Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 28-ին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, հեթանոսական ծեսին համահունչ, միջոցառում է նախատեսվում: «Արորդիների Ուխտ» կազմակերպությունը մեր հայրենակիցներին ու Հայաստանը տեսնելու եկած օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին, ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու գեղեցիկ նախաձեռնությանը: Վարդավառը հեթանոսական ակունքներ ունի. այն նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Տոնին սիրահարները սիրո խոսքեր են շշնջում ու վարդաջուր ցողում միմյանց վրա, նաև՝ վարդեր նվիրում: Ընդունված է, որ վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում: Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Գրիգոր Համբարյանը և Արսեն Համբարյանը: |