ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը, հաղորդում է NBC-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփին առաջարկել են գումար վերցնել երկրի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հիմնադրամներից: Պատի կառուցման ֆինանսավորման հնարավոր աղբյուրի մասին ճեպազրույցի ժամանակ պատմել են Պենտագոնի պաշտոնյաները: Նշվում է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում քաղաքացիական ինժեներական և վերականգնողական աշխատանքների համար նախատեսված չօգտագործված միջոցների ծավալը կազմում է 13,9 միլիարդ դոլար: Այդ հիմնադրամներից ֆինանսավորվում են նաև բնական աղետներից տուժած շրջանները: Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախօրեին Թրամփը դեմոկրատների հետ այդ հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» էր անվանել: |