Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգմանը: Մասնավորապես, «РИА Новости»-ն հայտնում է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման մասին՝ նշելով, որ նախկին նախագահի պաշտպանների բողոքները մերժվել են: Գործակալությունը հիշեցնում է, որ Քոչարյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր ներկայացրել 2018-ի հուլիսին՝ 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակում: Ռուսական լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վճռաբեկ դատարան, ևս մեկ բողոք կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «РБК»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն իր կալանքն «անձնական վրեժխնդրություն» է համարում: «Անցած տարվա հուլիսին ՀՀ իշխանությունները մեղադրանքներ առաջադրեցին Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2008-ի մարտի 1-ի գործով: Քոչարյանը ձերբակալվեց, սակայն օգոստոսի կեսերին ազատ արձակվեց, դեկտեմբերին նրան կրկին կալանավորեցին»,- կալանքի երկարաձգման մասին հայտնելով՝ հիշեցնում է «Взгляд»-ը: «Քոչարյանի կալանավորումը ժամանակի հարց է: Կարևոր է, որ իշխանությունները վերջապես սկսեցին զբաղվել այդ հարցով: Ես այդ իրադարձությունների մասնակիցն եմ եղել և գիտեմ, որ նախագահական ընտրությունների արդյունքներից բողոքող մարդկանց դեմ կիրառում էին բոլոր միջոցները՝ քրեականից մինչև ռազմական: Բոլոր կառավարական կառույցներն ու իրավապահ մարմիններն անում էին մի բան՝ ապահովում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերարտադրումը: Այդ պատճառով մարդիկ զոհվեցին: Նրա համար հասարակությունը «խոց» էր, որը խանգարում էր բնականոն զարգացմանը»,- գրում է «Вестника Кавказа»-ն՝ մեջբերելով ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հարցազրույցը: Միջազգային մամուլը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ «ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է և նրան ձերբակալելու որևէ հիմք և հիմնարար ապացույց չկա»: Ռ. Քոչարյանի կալանքի երկարաձգմանն անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը: |