շիֆը, հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարին կարող է ազատազրկում սպառնալ նախագահության ժամկետի ավարտից հետո: |