Օրեր առաջ բաց նամալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին էին դիմել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ-աշակերտների ծնողները:Նրանք պնդում էին, որ հունիսի 22-ին տեղի ունեցած քննության ժամանակ առաջադրանքի մեջ սխալ է թույլ տրվել, որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել, ինչի արդյունքում մեկական միավոր են կորցրել: Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ տարբերակի աշակերտների գնահատականները բարձրացվել են 1-ական միավորով, սակայն առաջին տարբերակի աշակերտների գնահատականները մնացել են նույնը: Ծնողները դրանում միտում էին տեսել, որի նպատակն այն է, որ երեխաները դուրս մնան դպրոցից. «Դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը»,-գրել էին նրանք: Ֆիզմաթ դպրոցի տնօրենը նշեց, որ առաջադրանքի սխալը տեղի է ունեցել իր մեղքով: «Ես եմ գրել այդ թեստերը, գիշերը մինչև ժամը 2-ն աշխատել եմ, բառի սխալ եմ թույլ տվել»: Հարցին, թե նախարարությունից իրենցի բացատրություն չե՞ն պահանջել, պատասխանատվության ենթարկել, Հ. Նավասարդյանն ասաց, որ բանավոր զրույց է ունեցել նախարարի հետ: «Նման սխալներ շատերն են թույլ տալիս, եթե ես պիտի պատժվեմ, թողպատժվեմ»,- նշեց նա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդաարյանը Mamul.am-ին հայտնեց, որ տնօրենից գրավոր բացատրություն է պահանջվել, այն ստանալուց հետո պարզ կդառնա, թե պատասխանատվության ինչ միջոցի են դիմելու: Դպրոցի տնօրենը անհասկանալի համարեց այն, որ ծնողները միմյանց հետ են կապել քննական գործընթացն ու շենքում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատության կողմից գործունեություն ծավալելը: «Ուսում» դպրոցը, որի տնօրենը ես եմ եղել ժամանակին, երբ ֆիզմաթ դպրոցի տնօրեն չէի, հիմա այո՜, այլ տնօրեն ունի՝ կինս է, դպրոցը մեծ վարկանիշ ունի: «Ուսում» դպրոցից ամեն տարի ընդհանուր հիմունքներով բավականին երեխաներ ընդունվում են ֆիզմաթ դպրոց: «Ուսում» դպրոցը ֆիզմաթի հանրակացարանային մասնաշենքում է, որտեղ սենյակների չափերը 25 քմ-անոց են են: «Ուսում» դպրոցը որպես մասնավոր դպրոց կարող է իրեն թույլ տալ 25 քմ-ի վրա տեղավորել մինչև14 երեխա: Պետական դպրոցը չի կարող 12 աշակերտով դասասենյակ պահել: Ես նախարարությանն ասել եմ, որ եթե պետական դպրոցին թույլ կտան 12 երեխայով դասարան բացել և կֆինանսովորեն, կարելի է մտածել՝ «Ուսում» դպրոցը որպես վարձակալ մնա՞ ֆիզմաթ դպրոցի շենքում՝ տարեկան 10 միլիոն դրամ գումար տալով, թե՞ ոչ: Մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե վաղը դպրոցը մեկ այլ տեղ գտնի ու դուրս գա, դասասենյակները մնում են ազատ: Դպրոցը տեղավորված է նաև Հր. Քոչարի, Բաբայան փողոցների վրա, մենք միշտ քաղաքապետարան դիմում ենք դպրոցին ազատ տարածքներ տան: Առայժմ հաջողության չենք հասել»,- ամփոփեց Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը: |