Հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գերմանաբնակ երաժիշտ Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը կներկայացվեն Ստեփան Գանտրալյանի հեղինակային երգերը՝ գրված վերջին 31 տարիների ընթացքում: Ստեփան Գանտրալյանը ծնվել է 1963-ին` Երևանում, արևմտահայ հայրենադարձների ընտանիքում։ 1980-ին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թատերական ռեժիսուրայի բաժնում: 1980–1982թթ. սովորել է նաև «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայում։ 1993–1998թթ. սովորել է Երևանի ազատ հումանիտար համալսարանում: 2007-ից մինչև օրս՝ որպես երգիչ-երգահան, հանդես է գալիս թե՛ Գերմանիայում և թե՛ արտերկրում՝ կատարելով բալլադներ, ռոմանսներ և շանսոններ ավելի քան 13 լեզուներով։ Երեկոյի ընթացքում իր մասնակցությունը կցուցաբերի նաև կոմպոզիտոր Սամվել Գանտրալյանը (կիթառ, դաշնամուր): Սամվել Գանտրալյանը 1985-1994թթ. սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում (ջութակ): 1994-1998թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (տեսական): 2001-2006թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիա): Մուտքն ազատ է: |