ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը (FTK) հաստատել է Google-ի հետ համաձայնագիրը, համաձայն որի ընկերությունը պետք է վճարի մոտավորապես 200 միլիոն դոլար տուգանք՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը: Հրապարակման համաձայն՝ համաձայնագրին կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Google-ի նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2018 թվականին մի շարք հասարակական կազմակերպությունների՝ YouTube-ի դեմ բողոքի ակցիայից հետո: Փաստաթղթում նշվում էր, որ YouTube-ը խախտում է ԱՄՆ-ում գործող օրենքները, որոնք արգելում են երեխաների մասին տեղեկատվության հավաքումը` առանց ծնողների իմացության: Բողոքի ակցիայի հեղինակները նշել են, որ YouTube-ը գործնականում տեղեկատվություն է հավաքել օգտատերերի մասին, ներառյալ նրանց գտնվելու վայրը և հետաքրքրությունները: Դա արվել է այն գովազդների ընտրության համար, որոնք կհետաքրքրեին օգտատերերին: Այս պրակտիկան, ըստ հանձնաժողովի, կիրառվել է միլիոնավոր անչափահաս ամերիկացիների վրա, ովքեր օգտվել են YouTube-ից: Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչները ծնողներից թույլտվություն չեն հարցրել: Իրավապաշտպանները նշում են, որ Google-ը խախտել է օրենքը և պետք է վճարի միլիարդավոր դոլարներ: Հրապարակման համաձայն, YouTube-ը համաձայնվել է այլևս չցուցադրել գովազդներ անչափահասներին և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երեխաներին պաշտպանելու համար նման գովազդային նյութերից: Դեպքի առնչությամբ Google-ի և YouTube-ի դեմ դատական գործ չի հարուցվի: |