Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել է առաջին հաշվետվությունը
10:25, 21.07.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել է առաջին հաշվետվությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ պատգամավորական գործունեության առաջին կիսամյակի հակիրճ հաշվետվությունը, որտեղ համառոտ կարող եք ծանոթանալ կատարված աշխատանքին։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ – ՔԱՂԱՔԱՑԻ

ԴԻՄՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ
Ստացել եմ գրավոր 43 և համացանցի միջոցով ավելի, քան 200 դիմում, որոնցից յուրաքանչյուրին ընթացք է տրվել։ Գրավոր դիմումների հիման վրա համապատասխան գրություններով դիմել եմ նախարարություններ, դատախազություն, ոստիկանություն և մի շարք այլ գերատեսչություններ։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Կատարել եմ 230 քաղաքացիների ընդունելություն Ազգային ժողովում և Լոռու մարզում՝ համայնքային այցելությունների ընթացքում:
Քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերաբերյալ գրություններով դիմել եմ համապատասխան մարմիններին, ինչպես նաև բարձրացված խնդիրները ներկայացրել եմ կառավարության հետ հարց ու պատասխանների ընթացքում։

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդես եմ եկել թվով 10 օրենսդրական նախաձեռնություններով և զեկուցումներով, որոնցից մի քանիսն ընդունվել են առաջին ընթերցմամբ, որոշները դեռևս շրջանառության մեջ են գտնվում։ Դրանք են՝

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ – առաջարկվում էր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո առողջական վիճակի համալիր հետազոտությունը և բժշկական փորձաքննությունը պարտադիր դարձնել: Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը։ – Մերժվել է։

2. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ – առաջարկվում էր Հայաստանի Հնարապետության պաշտպանության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված ծախսերը հատուցել հատուցման հիմնադրամի միջոցներից։ – Մերժվել է։

3. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը – առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվել այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը: Ընդունվել է առաջին ընթերցմամբ։

4. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ – առաջարկվում է՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապելու հանգամանքի մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է տեսակցողին: Ընդունվել է առաջին ընթերցմամբ։

5. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը – առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, ինչի արդյունքում հայցվորն անհարկի չի ծանրաբեռնվի միեւնույն փաստաթուղթը մեկ այլ գերատեսչություն ուղարկելու պահանջով, կազատվի անհարկի ֆինանսական եւ ժամանակային ծախսից: Ընդունվել է առաջին ընթերցմամբ։

6. Հայաստանի Հանրապետության քրեականդատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծ – որոշակիացվել է Վերաքննիչ քրեական դատարանի վերաքննիչ բողոքի վերադարձի և առանց քննության թողնելու հիմքերը: Ընդունվել է առաջին ընթերցմամբ։

7. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ – առաջարկվել է քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանել: Ընթացքում է։

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ -առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում որոշակիացնել դատարանների ենթակայության հարցերը։ Ընթացքում է։

9. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ – առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները: – Ընթացքում է։

10. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ – առաջարկվում է նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելը քրեականացնել: – Ընթացքում է

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2019թ-ի հունվարին որպես ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Բրյուսելում մասնակցել եմվեհաժողովի աշխատանքներին։Ընտրվել եմ ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականության փոխհամաձայնեցման կոմիտեի համանախագահ։Հանդես եմ եկել ելույթով Հայաստանի Հնարապետությունում հանրային ոլորտում թվային կառավարման համակարգերի ներդրման ձեռքբերումների մասին։

2019թ-ի մայիսին Շվեդիայի Լունդ քաղաքում՝ Լունդի համալսարանում, հայկական պատվիրակության կազմում մասնակցել եմ Եվրոպայի խորհրդի՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի(Վենետիկի հանձնաժողովի) նիստին։

2019թ-ի հուլիսին Դանիայում և Ֆինլանդիայում հանդիպումներ եմ ունեցել ԵԱՀԿ խորհրդրանական վեհաժողովում ներկայացված դանիական և ֆինլանդական պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Ներկայացրել եմ հայկական կողմի բացասական մոտեցումները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում շրջանառվող ադրբեջանամետ բանաձևի առանձին դրույնթների վերաբերյալ՝ խնդրելով քվեարկել բանաձևի կոնկրետ դրույթների փոփոխությունների օգտին։ Հայկական պատվիրակություններում ներգրավված մյուս պատգամավորների և այլ հայկական կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ ի վերջո ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հաջողվեց տապալել ադրբեջանամետ դրույթների ընդունումը և ընդունել հայկական կողմի համար ընդունելի բանաձև։

Հանդիսանում եմ մի շարք երկրների հետխորհրդարանական բարեկամական խմբերի անդամ՝ Ֆրանսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Հունաստան, Չեխիա, Աերիկայի Միացյալ Նահանգներ,Կանդա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչպես նաև հանդիսանում եմ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի նախագահը։

Հյուրընկալել եմ Հայաստանում Իռլանդիայի Հանրապետության պատվո հյուպատոս Ջոնաթան Սթարկին։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների լայնշրջանակ՝ համագործակցության չօգտագործված և հնարավոր ուղիները, խորհրդարանական վեհաժողովներում համագործակցելու առաջնահերթությունը, հայկական և իռլանդական սփյուռքների փոխգործակցության կարևորությունը, ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ միջավայրի ստեղծումը և մի շարք այլ կարևոր հարցեր»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր