ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարչապետը պարզաբանումներ է պահանջել Սրբուհի Ղազարյանից
22:25, 12.02.2019 | mamul.am
16145 | 1

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»:

Հիշեցնենք, որ Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հետևյալ հարցերն էր ուղղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝

Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:
Հավելենք, որ Սրբուհի Ղազարյանն իր այս գրառումն արդեն հեռացրել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր