ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ներկայացրեք այդ նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք». «Ժառանգության» բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
15:15, 15.04.2019 | mamul.am
3895 | 0

«Ժառանգություն» կուսակցության բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարևորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը: «Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության և իրազեկման սահմանադրական իրավունքի հետևողական պաշտպան, խնդրում ևպահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որը, ըստ ամենայնի, Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները: Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8-%-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում: Արդյունաբերությանը և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության և հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ: Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաև ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, և չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում: Ակնկալելով Ձեր պատասխանը՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները ևս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը և, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր