Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+17 °C, +12 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ազգային դիմագիծը՝ Լուսիկ Ագուլեցու աշխատանքներում․ ցուցադրություն՝ տուն-թանգարանում
15:15, 13.06.2019

Գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու նորաբաց թանգարանում ապրում է հայ ազգային հոգին, հայի կերպարային նկարագիրը։

Այստեղ իրար հետ համերաշխ ապրում են մի քանի դարաշրջաններ և լրացնում մեկը մյուսին՝ միասին ստեղծելով հայկական մշակույթի կոլորիտային պատկերը։

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը (լուսանկարը՝ թանգարանի ֆեյսբուքյան էջից)

Օրերս տուն-թանգարանում տեղի ունեցավ տարազների ցուցադրություն։ Այն հնի և նորի յուրօրինակ առճակատում էր՝ ժամանակակից մոտիվներով համեմված հայկական երաժշտությամբ և ոչ ստանդարտ մատուցմամբ։

Հատված՝ տարազի ցուցադրությունից

Այս անգամ ցուցադրվեցին ոչ թե Լուսիկ Ագուլեցու անձնական տարազները, որոնք նա կրել է երբևէ, այլ տարբեր ժամանակաշրջանի և տարածաշրջանի ազգային հագուստներ, որոնք վերստեղծել է Ագուլեցին դստեր՝ Աստղիկի հետ։ Դուստրը հիշում է․ Լուսիկ Ագուլեցին ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատում էր, համառորեն փնտրում էր անհրաժեշտ կտորը, զարդարանքը։

Մոկսի տարազի հարդարանքը (լուսանկարը՝ Mamul.am-ի)

Դստեր խոսքով՝ նա ցանկանում էր, որ ամեն ինչ համապատասխանի հին ոգուն՝ ստեղծելով նախորդ դարերի պատրանքը։

Լուսիկ Ագուլեցին դստեր՝ Աստղիկի հետ (2017-ի հոկտեմբեր)

Ցուցադրությանն ամեն մոդել ընտրված էր իր կերպարին համարժեք։

Տարազները խորհրդանշել են կնոջ սոցիալական, ընտանեկան կարգավիճակը, տարածաշրջանի պատկանելությունը։

Օրինակ՝ երևանյան տոնական տարազը շատ ավելի ազատ և անկաշկանդ տեսք ունի, Ագուլեցու դստեր խոսքով՝ Երևանի աղջիկը կարող էր մազերը արձակած շրջել։

Երևանյան տոնական տարազ (լուսանկարը՝ Mamul.am-ի)

Այլ է պատկերը, օրինակ, ղարաբաղյան տարազի դեպքում․ Ղարաբաղի նախշուն բաջին ոչ միայն չի արձակում մազերը, այլև՝ հաճախ թաքցնում է այն գլխաշորի միջոցով։

Ղարաբաղյան տարազը

Իսկ ամուսնացած կանայք, օրինակ, հիմնականում փակում էին ծնոտային հատվածը, հաճախ նաև՝ մազերը։

Տարազների առանձնահատկությունը պայմանավորված է նաև տարածաշրջանի բնակլիմայական պայմաններով, օրինակ, Մշո տարազը հիմնականում պատրաստված է բրդյա կտորեղենից։

Հագուստի կարևոր մասը զարդերն են, մասնավորապես՝ թանկարժեք մետաղներից պատրաստված գոտիները, որոնք սովորաբար նվիրում էին կողակիցները։

Գոտիներ (լուսանկարը՝ թանգարանի ֆեյսբուքյան էջից)

Զարդերը կնոջ կերպարում առանձնահատուկ տեղ ունեին։ Աստղիկ Սամվելյանի խոսքով՝ դրանք տարազի անբաժանելի մասն են, առանց զարդերի հագուստը հիմնականում անշուք է, չունի ողջ հմայքը և չի ընդգծում հագուստը կրողի գեղեցկությունը։

Հագուստի կոճգամ (լուսանկարը՝ թանգարանի ֆեյսբուքյան էջից)

Ագուլեցու դուստրը նշում է, որ կարելի է տարազ կրել նաև այսօր, կամ օգտագործել տարազի որոշ դետալներ․ «Օրինակ՝ երևանյան տարազի վերարկուն կարելի է կրել ժամանակակից ջինսե տաբատի հետ, այն շատ հետաքրքիր համադրություն է»,- ասում է նա։

Աստղիկ Սամվելյանը

«Taraz show» միջոցառման կազմակերպման գաղափարը թիմային է եղել։ Նպատակը՝ թանգարանի հագուստների օրինակները ցուցադրելն էր հենց թանգարանում, մարդկանց ծանոթացնելը հավաքածուի վերականգնված տարազների հետ, որոնք օրինակների հիման վրա ստեղծել է Լուսիկ Ագուլեցին։

Տարազի ցուցադրությունը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր