Աստղագետներին հաջողվել է երկար տասնամյակների ջանքերի արդյունքում առաջին անգամ ստանալ սև խոռոչի իրական լուսանկարը: Event Horizon Telescope նախագիծը հայտարարել է, որ M87 անունով համաստեղությունում հայտնաբերված սև խոռոչը շատ ավելի մեծ է, քան մեր ամբողջ Արեգակնային համակարգը: Այն ստացել է «հրեշ» անվանումը: Պատկերը ստացվել է աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված 8 աստղադիտակների միջոցով, դիտարկումներն սկսել էին 2017-ի ապրիլին: Կանադացի գիտնական, նախագծի անդամ Էվերի Բրոդերիկը հայտարարել է, որ սև խոռոչի առաջին իրական լուսանկարը հաստատել է Էյշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը: «Այսօր հարաբերականության տեսությունն անցավ ևս մեկ նշանակալից փորձություն»,- ասել է նա՝ խոստովանելով, որ սկսելով նախագիծը, թիմը չգիտեր, թե ինչ կգտնի: Մինչ այսօր սև խոռոչների մասին պատկերացումները միայն տեսական էին, թեև՝ շատ համոզիչ: Հայտնի է, որ սև խոռոչի ձգողականության դաշտն այնքան հզոր է, որ դեպի իրեն է քաշում ամեն ինչ` թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից: |